...

Նիկոլի «պրավդան» և նախապատրաստվող «մեծ չիստկան»

Նիկոլի «պրավդան» և նախապատրաստվող «մեծ չիստկան»

Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը մի մեծ հոդված է տպագրել այն մասին, որ պետական համակարգը դեռևս շարունակում է դիմադրել «հեղափոխության արժեքներին», և «դեռևս չկոտրված, դեռևս թպրտացող» այդ դիմադրությունը վարչապետին թույլ չի տալիս կատարել հեղափոխական խոստումները, ինչն էլ «հիասթափություն է հարուցում հանրության շրջանում»։ 

Խոսքը, բնականաբար, «ոչ մի մուկ և ոչ մի ձուկ չի պլստալու» և «թալանը քյաբաբ առ քյաբաբ վերադարձնելու ենք» խոստումների մասին է։ Ընդ որում՝ վստահաբար «Հավաստի Աղբյուրի» հետ համաձայնեցված հոդվածում նաև կոնկրետ օրինակներ են բերվում։ Թե ինչպես իրավապահ մարմինների կասկածելի գործունեության արդյունքում «պլստացին» ու Հայաստանից փախան Սամվել Մայրապետյանը, «Քեթրինի Միհրանը», Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, «Սերժի Վաչոն», պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը և այլն, ընդ որում՝ վերջինս կարողացավ անգամ իր ունեցած-չունեցածը վաճառել (հետաքրքիր է՝ ինչո՞ւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի անունները չեն հիշատակվում)․․․ Որպես հեղափոխության արժեքներին դիմադրելու «ցցուն օրինակ» է նշվում նաև Մացոյի՝ հակակոռուպցիոն դատարանի դատավոր ընտրվելու փաստը, և հատուկ շեշտվում է, որ նրա օգտին քվեարկած ԲԴԽ անդամների մեծ մասն այդ պաշտոնը ստանձնել է հեղափոխությունից հետո։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե այս հրապարակմամբ Նիկոլ Փաշինյանն ընդամենը հերթական անգամ փորձում է իր ձախողումների համար այլ մեղավորներ գտնել ու դա անում է «բարի ցար, չար բոյարներ» սխեմայով։ Բայց դա կարող է ազդել միայն պարզունակ ուղեղների վրա, որովհետև փոքրիշատե տրամաբանող մարդիկ, այդ ամենը կարդալով, ոչ թե կխղճան «դավաճաններով շրջապատված ազնիվ վարչապետին», այլ կարձանագրեն, որ նա բացարձակապես չի տիրապետում իրավիճակին, չի կարողանում վերահսկել անգամ սեփական թիմին, հետևաբար՝ պիտի օր առաջ թողնի պաշտոնը։ Եվ իսկապես էլ, եթե իրավապահ մարմինների և ուժային կառույցների՝ քո իսկ նշանակած ղեկավարները կասկածելի սխեմաներով «պլստացնում են» հանցագործներին, իսկ քո «սրտի օլիգարխները» քո թիկունքում կասկածելի գործարքների մեջ են մտնում նրանց հետ, ուրեմն դու պետության ղեկավարի աթոռին անելիք չունես։

Բայց լրատվամիջոցի սեփականատեր վարչապետն ակնհայտորեն քարոզչական այլ արդյունք է ակնկալում։ Նրա կարծիքով՝ հասարակությունը կկարդա դա և կեզրակացնի, որ փաստորեն Հայաստանում ոչ Ոստիկանությանն է կարելի վստահել, ոչ ԱԱԾ-ին, ոչ դատարաններին, ոչ ԲԴԽ-ին, որովհետև դրանք «դեռևս թպրտացող» պոտենցիալ հանցագործներ են, իսկ վստահել կարելի է միայն վարչապետին։ Այդպիսով, ըստ «Հավաստի Աղբյուրի», Նիկոլ Փաշինյանը պիտի լեգիտիմ իրավունք ստանա բառիս բուն իմաստով քարուքանդ անել բոլոր այդ «թաքնված հակահեղափոխական» կառույցները, դրանց փոխարեն ստեղծել՝ ինչ խելքին փչի, առանցքային պաշտոններում նշանակել «հավատարիմ քայլածներին», և այլն։ Ի՞նչ պետություն, ի՞նչ օրենք, ի՞նչ օրինականություն, կարևորը «հեղափոխական արժեքներին անմնացորդ ծառայելն» է, իսկ այդ արժեքները Նիկոլ Փաշինյանն է սահմանում՝ առավելապես «բանավոր ընթացակարգով»։ 

Մի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն իրավապահ համակարգում նախապատրաստում է հերթական «մեծ չիստկան»։ Երևի մի բան գիտի։ Խառը ժամանակներ են։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   694 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ