Հաշվի առնելով ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին օրերի աննախադեպ լարվածությունն ու դրա հետ կապված` օլիգարխների շրջանում մարտական ոգու աննախադեպ զարթոնքը,
Մեծապես կարևորելով
օլիգարխ-ազատամարտիկների մարտական կորովը ճիշտ հունով ուղղորդելու հրամայականը,
ինչպես նաև առաջնորդվելով վերջիններիս ռազմահայրենասիրական գործունեությունն օրենսդրորեն կարգավորելու անհրաժեշտության գիտակցումով,
առաջարկում ենք անհապաղ ընդունել օրենք օլիգարխ-ազատամարտիկների մասին։
Սույն օրենքի ընդունումը ոչ միայն կնպաստի հայկական զինուժի մարտունակության հետագա բարձրացմանը, այլև լրջագույն խթան կհանդիսանա տնտեսության զարգացման համար` ՀՀ տնտեսական հզորություններն առաջնագիծ մղելու ծրագրի շրջանակներում։ Եվ այսպես.
ՕՐԵՆՔ ՕԼԻԳԱՐԽ-ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(նախագիծ)
Հոդվ. 1. Օլիգարխ-ազատամարտիկներ են համարվում ՀՀ այն քաղաքացիները, որոնք.
ա. ժամանակին տեղեկանք են ներկայացրել, որ մասնակցել են Ղարաբաղյան առաջին պատերազմին, և դրա շնորհիվ տիրացել բիզնեսների ու դարձել միլիոնատեր,
բ. ժամանակին դարձել են միլիոնատերեր և դրա շնորհիվ տեղեկանք ձեռք բերել, որ մասնակցել են Ղարաբաղյան առաջին պատերազմին։
Հոդվ. 2. Շփման գծում իրավիճակի լարման դեպքում օլիգարխ-ազատամարտիկները մեկնում են ճակատ։
Հոդվ. 3. Ճակատ է կոչվում ինժեներատեխնիկական կառույցների այն համալիրը, որը.
ա. գտնվում է ռազմական գործողություններից առնվազն 50 (հիսուն) կիլոմետր հեռավորության վրա և կառուցված է հատուկ այդ նպատակով,
բ. արտաքին ձևավորմամբ նման է մարտական դիրքի,
գ. հարմար է տեսա- և լուսանկարահանումների համար,
դ. հագեցած է հասարակական սննդի օբյեկտներով, շոգեբաղնիքներով, համապատասխան անձնակազմով և օլիգարխ-ազատամարտիկների կենսագործունեության համար անհրաժեշտ այլ ենթակառուցվածքներով։
Հոդվ. 4. Օլիգարխ-ազատամարտիկները ճակատ են մեկնում թիկնապահների ուղեկցությամբ` բացահայտվելու դեպքում շարքային ազատամարտիկների կողմից հաշվեհարդարի ենթարկվելուց և այլ անցանկալի միջադեպերից խուսափելու նպատակով։
Հոդվ. 5. Ճակատում օլիգարխ-ազատամարտիկներն իրականացնում են հետևյալ գործառույթները.
ա. զինվորական համազգեստ են հագնում և լուսանկարվում,
բ. հարցազրույցներ են տալիս,
գ. ֆինանսական և բարոյական աջակցություն են ցուցաբերում լուսանկարներն ու հարցազրույցները տարածողներին։
Հոդվ. 6. Զինված ուժերի մատակարարման ընդհանուր ռազմավարությունը չխախտելու նպատակով օլիգարխ-ազատամարտիկները որպես օգնություն իրենց հետ տանում են բացառապես 80-ական թվականների սննդամթերք։
Հոդվ. 7. Օլիգարխ-ազատամարտիկների համար սահմանված են հարկային արտոնությունների հետևյալ դրույքաչափերը.
ա. խրոխտ լուսանկար (մինչև 15 մեգապիքսել հզորությամբ ֆոտոխցիկով)- 5 տոկոս,
բ. խրոխտ լուսանկար (15 և ավելի մեգապիքսել հզորությամբ ֆոտոխցիկով)- 10 տոկոս,
գ. հարցազրույց ազգին ծառայելու մասին- 15 տոկոս,
դ. հարցազրույց ազգին ծառայելու մասին` գերագույն գլխավոր հրամանատարի հիշատակմամբ- 20 տոկոս։
Հուսով ենք` Ազգային ժողովը սույն օրենքը կճանաչի հրատապ և կընդունի առանց էական լրամշակումների։
«Չորրորդ իշխանություն», 13 ապրիլի, 2016թ.