...

Ո՞րն է իրական ժողովրդավարական կառավարությունը

Ո՞րն է իրական ժողովրդավարական կառավարությունը

ԺՈՂԿՐԹԲԱԺԻՆ

«Անհատները կարող են ազատ լինել այն դեպքում,
երբ կառավարությունն ազատ չէ»

«Թեև այսօր ժողովրդավարական արժեքները վերածնվում են, բայց հայացք նետելով մարդկային պատմության անցած ճանապարհին` 18-րդ դարի ֆրանսիական հեղափոխությունից սկսած մինչև միակուսակցական ռեժիմների երևան գալը 20-րդ դարի կեսերին, կտեսնենք, որ ժողովրդավար կարգերը սակավաթիվ և կարճատև են եղել» («Ի՞նչ է ժողովրդավարությունը», ԱՄՆ-ի Տեղեկատվական ընկերություն) Հայաստանում էլ ժողովրդավարության անցման գործընթացը տեղապտույտ է տվել և կասեցվել: Այն լոկ արտաքին զգեստավորում է ավտորիտար ռեժիմների համար և «չարաշահվում է ամբողջատիրական իշխանությունների կամ ռազմական պետությունների կողմից, որոնք փորձում են ժողովրդին շահել` իրենց զարդարելով ժողովրդավարական պիտակներով»: Անցնող 12 տարիների ընթացքում մեր ժողովրդի մեծամասնությունը, անգամ մտավորականության շատ ներկայացուցիչներ, այդպես էլ լիարժեք պատկերացումներ չունեցան ժողովրդավարության մասին:

Առկա է ժողովրդավարության միայն մեկ բնորոշ գործոնի` խոսքի ազատութան մասին հստակ պատկերացում, հասարակական, անհատական և պետական կյանքի մնացած բոլոր բնագավառներում ժողովրդավարական արժեքների վերաբերյալ հասարակության պատկերացումները բավարար աղոտ են և մարդկանց մտածելակերպում հարատևում են դարերից եկող ամբողջատիրական մտածելակերպի նստվածքները: Ըստ այդմ մեր ժողովրդի որոշակի շերտերում նույնիսկ խեղված պատկերացումներ են ձևավորվել ժողովրդավարության էության մասին, այն է` ամենաթողություն, անիշխանություն, օրենքի բացակայություն` գումարած այն ամենը, ինչ եղել է ամբողջատիրական կարգերում: Նման պայմաններում առավել հրատապ է դառնում այն հարցը, որ անձնապես գործադիր և օրենսդիր իշխանությունների վերաձևավորման շրջանում մասնագիտական և քաղաքական շրջանակները զանգվածային լրատվամիջոցներով ժողովրդին, հայ ընտրողին առավելագույն տեղեկատվություն մատուցեն իրական ժողովրդավարության մասին:

Ուրեմն ի՞նչ է ժողովրդավարությունը և կոնկրետ ընդգրկումով` ժողովրդավարական կառավարությունը: Բառարանային սահմանումով ժողովրդավարությունը «ժողովրդի ձեռքով գործադրվող կառավարությունն է, որի գերագույն իշխանությունը վստահված է ժողովրդին, ուղղակիորեն իրագործվում է նրա կողմից կամ ազատ ընտրությունների մի համակարգի շրջանակներում նրա ընտրած գործիչների կողմից»: Կարճ ձևակերպմամբ ժողովրդավարությունը «ժողովրդի, ժողովրդի կողմից, ժողովրդի համար գոյություն ունեցող կառավարությունն է: Ժողովրդավարությունը ազատությանը վերաբերվող գաղափարների և սկզբունքների մի ամբողջություն է, ազատության մարմնացումն է` հաստատությունների միջոցով: Ըստ այդմ շեշտվում է, որ «անհատները կարող են ազատ լինել այն դեպքում, երբ կառավարությունը ազատ չէ»: Հետևաբար, այն կառավարությունները, որոնց ձևավորող քաղաքական գործիչները ընտրվում են կեղծ, ոչ ազատ ընտրությունների արդյունքում` ոչ լեգիտիմ են և չեն հանդիսանում ժողովրդի ներկայացուցիչները: Բնականաբար, նման` ժողովրդի կողմից չընտրված կառավարությունները չեն կարող պատկանել ժողովրդին, գործունեություն ծավալել ժողովրդի համար (նրա շահերից ելնելով) և վերահսկվել ժողովրդի կողմից: Այդպիսի կառավարությունները ժողովրդավարական լինել չեն կարող և ծառայում են միայն իրենց` կառավարողների շահերին: Դրանք չեն ապահովում նաև մարդու հիմնական իրավունքները:

Ժողովրդավարական կարգերում կառավարությունը հասարակական կառուցվածքի տարրերից մեկն է, որը գոյակցում է բազմաթիվ ու բազմատեսակ ուրիշ հաստատությունների, քաղաքական կուսակցությունների, կազմակերպությունների ու միությունների հետ: Այդ բազմերանգությունը կոչվում է բազմակուսակցական ներկայացուցչություն: Դրանք բոլորն իրենց գոյությամբ, օրինականությամբ կառավարությունից անկախ են:

Ամբողջատիրական, բռնապետական հասարակարգերում բոլոր կազմակերպությունները գտնվում են կառավարության հսկողության տակ: Ժողովրդավարականում կառավարության ուժը օրենքներով հստակորեն որոշված և սահմանափակված է, հետևաբար, ոչ կառավարական կազմակերպությունները կառավարության վերահսկողությունից դուրս են: Դա վերաբերվում է նաև մշակութային, գիտական և կրոնական կազմակերպություններին. ժողովրդավարական կարգերում գործող ոչ կառավարական շատ կազմակերպություններ անգամ ազդում են կառավարության վրա և աշխատում նրան հաշվետվության ենթարկել ծավալած գործունեության համար:

Վաղինակ Տերտերյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 271, փետրվարի 21, 2003 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   304 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ