Այսօր Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է: Մարդիկ հիշեցնում են դա՝ հրապարակելով նրա մտքերը, վերլուծությունները:
Բնականաբար, առաջին հերթին՝ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Իհարկե, նախորդ օրերին էլ էին դա անում: Հիմա շատ տարածված է նաև ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանից մեջբերումներ անելը:
Համացանցը հեղեղված է Լևոն Տեր-Պետրոսյանի և Վանո Սիրադեղյանի վերլուծություններով, հարցազրույցներով, տեսանյութերով:
Բայց մեզ ուրիշ բան է հետաքրքրում. դուք ուշադրություն դարձրե՞լ եք, որ միայն Լևոնից ու Վանոյից են մեջբերումներ անում: Ասում՝ նայեք, ժողովուրդ, այ սենց բաներ են ասել ժամանակին, այսպիսի տեսակետներ են հայտնել, հեռուն գնացող կանխատեսումներ արել և այլն:
Բա ո՞ւր են մնացածները: Էս ի՞նչ է, միայն Լևոն Տեր-Պետրոսյանն ու Վանո Սիրադեղյանն ե՞ն Արցախի հարցում դիրքորոշում հայտնել: Ու հանկարծ պարզվում է, որ այդպես էլ կա, մնացածները բան չեն ասել: Այսինքն, մի այնպիսի միտք, որ այսօր մեջբերեին, մարդկանց աչքը կոխեին, ասեին՝ խելոք բան ա ասել, ճիշտ էր, իմաստուն էր, զգուշացնում էր, սթափության կոչ էր անում: Ու դրանք այն մարդիկ են, որ 25 տարի Արցախը փրկում էին դավաճաններից, հող հանձնողներից, իրար հերթ չտալով՝ ազգին հայրենասիրության դասեր էին տալիս: Բա ինչո՞ւ Վազգեն Մանուկյանի, Ռոբերտ Քոչարյանի, Արկադի Ղուկասյանի, Գագիկ Ծառուկյանի, բյուրավոր դաշնակների մտքերը չեք տարածում.. Որովհետև ասելիք չեն ունեցել: Բացարձակ դատարկություն է: 25 տարի միայն քաղցր կենացներ ու բաժակաճառեր. «Ոչ մի թիզ թշնամուն» կարգախոսով: Էս ա, գնացեք, ամբողջ ինտերնետը քրքրեք, չեք գտնի մի բան, որ արժանի համարեք մարդկանց ներկայացնել:
Ու այս նույն մարդիկ փոխանակ պատմության աղբանոցի հասցեն ճշտեն, գնան, իրենց տեղը բրոնյա անեն, այսօր իշխանությունների հրաժարականն են պահանջում: Թե բա՝ Ղարաբաղը հանձնեց: Իրար հետ եք հանձնել: Էդ ի՞նչ է արել Նիկոլը, որ ձեր սրտով չի եղել: Ասել եք՝ ոչ մի թիզ թշնամուն, մարդը մինչև վերջին խազը դրանով էլ առաջնորդվեց, ասել եք՝ մենք Արցախի հարցը վաղուց ենք լուծել, նա էլ էր ասում, ասել եք՝ Լևոնը դավաճան էր, բան չի հասկանում, սա էլ էր ասում:
Ու այդպես, 20 տարի շարունակ, քայլ առ քայլ հանձնել եք Արցախը: Թշնամին պատրաստվում էր պատերազմի, դուք կենացներ եք ասել՝ ամենամարտունակ բանակի, Շուշին ու Քելբաջարը Լևոնից թաքուն գրավածների մասին:
Թշնամին նավթադոլարներ էր կուտակում, դուք ձեր մեջ մեդալներ ու պատմության գրքերում հիշատակվելու էջեր եք բաժանել:
Հիմա այս մարդիկ հերթական անգամ լծվել են իրենց վիրտուալ հայրենիքը փրկելու սուրբ գործին: Միտինգներ են անում: Լավ են անում: Այս քանի օրը հարյուրավոր ելույթներ են ունեցել հարթակից: Մարդու լեզուն էլ չի պտտվում, որ ասի՝ Ազատության հրապարակից: Այդքան ելույթ ունեցողներից գոնե մի հոգի ասե՞լ է՝ ժողովուրդ, Ղարաբաղի հարցը այսպես պետք է լուծվի: Որովհետև կասեն՝ բա որ այդպես պիտի լուծվեր, ինչի՞ ժամանակին չէիք լուծում: Կամ մեկն ասի՝ հայրենակիցներ, այ, ժամանակին ես այսպիսի լուծում էի առաջարկել, այսպիսի ծրագիր: Ոչ մի նման բան չեք գտնի:
2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ, Լևոն Տեր-Պետրոսյանը Պետրոս Ղազարյանի հյուրն էր: Հատ-հատ ներկայացրել է, թե խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը իրենց նախընտրական ծրագրերում ինչ դիրքորոշում ունեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Թե ով ինչպիսին է տեսնում հարցի լուծումը: Բացի ՀՀԿ-ից, մնացածները ոչ մի դիրքորոշում չեն ունեցել, մենակ կայֆոտ ցանկություններ են եղել: Դրա համար Սերժ Սարգսյանի անունը չհիշատակեցինք այսօր Նիկոլի հրաժարականը պահանջողների թվում, քանի որ նա ինչ-որ պահից հասկացել էր, որ հարցը պետք է լուծել, որ չլուծելը ավելի վատ հետևանքներ կարող է ունենալ, ու Ադրբեջանի հետ ինչ-որ համաձայնությունների էր: Լավրովի պլան էր, Կազանի, թե՝ Մադրիդի, էական չէ:
Դրա համար էլ Վանո Սիրադեղյանին ու Լևոն Տեր-Պետրոսյանին են հիշում և հիշատակում: Մնացածներին հիշելու առիթ չկա: