...

Օրենք գաղտնի ձայնագրության մասին

Օրենք գաղտնի ձայնագրության մասին

Հաշվի առնելով Հայաստանում գաղտնի ձայնագրությունների աճի դինամիկան, ինչպես նաև դրա ազդեցությունը երկրի ներքաղաքական և տնտեսական վիճակի վրա, նկատի ունենալով, որ ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում ձայնագրությունների նշանակությունն ու արժեքը էականորեն մեծացել են՝ առաջարկում ենք անհապաղ ընդունել օրենք գաղտնի ձայնագրության մասին։ Սույն օրենքի ընդունմամբ կկարգավորվեն ձայնագրման, ձայնագրվելու և դրանք տարածելու կանոնները. Եվ այսպես.

ՕՐԵՆՔ ԳԱՂՏՆԻ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ (նախագիծ)

Հոդվ. 1. Գաղտնի ձայնագրություն է համարվում 1-ից 30 րոպե տևողությամբ զրույցի պատճենահանումը, եթե.

ա. դրան մասնակցում են 2 (երկու) և ավելի անձինք,

բ. եթե ձայնագրության համար առկա չէ զրույցի բոլոր մասնակիցների գրավոր համաձայնությունը,

գ. եթե ձայնագրությունն իրականացվում է հասարակական սննդի օբյեկտում (ռեստորան, սրճարան, բար, համբուրգերանոց, ՍԱՍ-ֆուդ և այլն) և (կամ) կառավարության անդամների խոսակցության ժամանակ:

Հոդվ. 2. Գաղտնի ձայնագրություն իրականացնողը պետք է պահպանի էթիկայի և կոռեկտության չափորոշիչները և զերծ մնա ձայնագրվողի հետ հաց կիսելուց:

Հոդվ. 3. Եթե գաղտնի ձայնագրության ընթացքում տեղի է ունեցել հացկիսման արարողություն, ապա ձայնագրողը տուգանվում է սույն օրենքով նախատեսված Հրայր Թովմասյանի աշխատավարձի 20 (քսան) տոկոսի չափով, պլյուս՝ պետք է փակի հաշիվը:

Հոդվ. 4. Գաղտնի ձայնագրություն իրականացնողի հանդեպ քրեական հետապնդում չի իրականացվում, եթե ձայնագրությունն իրականացվել է՝ ելնելով.

ա. ինքնապաշտպանական բնազդներից,

բ. կենդանական բնազդներից,

գ. կոռուպցիոն բնազդներից:

Հոդվ. 5. Եթե գաղտնի ձայնագրության օբյեկտը հանդիսացել է (հանդիսանում է) ձայնագրող անձի դասախոսը, ապա իրավունք ունի. 

ա. վերանայել գաղտնի ձայնագրողին նշանակած գնահատականներն ու ստուգարքները,

բ. լիկվիդ թողնել:

Հոդվ. 6. Գաղտնի ձայնագրության օբյեկտը ձայնագրության սլիվից հետո պարտավոր է ոչ ուշ, քան 3 (երեք) օրվա ընթացքում.

ա. հրաժարական տալ,

բ. մտածել հրաժարական տալու մասին,

գ. բանի տեղ չդնել:

Հոդվ. 7. Գաղտնի ձայնագրությունը համարվում է աղմկահարույց և սկանդալային, եթե ձայնագրության մեջ լսվում են հետևյալ անձանց անունները.

ա. Արթուր Վանեցյան,

բ. Արթուր Ղազինյան,

գ. Ռոբերտ Քոչարյան, 

դ. Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե:

Հոդվ. 8. Նույն պաշտոնյան չի կարող ավելի քան 2 (երկու) անգամ անընդմեջ գաղտնի ձայնագրվել:

Հոդվ. 9. Օրենքն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ Օրենքին կողմ քվեարկած պատգամավորներին գաղտնի ձայնագրելն իրականացվում է առաջնահերթության կարգով:

Հուսով ենք` խորհրդարանը անմիջապես կընդունի օրինագիծը, կքննարկի առաջնահերթության կարգով։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3937 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ