...

Նախագահի ուղերձը. ընտրություններ. Огласите весь список, пожалуйста

Նախագահի ուղերձը. ընտրություններ. Огласите весь список, пожалуйста

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ՝ ուշ երեկոյան, հանդես եկավ ուղերձով: 

Սպասելի՞ էր, որ նա կառաջարկի արտահերթ ընտրություններ անցկացնել երկրում: Այո՛: Սա, կարծես, բոլորն են հասկանում: Պատերազմում պարտվել ենք, հասարակական տրամադրությունների փոփոխությունն ակնհայտ է: Շատերն են հասկանում, որ ընտրությունների հետաձգման պատճառաբանությունները, տարատեսակ արդարացումներն ընկալվում են որպես իշխանությունը պահելու փորձ: 

Անշուշտ, ոմանք պնդում են, թե այս հուզական պահին ընտրությունների անցկացումը նպատակահարմար չէ: Նշենք, սակայն, որ 2 տարի առաջ էլ համոզում էին, թե էյֆորիայի պայմաններում իշխանություն ընտրել չի կարելի...
Այնուամենայնիվ, պարզ է, որ ընտրությունները երկար ժամանակ են պահանջում, մեկ-երկու օրում հարցը լուծել չենք կարող, իսկ Հայաստանի համար օրհասական է ամեն վայրկյանը: Հայաստանը պետք է օրինակարգ իշխանություն ունենա, որովհետև մեզ ծանր փորձություններ են սպասվում: Սա միայն հուզական պահ չէ: Մեր երկիրը չափազանց դժվար վիճակում է հայտնվել: Ճշմարտության աչքերին նայելով՝ պետք է խոստովանենք, որ պարտվել ենք բոլոր ասպարեզներում: Իսկ անիշխանությունը կարող է բերել ավելի ծանր հետևանքներ: 

Ի՞նչ է առաջարկում Արմեն Սարգսյանը, որպեսզի երկրում չլինի անիշխանություն: Ահա նրա ուղերձի այդ հատվածը.

«Կնախատեսվեն համապատասխան սահմանադրական գործընթացների նախաձեռնման ժամկետներ, որոնց արդյունքում հնարավոր կդառնա իրականացնել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, իսկ մինչ այդ կառավարումը կհանձնվի բարձր որակավորում ունեցող Ազգային համաձայնության կառավարությանը»: Ուրեմն մինչև Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացումը Հայաստանի կառավարումը պետք է հանձնենք «բարձր որակավորում ունեցող Ազգային համաձայնության կառավարությանը»: Վիճելի՞ է: Այո՛: Բայց ոչ խնդրի սահմանադրականությունը, որովհետև այսպիսի փորձ Հայաստանն արդեն ունի: 2018 թվականի մայիսին նախկին իշխանությունը, չհեռանալով ԱԺ-ից, կառավարումը հանձնեց հեղափոխական ուժին: Սահմանադրական կարգը չխախտվեց: Ուրեմն այսօրվա Ազգային ժողովը նույնպես կարող է նման որոշում ընդունել: Հարցը, սակայն, «բարձր որակավորում ունեցող Ազգային համաձայնության կառավարության» կազմին է վերաբերում: Ո՞ւմ եք պատկերացնում այս կազմում՝ 17 կամ 16 ուժերի ներկայացուցիչների՞ն, որոնք ներկայանում են որպես ընդդիմություն, թե՞ ապաքաղաքական ինչ-որ անձանց, որոնք, չենք կասկածում, կլինեն այս կամ այն ուժի համակիրները, ավելի ճիշտ՝ դրածոները:

Ի՞նչ քաղաքական միտք կամ գաղափար են սրանք մեզ ներկայացրել, բացի «ոչմիթիզականությունից»: Ինչո՞վ են տարբերվում ներկա իշխանությունից: Պատասխանենք՝ ոչնչով: Ո՞վ է որոշելու այս իսկապես օրհասական պահին Հայաստանի կառավարիչների կազմը: Եվ վերջապես, այդ կառավարիչները կարողանալո՞ւ են որոշումներ ընդունել: 

Սա կարևոր է, շատ կարևոր: Հետևաբար արագ պետք է հստակեցնել ամեն ինչ: Ժամանակ չունենք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1232 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ