...

Օրենք պատասխանատվության ոլորտների մասին

Օրենք պատասխանատվության ոլորտների մասին

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում ինստիտուցիոնալ պատասխանատվության և պարտավորությունների ոլորտի տարընթերցումները՝ առաջարկում ենք անհապաղ ընդունել նոր օրենք, որը կհստակեցնի պետական ինստիտուտների ղեկավարների հիմնական գործառույթներն ու պատասխանատվության ոլորտները։ Եվ այսպես․

Հայաստանի Հանրապետության վարչապետը․

Հոդվ․ 1․ Հայաստանի Հանրապետության վարչապետը ամեն ինչի համար թիվ մեկ պատասխանատուն է և թիվ մեկ մեղավորին որոշողը։

Հոդվ․ 2․ Վարչապետը թիվ մեկ պատասխանատուի գործառույթներն իրականացնում է հետևյալ ընթացակարգով․

 Ա․ Սիրում է ժողովրդին,
 Բ․ Խոնարհվում է ժողովրդի առաջ,
 Գ․ Ընթերցում է սաղմոսներ,
 Դ․ Վերլուծում է հայ դասական գրականության ստեղծագործությունները,
 Ե․ Մասնակցում է ճաշկերույթների և այդպիսի արարողակարգ նախատեսող այլ միջոցառումների,
 Զ․ Իր խորին մտահոգությունն է արտահայտում տարատեսակ երևույթների և իրադարձությունների առթիվ,
 Է․ Արտասահմանյան ուղևորությունների ժամանակ ուղեկցում է տիկնոջը և (կամ) դստերը,
 Ը․ Ապահովում է Պետական պահպանության ծառայության բնականոն աշխատանքը՝ իր անվտանգությունը պատշաճ կերպով ապահովելու նպատակով,
 Թ․ Իրականացնում է օրենքով չարգելված կամ համարյա չարգելված այլ գործառույթներ։

Հոդվ․ 3․ ՀՀ վարչապետի կերակրումն ու խնամքն իրականացվում է ՀՀ բյուջեի և պետական գաղտնիք պարունակող ու այդպիսով՝ հրապարակման ոչ ենթակա այլ աղբյուրների հաշվին։

Հայաստանի Հանրապետության նախագահը․

Հոդվ․ 4․ Հայաստանի Հանրապետության նախագահը պետության գլուխն է։

Հոդվ․ 5․ Պետության գլուխը․

 Ա․ Ստորագրում է զանազան թղթեր,
 Բ․ Արտասահմանյան այցերի ժամանակ նվագում է դաշնամուր, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ ակորդեոն և (կամ) շրթհարմոն,
 Գ․ Լուսանկարվում է հանգուցյալների ֆոնին,
 Դ․ Իրականացնում է ՀՀ վարչապետի կողմից բանավոր ընթացակարգով չարգելված այլ գործառույթներ։

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահը․

Հոդվ․ 6․ Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ է համարվում այն անձնավորությունը, որն օգտվում է ԱԺ նախագահի համար նախատեսված ծառայողական մեքենայից։

Հոդվ․ 7․ ՀՀ ԱԺ նախագահը․

 Ա․ Բաժանում է պարգևավճարներ,
 Բ․ Ապահովում է ճանապարհաշինության ոլորտում հայտարարված մրցույթների թափանցիկությունը,
 Գ․ Ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը համաշխարհային հռչակ վայելող լողափերում և պարահրապարակներում։

Հոդվ․ 8․ ԱԺ նախագահի կերակրումն ու խնամքն իրականացվում է ՀՀ պետբյուջեի, ինչպես նաև բարեխիղճ գործարարների և շահումով խաղերի կազմակերպման ոլորտում աչքի ընկած հայրենանվեր գործիչների անշահախնդիր նվիրատվությունների հաշվին։

Երևանի քաղաքապետը․

Հոդվ․ 9․ Երևանի քաղաքապետը Երևանի փոխքաղաքապետն է։

Շարունակելի

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   804 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ