«Այսօր հաստատված գերիների 90 և ավելի տոկոսը գերեվարվել են ռուս խաղաղապահների տեղակայումից հետո և նրանց պատասխանատվության գոտում։ Սա սկզբունքային հարց է, և մենք առաջին հերթին, և ՌԴ-ն ու միջազգային հանրությունը պետք է լրացուցիչ ջանքեր գործադրեն, որպեսզի ապահովենք մեր գերեվարված եղբայրների վերադարձը»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև հավելել է, որ գերիներին չվերադարձնելու քաղաքականությունը նպատակ ունի վարկաբեկել ԼՂ-ում և Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահների գործունեությունը։ Սա երեկ է տեղի ունեցել։
Այսօր արդեն լրատվամիջոցները տեղեկացրին, որ վաղ առավոտից Խծաբերդում գերեվարվածների հարազատները բողոքի ցույց են անում Գյումրիում ռուսական հյուպատոսարանի շենքի դիմաց։ «Aravot.am»-ի փոխանցմամբ՝ Գյումրիում բողոքի դուրս եկած ծնողները «Վերադարձրեք տղաներին», «Ո՞ւր էիք ռուս խաղաղապահներ» վերտառությամբ ցուցապաստառներով ռուսական կողմից պահանջում են վերադարձնել գերիներին։ «Ըստ նրանց, տղաները գերեվարվել են ռուս խաղաղապահների քթի տակից, հետևաբար և ռուսական կողմն է պարտավոր անհապաղ ազատ արձակել տալ գերիներին»,- տեղեկացրել է կայքի թղթակիցը։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գերի են ընկել, Փաշինյանը ուղիղ հայտարարել է, որ դա տեղի է ունեցել ռուս խաղաղապահների տեղակայումից հետո, ծնողներն էլ որոշել են գնալ ու ռուսներից պահանջել վերադարձնել տղաներին։ Ուրիշ մեկը ամոթից գետինը կմտներ, եթե իր երկրի քաղաքացին իրենից ոչինչ չպահանջեր ու գնար իր ասելիքը այլ երկրի առաջ դներ։ Այն էլ այսպիսի կարևոր ու զգայուն հարցի պարագայում։ Ամոթը մի կողմ, իսկ Փաշինյանին մոտիվացնողը սադրանքն է։ Փաշինյանի սադրիչ հայտարարությունները մեկ անգամ չէ, որ նման կրքեր են բորբոքել։ Հիմա էլ նույնն է անում՝ իբր մի գնդակով մի քանի նապաստակ խփելով.
- նախ հարվածի սլաքներն իր վրայից ուղղում է խաղաղապահների կողմը,
- ռուսներին ցուցադրում է, որ նրանց ներկայությունը հայ ժողովուրդը այնքան էլ չի ողջունում,
- արևմտյան ուժերին սպասարկող ուժերին քարտ բլանշ է տալիս՝ մոտակա օրերին զառանցելու, ապա գեներացնելու «ռուսներն են մեղավոր» տեսակետը։
Գոհար Վեզիրյան