Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է. «Վերջին շրջանում ոստիկանության կողմից զանգվածաբար իրականացվող վարչական ձերբակալումները խորը մտահոգության տեղիք են տալիս։
Դրանց վերլուծությունը ի ցույց է դնում, որ դրանք ապօրինի են իրականացվում, ինչի մասին թերևս Դուք տեղյակ չեք: Իսկ քանի որ օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից, ստիպված եմ բաց նամակով տեղեկացնել Ձեզ խնդրո առարկա իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորումների մասին»:
«ՉԻ». Չմեռանք, դա էլ տեսանք, որ Դավիթ Հարությունյանը վարչական ձերբակալումների առթիվ մտահոգություն է հայտնում:
Ներկայիս սերունդը գուցե այնքան էլ տեղյակ չլինի, որ ահա այսօրվա դատական համակարգը՝ իր կոռումպացված դատավորներով, Դավիթ Հարությունյանի ստեղծագործության արդյունքն է: Քոչարյանի ամենասիրելի կադրերից մեկը այնպիսի դատական համակարգ էր սարքել, որն իշխանությունների ձեռքում ռեպրեսիվ իդեալական մեքենա էր դարձել:
Շատերը երևի չգիտեն, որ Քոչարյանի օրոք նույնիսկ երկու հոգանոց պիկետը, ակցիան, բռնելն ավարտվում էր նրանով, որ այդ ակտիվիստներին տանում էին ոստիկանություն, բնականաբար՝ ծեծելով, հետո քաղմասում էին ծեծում, հետո նրանց նվազագույնը վարչականի տակ էին դնում, ու դա դեռ էժան էին պրծնում, որովհետև շատերին պարզապես քրեական հոդվածներով էին դատում: Ու թող փորձեր մի դատավոր հանկարծ չկատարեր իշխանությունների հրամանները. Դավիթ Հարությունյանը մի օրում նրա հարցերը կլուծեր:
Ասում էին՝ Դավիթ Հարությունյանը շնորհաշատ երեխա է եղել: Վունդերկինդ: Որ արդարադատության նախարար դարձավ, անունը դրեցին «Մունդառկինդ»:
Մենք 2,5 տարի Նիկոլին սա էինք բացատրում, որ պետք է ձերբազատվել Դավիթ Հարությունյանի ժառանգությունից, նրա ներդրած ու աճեցրած դատավորներից, որոնց խղճին հարյուրավոր քաղբանտարկյալներ ու սեփականությունից զրկված քաղաքացիներ են: Չարեց: Դրա համար էլ Դավիթ Էդոնիսի Հարությունյանը հիմա ապօրինություններից է խոսում: Գուցե ճիշտ է խոսում, բայց դե, ինքը չպիտի խոսեր: