Այն բանից հետո, ինչ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը խոսեց կառավարության կազմի փոփոխության մասին, իսկ Արթուր Վանեցյանը խորհրդարանին կոչ արեց քննարկել կառավարությանը անվստահություն հայտնելու հարցը, քաղաքական դաշտում որոշակի պարզություն մտցվեց: Այն առումով, որ իշխանությունների դեմ լայնածավալ հարձակման մեկնարկը տրված է:
Պահը շատ հարմար է ընտրված. կորոնավիրուսը սպառնում է երկրում հումանիտար աղետի վերածվել, պետությունը հսկայական ռեսուրսներ և ժամանակ է ծախսում դրա դեմ պայքարում, այդ պայքարը հյուծում և թուլացնում է իշխանություններին, բնականաբար, այս ամենում հակահեղափոխական ուժերը տեսնում են հեղաշրջում իրականացնելու բացառիկ շանս:
Հիմա այնքան պարզ են խաղացողների մտադրությունները, որ իրենք էլ չեն թաքցնում: Համարում են, որ վարչապետին գահընկեց անելն արդեն տեխնիկայի հարց է, նոր վարչապետի թեկնածության հարց են քննարկում, արդեն սահմանները փակելու կոչեր են արվում, որպեսզի հեղաշրջումից հետո բարձրաստիճան պաշտոնյաները չփախչեն երկրից:
Ավելին ասենք, արդեն չեն էլ թաքցնում, որ այս հարձակման շրջանակներում պատրաստվում են ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին: Սահմանադրական դատարանում սրա մասին հանգիստ խոսում են: Հունիսի 20-ից հետո մի շաբաթվա ընթացքում, իսկ որոշ տեղեկություններով, հենց հունիսի 21-ին, ՍԴ-ն մտադիր է որոշում կայացնել, ըստ որի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որով Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել (Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելը), չի կարող տարածվել Քոչարյանի վրա, կամ այդ մեղադրանքը չի համապատասխանում Սահմանադրության նորմերին: Այսինքն, այդ վճռով պատրաստվում են Քոչարյանին ոչ թե կալանքից ազատ արձակել, այլ ընդհանրապես քրեական պատասխանատվությունից:
Եթե հանկարծ Քոչարյանն էլ պատասխանատվությունից խուսափի, այսինքն՝ ՍԴ-ն այդ վճիռը արձակի, ապա կարելի է համարել, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես տապալել է հեղափոխությունից հետո երկրում օրինականություն հաստատելու, բարեփոխումներ իրականացնելու, նախկին ռեժիմի վերադարձի ճանապարհները փակելու քաղաքականությունը: Հանրությունը այս իշխանությունների շատ թերությունների, սխալների և բացթողումների վրա պատրաստ է աչք փակել, համբերատար սպասել, անցնել դժվարությունների միջով, սակայն եթե տեսնի, որ պետությունը չի կարողանում իրականացնել իր բուն գործառույթները և նույնիսկ Քոչարյանին չեն կարողանում պատասխանատվության ենթարկել, հիասթափությունը չափազանց մեծ կլինի, և Փաշինյանը կարող է հասարակության բազմաթիվ խավերի աջակցությունից զրկվել: Իսկ դա իշխանությունից զրկվելու ամենակարճ ճանապարհն է:
Իշխանությունները 10-12 օր ժամանակ ունեն՝ ինչ-որ բան անելու համար: Այսինքն, գրեթե ժամանակ չունեն: