Հաշվի առնելով ՀՀ ազգաբնակչության կողմից Հայրենիքի նկատմամբ անմնացորդ սիրո գործընթացն օրենսդրորեն կարգավորելու հարաճուն անհրաժեշտությունը, մեծապես կարևորելով հայրենանվեր գործունեության ինստիտուցիոնալ դրսևորումների համակարգումը, ինչպես նաև առաջնորդվելով Հայրենիքի` արտաքին աշխարհի հետ միջազգային օրենքների և նորմերի շրջանակներում հարաբերվելու հրամայականով, առաջարկում ենք անհապաղ ընդունել օրենք Հայրենիքի մասին։ Սույն օրենքի ընդունումը ոչ միայն կապահովի հայ ժողովրդի արժանի տեղը քաղաքակիրթ աշխարհի առավել հայրենասեր ժողովուրդների շարքում, այլև է՛լ ավելի կնպաստի մեր բիբլիական Հայրենիքի հետագա հարատևմանը։ Եվ այսպես.
ՕՐԵՆՔ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՄԱՍԻՆ
(նախագիծ)
Հոդվ. 1. Հայրենիք է համարվում բնատարածքային, աշխարհագրական, մշակութաբանական և սոցիալ-կենցաղային բաղադրիչներով տոգորված ազգային արժեքների այն համադրույթը, որի շրջանակներում հազարամյակներ շարունակ մաքառել և մաքառում է հինգհազարամյա հայ ժողովուրդը։
Հոդվ. 2. Աղդամը մեր Հայրենիքը չէ։
Հոդվ. 3. Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք։
Հոդվ. 4. Սերժ Սարգսյանի` ՀՀ նախագահ, և Հայաստանի Հանրապետական կուսակցության` ՀՀ իշխող կուսակցություն լինելը չի կարող գնահատվել որպես Հայրենիքի` կրկեսի վերածված լինելու ապացույց։
Հոդվ. 5. Հայրենիքը ենթակա է սիրման։ Հայրենիքի` ՀՀ իշխանությունների կողմից սիրման ենթարկվելն իշխանությունների համար որևէ լրացուցիչ պատասխանատվություն և պարտավորություն չի ենթադրում։
Հոդվ. 6. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց մերձավորների և վերջիններիս հավասարեցված անձանց կողմից Հայրենիքում ցանկացած գործունեության ծավալումը համարվում է հայրենաշինություն` անկախ նրանից, գործընթացը տեղի է ունեցել փոխադարձ համաձայնությա՞մբ, թե՞ ոչ։
Հոդվ. 7. Հայրենիքը կամ վերջինիս որևէ մասը այլ պետության նվիրելը համարվում է հայրենանվեր գործունեություն։
Հոդվ. 8. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ սիրել Հայրենիքը։
Հոդվ. 9. Հանրակրթական դպրոցներում և այլ ուսումնական հաստատություններում հայրենասիրական դաստիարակությունը սկսվում է բարձր դասարաններում։
Հոդվ. 10. Հայաստանի Հանրապետությունը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ ընկալելն ու ՀՀ արտաքին քաղաքականությունը միջազգային իրավունքի շրջանակներում իրականացնելու փորձերը համարվում են Հայրենիքի դավաճանություն։
Հոդվ. 11. Օրենքն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և ուժը կորցրած է համարվում հայրենանվեր գործունեության ավարտից հետո։
Հուսով ենք` խորհրդարանում Հայրենիքի դավաճաններ չեն գտնվի, և օրենքը կընդունվի ձայների բացարձակ մեծամասնությամբ։
«ՉԻ», 3 մարտի, 2015թ.