«Ինքնախաբեություն է կարծել, թե Երևանի կամ համապետական ընտրություններով կարելի է փոխել Նիկոլին։ Որևէ մեկը դեռ կասկածո՞ւմ է, որ պատերազմ կեղծողը ընտրություն էլ կկեղծի»,- գրել է Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում և որպես հետգրություն ավելացրել՝ «որևէ ավտորիտար ռեժիմ ընտրություններով չի փոխվել»։
Էդուարդ Շարմազանովը հարյուր տոկոսով իրավացի է։ Ավելին՝ երևի «ներսից» գիտի իրավիճակը, որովհետև կարող ենք գրազ գալ, որ վերջին տարիներին տարբեր ընտրությունների ժամանակ իշխող ուժի համար ընտրություններ կեղծածների թայֆայի կեսից ավելին ժամանակին նույնն արել է ՀՀԿ-ի օգտին։ Ինչ վերաբերում է այն պնդմանը, որ որևէ ավտորիտար ռեժիմ ընտրություններով չի փոխվել, ապա նկատենք, որ ոչ միայն ընտրություններով չի փոխվել, այլև ընտրություններո՛վ չի հասել իշխանության։ Քոչարյանը, օրինակ, պալատական հեղաշրջումով է զավթել իշխանությունը, Սերժ Սարգսյանը՝ 2008 թ մարտի 1-ով ավարտված մի «միջոցառումով», որը ինչ ասես կարելի էր անվանել՝ բացի ընտրություններից․․․ Իսկ 2017-ին, ի դեպ, «ընտրություններով հեռանալու» իրական շանս է ունեցել, բայց գերադասել է դրա փոխարեն «Ելք» անվանումով ինչ-որ իբր ընդդիմադիր դաշինք կցել-կցմցել, որպեսզի փակի իրական ընդդիմության ճանապարհը, «ինչքան պետք է՝ տոկոս խփի» ու շարունակի երկիրը ղեկավարել վարչապետի կարգավիճակով։ Պարզապես «խիյարը թարս է բուսնել», և ուրիշ ավտորիտար ռեժիմ է ձևավորվել ոչ ընտրությունների արդյունքում։ Ու պրն Շարմազանովը հիմա ստիպված է ընդամենը փաստն արձանագրել՝ «սա ընտրություններով հեռացողը չի»։
Ամոթ չլինի հարցնելը՝ բա այդ դեպքում որպես ի՞նչ եք ընտրություններին մասնակցում։