...

«Միսսուրի» գծանավի դասերը

«Միսսուրի» գծանավի դասերը

ՊԱՏԳԱՄ ՈՐՊԵՍ

Historia est magistra vitae (Պատմությունը կյանքի ուսուցիչն է), բայց այն ոչ մի բան չի սովորեցնում, այլ միայն պատժում է դասերի վատ իմացության համար: Այս իմաստուն միտքը անցյալ դարասկզբում հայտնել է ռուս ականավոր պատմաբան Վասիլի Կլյուչևսկին

Անցնող շաբաթ թերևս արժեր այս խոսքերը երկաթագրերով փորագրել ամենուրեք, քանի որ ճիշտ այսպիսի մի սեպտեմբերյան օր՝ 57 տարի առաջ, Հայաստանից շատ հեռու, Խաղաղ օվկիանոսում, ամերիկյան «Միսսուրի» գծանավի տախտակամածի վրա ստորագրվեց Ճապոնիայի կապիտուլյացիայի մասին բանաձևը: Այլ խոսքերով ասած, 57 տարի առաջ ավարտվեց Երկրորդ աշխարհամարտը, որը տևելով ավելի քան վեց տարի, դարձավ մոտ հիսուն միլիոն մարդկանց մահվան պատճառ, խեղեց հարյուր միլիոնավոր ճակատագրեր: 

Այս օրերին սովորաբար ընդունված է վերլուծել ֆաշիզմի առաջացման պատճառները, նախազգուշացնելով մարդկանց, որպեսզի թույլ չտան, որ դարչնագույն ժանտախտը ևս մեկ անգամ կրկնվի: Մենք ևս, սիրելի ընթերցող, կհետևենք ընդհանուր ավանդույթին: 

Ի՞նչ է ֆաշիզմը: Չգիտես ում թեթև ձեռքով վերջին տարիներին հրապարակ է նետվել լավ և վատ ֆաշիզմի մասին տեսությունը: Իբր թե Հիտլերը վատ ֆաշիստ էր, իսկ, ասենք, մեր հայրենական նացիոնալիստները, գլխավորապես նույն Հիտլերի հետ համագործակցությամբ իրենց արատավորած «հավատավոր ընկերները»՝ լավ: Ոչ, լավ ֆաշիստներ չեն լինում: Ֆաշիզմը նախևառաջ ազգային բացարձականության տեսությունն է: Եվ ամենևին էլ էական չէ արդյոք դրա հիմքը «ռասայի մաքրությո՞ւնն» է, թե՞ ցեղապաշտությունը: Ի դեպ, առաջին ցեղապաշտական ստեղծագործությունները գրվեցին հենց 1930-ական թթ. և արմատներով գնում էին ոչ թե մեր բազմաչարչար պատմություն, այլ դեպի հիտլերյան «Մայն Քամպֆ»: 

Ե՞րբ է հնարավոր դառնում նման գաղափարախոսության պոպուլյարիզացիան: Տարածված կարծիքը պնդում է, որ ազգայնամոլությունը բնական պատասխան է վիրավորված ազգային արժանապատվության: Առաջին հայացքից սա ճիշտ է, քանի որ II աշխարհամարտի գլխավոր հրձիգ ֆաշիստական Գերմանիան պարտվել և անարգանքի սյանն էր գամվել 1918 թվականին: Հայ ազգայնամոլները հիշում են 1.5 միլիոն անմեղ զոհերին և պատմական արդարության վերականգնման անհրաժեշտությունը: Բայց չմոռանանք, ընթերցող, որ և Իտալիան, և Ճապոնիան Առաջին աշխարհամարտում պատերազմում էին Անտանտի ճամբարում և պատերազմից դուրս եկան ինչ-ինչ ձեռքբերումներով: Թեև պետք է նշել, որ այդ ձեռքբերումները ակնկալիքներից քիչ էին: Այնպես որ, այդ երկրների գլուխ կանգնած պարոնները նախընտրեցին առասպելական կայսրությունները, ճիշտ այնպես, ինչպես մերոնք ծովից ծով հիպոթետիկ հայրենիքի համար պատրաստ են հարվածի տակ դնել ազատագրված Արցախը և վտանգի ենթարկել Ջավախքի բնակչությանը: Հետևաբար ազգային արժանապատվության վերականգնման անհրաժեշտության վկայակոչումը օրինաչափ չէ: Ազգային արժանապատվությունը տվյալ պարագայում լոկ շահարկման առարկա էր: 

Պատերազմից հետո ավերված երկրներում պարարտ հող էր ստեղծվել, որպեսզի նախկին ֆեոդալական ընտանիքները կարողանան մոնոպոլիզացնել տնտեսության բոլոր ճյուղերը: Մոտավորապես այնպես, ինչպես մերօրյա Հայաստանում նախկին կոմունիստական նոմենկլատուրայի միջին խավը (այսինքն, տարբեր տեսակի պարտկոմները, ավագ հրահանգիչները և կրտսեր վերահսկիչները) փորձեց (և բավականաչափ հաջող) իր թաթը դնել տնտեսության վրա: Եվրոպայում ֆեոդալները արագ լեզու գտան նացիստական կուսակցական վերնախավի հետ: Ինչ եղավ Հայաստանում վերջին երկու-երեք տարիների ընթացքում, ընթերցողն ավելի լավ գիտի: Ստեղծվեց տիպիկ սոցիալիստական հասարակարգ և, ինչպես ցանկացած սոցիալիզմ, նացիոնալ-սոցիալիզմը նախ և առաջ ֆեոդալիզմ էր: Տարրական ֆեոդալիզմ՝ իր բոլոր հատկանշական գծերով. ֆեոդալական արիստոկրատիայի ձևավորումով, արտատնտեսական պարտադրման մեխանիզմներով (Եվրոպայում դա նացիստական գաղափարախոսությունն էր, Ճապոնիայում՝ հանուն կայսրի մեռնելու գաղափարը, իսկ մերօրյա Հայաստանում դա պարզապես կոչվում է «կռիշ»): 

Ձևավորված ֆեոդալական ընտանիքներն ինչ-որ տեղ հիշեցնում էին հայաստանյան կլանները և առաջին հերթին, այսպես կոչված, «ղարաբաղյան» կլանը: Այսպես կոչված, որովհետև այն ոչ մի կապ չունի խեղճ ու կրակ ղարաբաղցիների հետ, որոնք դժբախտություն են ունեցել առաջինը իրենց կաշվի վրա զգալ մեր նորօրյա ֆեոդալների իշխանությունը, սկսած Կևորկովներից և նրանց օգնականներից: Արտասահմանում այս ամենի վերջը դրվեց 57 տարի առաջ «Միսսուրի» գծանավի տախտակամածի վրա: 

Իսկ որքա~ն հաճելի էր սկսվում այս ամենը՝ ազգային բացարձականություն, ընտրյալ ժողովուրդ, ջահերով երթեր (ականջներդ կանչեն, դաշնակներ): Բայց «Միսսուրի» գծանավի համազարկը Տոկիոյի ուղղությամբ վերջ դրեց այդ ազգայնամոլական իդիլիային... Որպես դաս սերունդներին: 

Ա. Ալեքսանյան 

«Չորրորդ իշխանություն», թիվ 386, սեպտեմբերի 6, 2002 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   341 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ