...

«Նազիկ» պոչամբարը ռեկուլտիվացման կարիք ունի

«Նազիկ» պոչամբարը ռեկուլտիվացման կարիք ունի

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Ախթալա համայնքում առկա թափոնակույտերի խնդրի ուսումնասիրման համար աշխատանքային խումբ ստեղծելու անհրաժեշտություն այս պահին չի տեսնում։ Այս պատասխանն է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տվել՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանի՝ թափոնակույտերի խնդրի ուսումնասիրման համար աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկին։

Օլեգ Դուլգարյանը «Facebook» սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ պատասխան գրությունում հայտնել են, որ 2018-2019թթ. շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվել է ՀՀ տարածքի ընդերքօգտագործման թափոնների լքված տեղամասերի, փակված պոչամբարների ուսումնասիրություն, թափոնների և հողային զանգվածի նմուշառում: Աշխատանքները ներառել են նաև «Նազիկ» փակված պոչամբարը և այդ շրջակայքում կուտակված թափոնները: «Նազիկ» պոչամբարի տարածքի հողային ծածկույթից վերցված նմուշներում արձանագրվել են վանադիումի, քրոմի, նիկելի, պղնձի, մկնդեղի և կապարի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների գերազանցումներ։

Օլեգ Դուլգարյանի համար ուրախացնող է այն հանգամանքը, որ նախարարությունը հաստատում է՝ «Նազիկ» պոչամբարն ունի ռեկուլտիվացման կարիք։ Սա վերջ կդնի այն անհիմն պնդումներին, որ «Նազիկն» այլևս ռեկուլտիվացված է և շրջակա միջավայրին վնաս չի պատճառում։

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահն այս ամենի վերաբերյալ «ՉԻ»-ի հետ զրույցում մի քանի դիտարկումներ է արել․

«Ախթալայում իրականացված ուսումնասիրությունները մենք համարում ենք մասնակի, քանզի ուսումնասիրվել են հիմնականում արդեն իսկ նախկինում ֆիքսված թափոնակույտերը, որոնք առաջացել են օրինական շահագործման արդյունքում, սակայն տարածքում առկա են տարբեր ժամանակներում առանց թույլտվությունների ոչ նախատեսված տարածքներում առաջացած թափոնակույտեր, ու դրանց թիվը բավականաչափ շատ է, ուստի, առկա է հավելյալ ուսումնասիրությունների կարիք։ Դիմել ենք որպես շահագրգիռ կազմակերպություն, որպեսզի համախմբենք բոլոր շահագրգիռ կողմերին այդ խնդիրների լուծման շուրջ , որպեսզի համատեղ ուժերով փորձենք գտնել այդ խնդիրների լուծման ուղիները և ակնկալում ենք ֆինանսական աջակցություն այս հարցում առաջին հերթին պետությունից»։

Նշենք, որ Շրջակա միջավայրի նախարարությունը 2019 թվականին իրականացրել է հանքարդյունահանման թափոնակույտերի գույքագրում, այդ թվում՝ նաև Լոռու մարզում:

Ֆինանսների առկայության դեպքում նախատեսել են իրականացնել գույքագրված թափոնակույտերի ռեկուլտիվացիա։

Օլեգ Դուլգարյանը նկատում է՝ Ախթալայի ձորերը տասնամյակներ շարունակ լցվել են հանքարդյունաբերական թափոններով: Այն մաքրելու անհրաժեշտությունն օրակարգային է դարձել: Իրենք շարունակելու են Ախթալա և հարևան համայնքները թափոնակույտերից մաքրելու խնդիրների բարձրաձայնումը։

ՎԱՐԿԱՆԻՇ

   1140 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ