«Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանի հետ որպես կամավոր առաջնագիծ էր մեկնել Արցախյան առաջին պատերազմի կին մասնակից, ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը։ Սուսաննան զոհվել է Ջերմուկի հատվածում ընթացող մարտերի ժամանակ։ Շաբաթ օրը նրա հոգեհանգիստն է լինելու։
Մարդիկ, որոնք անընդհատ պայքարի հրապարակներում են եղել, հաստատապես ճանաչում են ազատամարտիկ տիկնոջը։ Հիմնականում զինվորական համազգեստով էր։ Չգիտեմ, նրան հուսահատ կամ ընկճված տեսնողներ եղե՞լ են, թե ոչ։ Միշտ պայքարի հրապարակներում էր։ Մեկ-մեկ կորում էր, հետո նորից հայտնվում ու ոգևորված պատմում, թե որ զորամաս է գնացել, ում հետ է հանդիպել ու ինչ խոսել տղաների հետ։
Երեք օր առաջ Ուկրաինայից ԱՄՆ տեղեփոխված ուսանողները՝ ազգությամբ հայեր, մի տեսակ ամաչելով պատմում էին, որ երբ մի ողջ շենք են էվակուացրել Կիևում, հարյուրավոր ընտանիքներից ընդամենը 23 ընտանիք է համաձայնել լքել իր տունը։ Մեծամասնությունը՝ հայեր։ Պատմում են, որ մինչ իրենք տան իրերն են փորձել տեղավորել մեքենաների մեջ, ուկրաինացի տղամարդիկ բակում կանգնած իրենց ավտոմեքենաներից բենզինն են դատարկելիս եղել՝ մոլոտովյան կոկտեյլներ պատրաստելու համար։ Պատմում են, որ հարևան-տղամարդիկ իրենց բարի ճանապարհ են մաղթել՝ կատակելով, թե դուք տնվոր էիք, բայց սա մեր տունն է՝ գնալու տեղ չունենք։ Իմ հարցին՝ բա կին-հարևանուհիները ի՞նչ էին անում, ասում են՝ երախաներին բացատրում էին, թե ինչպես օգնեն հայրերին և մոլոտովյան կոկտեյլները ներքևից վերև բարձացնեն։ Հետո մյուսն ավելացնում է, թե իրենց շենքից որոշները երեխաներին տատիկ-պապիկների հետ ուղարկել են արվարձաններ, իսկ իրենք մնացել են, որ կռվեն։
Չգիտենք՝ Սուսաննայի նման քանիսն են հիմա առաջնագծում։ Գերիների մեջ կա՞ն կանայք, թե ոչ։ Նրանք երեխաներ ունե՞ն, եթե այո՝ գիտե՞ն արդյոք նրանց երեխաները ինչն-ինչոց է։ Շատերս էլ շատ բան չգիտենք, որովհետև այդ կանայք «Էրատո» ջոկատից չեն, նրանց ծառայողական մեքենաներով չեն տարել ու տանում դիրքեր ֆոտոսեսիաների, հետո հետ բերում՝ տաքուկ հյուրանոցային համարներում գինի վայելելու։
Նրանք լուռ են, և նրանց մասին մենք իմանում ենք, երբ մահվան բոթն է տեղ հասնում։
Գոհար Վեզիրյան