Համացանցում վերաթարմացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացվող 100 փաստ նոր Հայաստանի մասին տեսանյութը։ Որպես նոր Հայաստանի որակական ձեռքբերում՝ «Փաստ 91» կետի ներքո Փաշինյանը հռչակում է․ «ՀՀ վարչապետի ավտոշարասյունը կանգ է առնում լուսացույցի արգելող նշանի տակ, բացառությամբ հատուկ դեպքերի։ Հատուկ դեպքն էն ա, երբ ինչ-որ տեղից ուշանում ենք, միջազգային հյուրեր են սպասում և այլն, այլն, երբ օբյեկտիվ պատճառներով ենք ուշանում։ Եվ քաղաքացիներին զիջում է հետիոտնային անցումների վրա»։ Զուգահեռաբար շրջանառվում են 3 տարի առաջվա լուսանկարները՝ վարչապետը հեծանիվով աշխատանքի է գնում, դրան հակադրում են այսօրվա իրականությունը, որտեղ ողբերգական ավտովթարի վայրից արված լուսանկարներն են։ Հետո կարդում ես, որ 29-ամյա կինն իր առաջնեկին էր սպասում, որը լույս աշխարհ էր գալու հունիսին։ Մեկ էլ տեղեկանում ես, որ ՃՈ ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը, որը վրաերթի հեղինակն է, իր բնակավայրում հայտնի է եղել «ծեծեմ Արամ» մականունով:
Հին ու նոր, սև ու սպիտակ, ֆեյք ու իսկական, ռացիոնալ ու իռացիոնալ՝ ամեն բան խառնվել է իրար։ Չեն համակարգվում ո՛չ մարդկանց հույզերը, ո՛չ գրառումները, ո՛չ գործողությունները։ Մտածում ես, փորձում ես հասկանալ, թե ի՞նչն է ստիպում, օրինակ, նիկոլականներին մահացած երիտասարդ աղջկա հետևից գրել այնպիսի բաներ, որ կարդալուց անգամ դու ես ամաչում։ Կամ ի՞նչն է ստիպում Նիկոլի կողմնակիցներին անմիջապես հայտարարել, թե Փաշինյանը մեքենա չի վարում ու «այդ պահին չի եղել որևէ մեքենայի ղեկին»։ Ո՞վ է ասել, որ անպայման է կարծիք հայտնելը և միանգամայն տեղին է գրել, դեպք է, պատահել է՝ ո՞ւմ հետ չի պատահի։ Մտածում ես՝ Նիկոլին են փրկում, ու տեղում երկրորդ հարցն է առաջանում՝ ումի՞ց։ Նիկոլին՝ Նիկոլի՞ց։ Իզուր։ Վերջին հաշվով փրկության մասին վճիռները այլ տեղերում եմ կայացվում։ ՊՈԱԿ-ից տեղեկանք ու շրջաբերական իջեցրեք, թող կարդան-հանգստանան, գոնե ժամանակավոր։
Գոհար Վեզիրյան