...

Նոր Տամոժնի Գագո կամ կլոնավորում լույսի արագությամբ

Նոր Տամոժնի Գագո կամ կլոնավորում լույսի արագությամբ

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը կնոջ հետ համատեղ տուն է գնել Ամերիկայի Միացյալ Նահանգների Մերիսվիլ քաղաքում: Պաշտոնյայի հայտարարագրի համաձայն՝ գործարքը կայացել է 2021թ.-ի մայիսին, իսկ անշարժ գույքի արժեքը կազմել է 584 հազար 950 ԱՄՆ դոլար, տեղեկացրել է «Hetq.am»-ը: Կայքը արձանագրել է, որ Բագրատ Բադալյանի եկամուտներն ավելացել են հատկապես պետական պաշտոններ զբաղեցնելու տարիներին: Որոշ հետաքրքիր դրվագներ ներկայացնենք այդ հրապարակումից․

1․ Աղբյուրը փաստարկում է, որ բարձր պաշտոններում Բագրատ Բադալյանի կարիերան սկսվել է 2018թ.-ի իշխանափոխությունից հետո: Վերջինս 2018թ.-ի հունիսին նշանակվել է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ, իսկ մեկ տարի անց՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ: 2020թ. փետրվարին նշանակվել է այն ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական, ամիսներ անց՝ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար: Հետո՝ 2021թ. օգոստոսին նշանակվել է ՊԵԿ նախագահի խորհրդական, իսկ երկու ամիս անց՝ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

2․ Բագրատ Բադալյանի կողմից 2020թ. ապրիլի 16-ին «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի բաժնետեր դառնալուց հետո, պետական մարմինները և համայնքները ընկերության հետ կնքել են ընդհանուր 1 մլրդ 79 մլն 465 հզր դրամի պետական գնման պայմանագիր: Համեմատության համար կայքը նշել է, որ մինչև ՍՊԸ-ում Բագրատ Բադալյանի բաժնետեր լինելը, 2019թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. ապրիլի 15-ը,  «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի հետ կնքվել է պետական գնման ընդամենը մեկ պայմանագիր՝ 431 հազ. դրամ պայմանագրային գնով: «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի 88.13%-ը բաժնետերը Բադալյանն է, իսկ ընկերությունն ակտիվ մասնակցություն ունի պետական գնումներում՝ հատկապես ճանապարհաշինության ոլորտում:

Կոռուպցիա չկա, հովանավորչություն չկա, «ատկատ» չկա։ Մարդը պարզապես աղքատությունը գլխում հաղթահարել է, հաջողացրել է հերթով-շարքով տարբեր պաշտոններ զբաղեցնել, աճել ու բարգավաճել։ Հիմա էլ հաջորդ փուլին է անցել՝ կապիտալը դուրս է բերում Հայաստանից՝ ԱՄՆ-ում անշարժ գույք գնելու միջոցով։ Նոր Հայաստանի նոր Տամոժնի Գագոն է։ Պարզապես ժամանակն է արագացել, նրա «աճի» տեմպերը տասնամյակներ ձգվեցին, իսկ այսօրվա կոստյումավորների տեմպն աննախադեպ արագ է։ Լույսի արագությամբ կլոնավորվում են։   

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2157 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ