Աշխարհը սպասում է Բայդեն-Պուտին հեռախոսազրույցին։ Ուկրաինայի շուրջ ժամ առ ժամ հասունացող պատերազմական վտանգը այսօր դարձել է ողջ աշխարհի քննարկման հիմնական նյութը։ Փորձագետների ու քաղաքական գործիչների կարծիքով՝ սպասվելիք Ջո Բայդեն և Վլադիմիր Պուտին հեռախոսազրույցը կարևոր շրջադարձ է լինելու ճգնաժամի կարգավորման տեսանկյունից։ Կարճ ասած՝ կամ այս կողմ, կամ՝ այն։ Ի դեպ՝ հեռախոսազրույցի նախաձեռնությունը Վաշինգտոնինն է, և այդ մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Իսկապես, ամերիկյան կողմը մեզ գրավոր դիմել է նախագահ Պուտինի հետ զրուցելու խնդրանքով, վաղը (Մոսկվայի ժամանակով) երեկոյան ծրագրում ենք երկու նախագահների զրույցը»,- փետրվարի 11-ին ասել է Պեսկովը: Ասել է թե՝ ընդամենը ժամեր անց պարզ կդառնա՝ իրավիճակը գնում է լիցքաթափման, թե՞ ոչ։
Մինչ այդ բազմաթիվ պետությունների ղեկավարներ կոչ են արել իրենց քաղաքացիներին լքել Ուկրաինան կամ էլ չգնալ այդ երկիր։ «Ազատություն» ռադիոկայանը թվարկել է այդ երկրները։ Մասնավորապես՝ Կիևում Նիդերլանդների դեսպան Յենես դե Մոլը նախազգուշացրել է, որ «կենտրոնացված տարհանում չի նախատեսվում» և խորհուրդ է տվել հնարավորինս արագ հեռանալ Ուկրաինայից: Չերնոգորիայի արտաքին գերատեսչությունը ևս նման ուղերձով է հանդես եկել։ Հարավային Կորեան վտանգավորության «կարմիր աստիճան» է սահմանել Ուկրաինայի պարագայում և արգելել է ուղևորություններն այդ երկիր: «Ռուսաստանի ռազմական հզորության ավելացման հետևանքով Ուկրաինայում անկանխատեսելի իրավիճակ է ստեղծվել»,- իր հերթին հայտարարել է Ճապոնիայի կառավարությունը՝ արգելելով իր քաղաքացիներին ուղևորվել Ուկրաինա։ Իսրայելն էլ իր հերթին սկսել է Ուկրաինայից տարհանել իր դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին։ Այսօր արդեն Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնն է կոչ արել երկրի քաղաքացիներին լքել Ուկրաինան։ «Մենք հարգում ենք նրանց որոշումները, բայց մեր խորհուրդը նրանց շատ պարզ է. սա շատ վտանգավոր իրավիճակ է, և ձեր անվտանգության համար դուք պետք է փորձեք լքել Ուկրաինան», - ասել է վարչապետը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ևս ամերիկացիներին կոչ է արել չմեկնել Ուկրաինա, իսկ այդ երկրներում գտնվող իր քաղաքացիներին հորդորել է «հիմա հեռանալ»: Նա նշել է, թե «Իրավիճակը կարող է շատ արագ դուրս գալ վերահսկողությունից»։
Ուշագրավ ևս մի հրապարակում մեջբերենք։ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը ՆԱՏՕ-ի իրենց դաշնակիցներին տեղեկացրել է, որ առաջիկա չորեքշաբթի օրը՝ փետրվարի 16-ին, Ռուսաստանն արդեն կարող է սկսել իր ներխուժումն Ուկրաինա։ Այս մասին հրապարակմամբ է հանդես եկել Der Spiegel-ը, որը թարգմանաբար ներկայացրել է «Հետք»-ը։ Մեկ այլ հրապարակմամբ էլ՝ հայտնի է դարձել, թե Վաշինգտոնը դաշնակիցներին հայտնել է, որ ԱՄՆ-ն ենթադրում է՝ ներխուժմանը կարող են նախորդել հրթիռային հարվածներն ու կիբերհարձակումները։ Ի դեպ՝ փետրվարի 16-ի վերաբերյալ Լոնդոնն այլ հետախուզական տվյալների է տիրապետում։ Մեկ այլ վարկածով էլ՝ ներխուժումը կարող է սկսվել Պեկինում Օլիմպիական խաղերի ավարտից՝ փետրվարի 20-ից հետո։
«Անգլոսաքսերին պատերազմ է պետք», «Սա հիստերիա է»․ ահա այսպիսին է պաշտոնական Կրեմլի պատասխանը։ Մտքերի հեղինակը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան է։
Բոլոր դեպքերում ժամեր հետո կայանալիք հեռախոսազրույցը կկանխորոշի իրադարձությունների ընթացքը։
Պատրաստեց Գոհար Վեզիրյանը