Հետաքրքիր զուգադիպություններ կան Ֆրանսիայի կառավարության հաստատմանը ներկայացված Ղարաբաղի ինքնորոշման ճանաչման և տարիներ առաջ Ցեղասպանության ճանաչման Սենատի օրինագծերում՝ և՛ մեր շահերը օտարի ձեռքում խաղաքարտ դարձնելու, և՛ մեր երկրում կառավարող ուժերի մոտեցումների առումով: Դատեք ինքներդ:
Հոդվածը «Չորրորդ իշխանություն» թերթում տպագրվել է 2012 թվականին:
Չեմ թաքցնի` բազմահազար հայրենակիցներիս պես հետևել եմ Ֆրանսիայի Սենատի նիստին։ Հետևել եմ ցավով ու սպասել եմ, որ ֆրանսիացիները իրենց երկրի համար կարևոր որոշում կայացնեն։ Հայաստանը ստվերում էր, Հայաստանն այնտեղ չկար։ Չկար ֆրանսիացիների համար, չկար ֆրանսահայերի համար։ ՀՅԴ-ական հեռուստաալիքը ցնծում է և բազում հաղթանակներ խոստանում։
Հայրենիք կորցրած, միլիոնավոր զոհեր տված մի ժողովուրդ հարյուր տարի օտար ափերում կռիվ տվեց, որ ճանաչեն իր մեծ կորուստը։ Հայրենիք չգտավ, չվերադարձրեց ու այսօր էլ լքում է հայրենիքից մնացած այն փոքրիկ կտորը, որ քսան տարի առաջ պետական սահման ձեռք բերեց և մի կարևոր ու իրական հաղթանակ տոնեց Արցախում։ Ցնծությանը միանալ չեմ կարող, որովհետև չեմ հասկանում` ինչու պարտվեցինք 1915 թվականին։ Այո՛, թշնամին նենգ էր, ուժեղ, աշխարհն էլ լուռ էր ու անհոգի։ Հիմա էլ այդ նույն աշխարհը նույնն է։ Հիմա իրենց` ֆրանսիացիներին է պետք այս օրինագիծը, մեկին` վերընտրվելու համար, մյուսին` թուրքերի ճամփան դեպի Եվրոպա փակելու։ Իսկ մեզ ինչ կտա` չգիտեմ։ Սփյուռքի կազմակերպությունները նպատակ էին դրել, երևի հասան։ Սակայն հայրենի հողը Սենատի որոշումներով չեն վերադարձնում, այդ հողում ապրում ու նորմալ երկիր են ստեղծում։
Արձագանքում են ցնծությամբ, արձագանքում են Հայաստանի իշխանավորները, որոնցից մեկը չի զլանում ամենքիս ավետել, որ Ֆրանսիան, մարդու իրավունքների և ազատության պաշտպան Ֆրանսիան կարող է օրինակ դառնալ աշխարհի այլ երկրների համար։ Իսկ մեզ համար ե՞րբ է օրինակ դառնալու նույն Ֆրանսիան, որտեղ հայերն ավելի պաշտպանված են, քան իրենց հայրենիքում, ոչ պատմական, այլ իրական հայրենիքում։ 2008 թվականի մարտի մեկի արյունահեղության արդյունքում ՀՀ նախագահի աթոռը «նվաճած» Սերժ Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնում Ն. Սարկոզիին և ասում. «Այսօր բացառիկ օր է բոլոր նրանց համար, ովքեր պայքարում են մարդու իրավունքների պաշտպանության և մարդկության դեմ ոճիրների դատապարտման ու կանխարգելման համար»։ Կասեք` սովորական դիվանագիտական արտահայտություն է, կասեք` պետք էր, պարտադիր էր։ Սակայն այս խոսքն ասում է մեկը, ում համար մարդկային կյանքից կարևոր եղավ աթոռը, ազատությունից թանկ դարձավ իշխանությունը, իշխանություն, որի հիմնական իմաստը նա այդպես էլ չհասկացավ։ Ավելորդ է գուցե, բայց ստիպված ենք կրկնել` իշխանությունն այս մարդկանց համար լոկ հարստացման աղբյուր է, ուրիշ ոչինչ։ Երկիրը, պետությունը վերացական հասկացություններ են, որոնք կոպեկի արժեք չունեն։ Այլ կերպ չես կարող բացատրել ո՛չ ծրագրված արտագաղթը, ո՛չ բնաշխարհի ոչնչացումը, ո՛չ էլ այն կեղծիքն ու կոռուպցիան, որոնցով ողողել են մեր փոքրիկ հայրենիքը։
Ցնծում են, որովհետև իրենց են վերագրելու անգամ Ֆրանսիայի Սենատի որոշումը։ Այ եթե Սերժ Սարգսյանը Սարկոզիի հետ այդքան լավ հարաբերությունների մեջ չլիներ, ֆրանսիացիները չէին արգելի ժխտողականությունը։
Մի մեջբերում էլ անենք որպես ապացույց։ Ս. Սարգսյանը Ֆրանսիայի նախագահին գրում է. «Շնորհակալ եմ Ձեր անձնական հանձնառության, Ձեր անգնահատելի ավանդի համար, առանց որի անհնարին կլիներ ցեղասպանությունների ժխտումը դատապարտող օրենքի ընդունումը»։ Մեկնաբանությունը, կարծում ենք, ավելորդ է։
Իսկ հիմա վերհիշենք մեր բարդույթներից մեկը` ամենակարևորը։ Ցեղասպանությունից հետո, անշուշտ, չափազանց դժվար է ուշքի գալը։ Ու մենք երկար ժամանակ գլուխ էինք գովում, որ վերջնականապես չենք ոչնչացել, որ գոյատևում ենք։ Սակայն որպես կանոն, գոյատևելու մասին խոսում էինք հայրենիքում։ Եվրոպական երկրներում և ԱՄՆ-ում հայտնված վերապրողների երկրորդ սերունդն արդեն սկսեց լիաթոք ապրել, որովհետև այդ հնարավորությունն ունեցավ։ Իսկ մենք շարունակում էինք մի կերպ գոյություն քարշ տալ և խորհրդային երկաթյա վարագույրի հետևից երազել ազատ աշխարհի մասին։ Վարագույրն ընկավ, Արցախյան պատերազմում հաղթանակ տարանք, հետո... Հետո ինքներս մեր ձեռքով ապականեցինք երկիրն ու էլի աչքներս դուրս տնկեցինք։ Որոշ մտավորականներ մեր «քոչվորությունը» ց’ այսօր բացատրում են Ցեղասպանության վախով։ Սա, իհարկե, սուտ է, գեղեցիկ, ինքնարդարացնող սուտ։ Մենք չենք կարողանում փոխել մեր ապաշնորհ կառավարիչներին։ Այ սա՛ է էականը։ Իսկ չենք կարողանում, որովհետև վախկոտ ենք ու ծույլ։ Ֆրանսիայի քաղաքացի հայերը կարողացան իրենց կառավարությանը հարգել տալ իրենց պատմությունը, մենք չենք կարողանում մերոնց ստիպել, որ մեզ հարգեն և մեր իրավունքները։ Հեշտ ճանապարհը մեզ ցույց են տալիս հենց ապօրինի իշխանավորները, հեշտ ճանապարհը երկիրը լքելն է։
Ցնծում են, բայց ցնծության մեջ ողբերգություն կա։ 1915 թվականին կատարվածը մեր ազգային պարտությունն է նաև։ Այն ժամանակ էլ չկարողացանք վեր կանգնել նեղ անձնական շահերից, արդյունքը հայրենիքի կորուստն էր։ Իսկ հիմա ուրախանում ենք, որ զանազան «պատմաբանների» պիտի արգելեն ժխտել Մեծ Ոճիրը, սակայն Հայաստանում թույլ ենք տալիս ոճրագործներին հանգիստ վայելել իրենց արածի արդյունքը։
Զ. Գաբրիելյան
«Չորրորդ իշխանություն», 26 հունվարի, 2012թ.