Արցախի նախկին ՄԻՊ, ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Ռուբեն Մելիքյանը գրել է. «Ձերբակալել են Գառնիկ Իսագուլյանին։ Ըստ փաստաբանի՝ պատճառն այն է, որ Իսագուլյանը գերագույն ստահակի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանին անվանել է թուրքական գործակալ։
Էլի մարդուն բռնում են խոսք ասելու համար, ու էլի խոսքի ազատության «ռահվիրաները» լուռ են ու ժպտերես։
ՀԳ. Անձամբ իմ կարծիքով թուրքիայի գործակալ է քպ-ական վերնախավի 99%-ը (բացառությամբ թերևս Հովիկ Աղազարյանի)»:
Նկատենք, որ սա ասողը Մարդու իրավունքների պաշտպան է եղել, արդարադատության փոխնախարար: Այսինքն՝ նորմալ է համարում մարդկանց ստահակ համարելն ու մի ամբողջ քաղաքական ուժի Թուրքիայի գործակալ անվանելը: Եթե սա խոսքի ազատությունն է, ապա թող չզարմանան, որ վաղն էլ իրենց կարող են համարել Թուրքիայի, Ճապոնիայի կամ Բանգլադեշի գործակալ:
Այսպիսի որակումները՝ անկախ նրանից, թե ում կողմից ու ում հասցեին են ասված, ոչ մի լավ բանի չեն հասցնի: Ուղղակի քոչարյանականներն այս առումով ակնհայտ առաջատար են: Ով իրենց դուրը չի գալիս, միանգամից՝ թուրք գործակալ է: Իսկ գիտե՞ք, ինչու են անընդհատ սա ասում: Որովհետև մի հատ լավ խոսք կա. ամենաբարձրը «բռնեցեք գողին» ասում է հենց գողը: Կոռուպցիայի մասին ամենաշատը խոսում են ամենակոռումպացվածները: Եղբայրության մասին ամենաշատը խոսում են ուրացողները: Արդարության մասին՝ մարդասպանները: Սրանք էլ ամենաշատն են խոսում թուրքի գործակալի մասին:
Իսկ ահա մարդուն նման արտահայտությունների համար ձերբակալելը ավելի վատ հետևանքներ կարող է ունենալ: Նախ, սրանից հակառակորդներին ճնշելու, նրանց հետ հաշվեհարդար տեսնելու հոտ է գալիս: Երկրորդ՝ այսպես կարելի է ձերբակալել մեր ազգի երևի մի 90 տոկոսին: Կեսը էն մյուս կեսին ինչ-որ երկրի գործակալ է համարում:
Եվ երրորդ՝ օրերս Նիկոլ Փաշինյանը ստատուս էր գրել, որտեղ արտաքին ուժերի մասին էր խոսում, պատերազմը արտաքին սցենար էր համարում, ինչ որ նման բաներ: Սա նույնն է, ինչ՝ Գառնիկ Իսագուլյանն է ասել: Կապ չունի, որ Իսագուլյանը անուն է տվել, իսկ Փաշինյանը ոչ: Ու եթե մեր իրավապահ մարմիններն այդքան սկզբունքային են, օրենքի պաշտպան, պետք է Փաշինյանին էլ կանչեն ու պահանջեն փաստեր այն մասին, որ Արցախյան պատերազմը դրսի ուժերի սցենար է եղել, այստեղի որոշ ուժերի հետ միասին և այլն: Ու եթե չկարողանա իր խոսքերն ապացուցող գեթ մեկ փաստ բերի, իր հետ էլ վարվեն այնպես, ինչպես՝ Իսագուլյանի հետ: Թե չէ ստացվում է, որ օրենքը ընտրովի է գործում: Կամ էլ՝ այդ օրենքը պետք է փոխել:
Հ.Գ. Իմիջիայլոց, ՀՀԿ վերջին համագումարում Սերժ Սարգսյանն էլ խոսեց ինչ-որ արտաքին ուժերի մասին, որոնց մատը խառն էր 2018-ի հեղափոխության մեջ: