...

Նիկոլ Փաշինյանը՝ խիստ մոտավոր թվերով

Նիկոլ Փաշինյանը՝ խիստ մոտավոր թվերով

«Այսօրվա դրությամբ մեր հաստատված զոհերի թիվը 135 է, բայց ցավոք մենք գիտենք, որ այդ թիվը դեռևս վերջնական չէ: Ունենք նաև բազմաթիվ վիրավորներ»,- Կառավարության նիստին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անուններ չեն հրապարակվել, ներկայացված թիվն էլ խիստ մոտավոր է։ Խնայելով թաքցնո՞ւմ են իրականությունը, թե՞ համակարգն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում հաշվվել։ Ի դեպ՝ սոցիալական մեդիայում, ինչպես նաև լրատվամիջոցներում չկա լուսանկաների ու պատմությունների այն հեղեղը, որը Արցախի պատերազմի ժամանակ էր։ Երեկ ծնողներից մեկը՝ հայրը տեսանյութ էր հրապարակել՝ գրելով, որ կադրում երևացող վերջին գերվարված զինվորը՝ որդին է։ Գրառման ներքո մարդիկ երկու խմբի էին բաժանվել։ Մի մասը ասում էր՝ փառք Աստծո, ուրախացեք, ողջ է, մյուս մասը բավականին կոպիտ բառապաշարով պահանջում էր գերեվարված զինվորի հորից հեռացնել տեսանյութը, որպեսզի այլոց չվտանգեն։ Իսկ հայրը միայն մի բան էր գրել՝ օգնեք գտնեմ-վերադարձնեմ տղայիս։

Մեկ այլ օրինակ․ Aravot.am-ը տեղեկացրել էր, որ երեկ Սյունիքի մարզի Ներքին Հանդի տարածքում տեղի է ունեցել գերիների փոխանակում։ Ադրբեջանական կողմը հայկական կողմին փոխանցել է երկու գերիներից մեկին՝ ԱԻՆ աշխատակցին։ ԱԻՆ փրկարար ծառայողները խմբով գնացել են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածք՝ դիեր վերադարձնելու, խմբի մի մասը վերադարձել էր, իսկ փրկարար ծառայողներից մեկի հետ երկար ժամանակ հնարավոր չէր եղել կապ հաստատել։ Գերիների փոխանակման բանակցությունները, ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի և ռուսական կողմի հետ միասին, հիմնականում վարել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը։ Ըստ հրապարակման՝ Սյունիքի մարզպետը սեպտեմբերի 13-ից սահմանային գոտում է և համակարգում է աշխատանքները։ Մանվել Փարամազյանը իր կամավորական ջոկատով նույնպես Ներքին Հանդի տարածաշրջանում է։

Ամեն մեկն անում է այն, ինչ կարողանում է։ Իշխանությունն էլ կարողանում է մոտավոր, խիստ մոտավոր թվեր ասել ու ցրցամ տալ, թե դա վերջնական չէ։

Գոհար Վեզիրյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ