Մինչ հայ ժողովուրդը և քրիստոնյա աշխարհը երեկ ճրագալույցի երեկոն էր տոնում՝ Նիկոլ Փաշինյանը ստատուսների նոր թեմա էր գտել։ Սկսենք սկզբից։
Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաևը ԱԽ նիստ էր անցկացրել, որում հանդես էր եկել նոր ուղերձով։ Մասնավորապես՝ նա դիմել էր ՀԱՊԿ-ի գործընկերներին՝ նրանցից ռազմական օգնություն խնդրելով։ «Տվյալ ահաբեկչական խմբերը միջազգային են, լուրջ վերապատրաստում են անցել արտերկրում, և նրանց հարձակումը Ղազախստանի վրա կարելի է և պետք է դիտարկել որպես ագրեսիա: Այս առնչությամբ՝ հիմնվելով Հավաքական անվտանգության մասին պայմանագրի վրա, այսօր ես դիմեցի ՀԱՊԿ ղեկավարներին՝ աջակցելու Ղազախստանին ահաբեկչական այս սպառնալիքի հաղթահարման հարցում։ Իրականում սա ոչ թե սպառնալիք է, այլ տարածքային ամբողջականության խարխլում»,- հայտարարել էր նա։
Դրանից հետո՝ կեսգիշերին մոտ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրեց․ «Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևի հետ: Հաշվի առնելով Ղազախստանի նախագահի դիմումը, ով ակնկալում է ՀԱՊԿ աջակցությունը Ղազախստանում հաստատված իրավիճակը հաղթահարելու հարցում, որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ անհապաղ խորհրդակցություններ եմ սկսում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ»։ Մինչ Փաշինյանի՝ «խորհրդակցություններ եմ սկսում» արտահայտության վրա ֆեյսբուքահայերը զվարճանում ու կոմիքսներ էին ստեղծում, Փաշինյանը հանդես եկավ երկրորդ գրառմամբ։ Արդեն այսօր գիշեր նա տեղեկացրեց․ «Ղազախստանի հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևի դիմումի հիման վրա և Ղազախստանի ազգային անվտանգությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում արտաքին միջամտության արդյունքում, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով»։
Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը շատ արագ արձագանքներ հետևեցին։ Գրեթե բոլորը՝ բացասական։ Շատերը հիշեցրին Փաշինյանին, որ 44-օրյա պատերազմի ժամանակ նա մնաց՝ սպասելով ՀԱՊԿ-ի միջամտությանը։ Ամեն անգամ համապատասխան ձևաթղթերը սխալ լրացնելու կամ տեխնիկական այլ պատճառներով՝ Փաշինյանին ՀԱՊԿ-ի անդամ պետությունները հեռուն ուղարկեցին։ Ոմանք այդպես էլ չէին հասկացել, թե օրինակ՝ ո՞ր երկիրն է հարձակվել Ղազախստանի վրա և ո՞ր երկիրն է այս պահին դիտարկվում թշնամական կողմ, որը փորձում է ագրեսիայի ենթարկել ՀԱՊԿ անդամին։ Քիչ չէին դիտարկումներն այն մասին, որ Փաշինյանը իրավունք չունի զորք ուղարկելու այնտեղ, որտեղ ժողովրդավարական արժեքներն ու մարդու իրավունքները ոտնահարվել են տասնամյակներ շարունակ։ Հակահեղափոխականներն էլ ծաղրում էին Փաշինյանին ու նրա հեղափոխական ընկերներին՝ ընդգծելով, որ վարչապետը դավաճանում է նաև հեղափոխական արժեքներին և փաստացի զորք է ուղարկում այն պետության քաղաքացիների դեմ, որտեղ ընդդիմադիրները հայտարարել են հեղափոխությունն ավարտին հասցնելու ծրագրի մասին։
Ի դեպ՝ Փաշինյանի գրառումը բավականին քիչ լայքեր էր հավաքել, դրանց մեծ մասն էլ կայքն արտահայտել էր ջղային սմայլիկով։ Ֆեյսբուքահայերից շատերը կիսվել էին այս ինֆորմացիայով՝ «թագ անելով» Նիկոլ Փաշինյանին՝ փորձելով սթափեցնել վարչապետին։ Սպասենք նոր գրառումների։
Գոհար Վեզիրյան