...

Օրենք Պետաիրավական հանձնաժողովի մասին

Օրենք Պետաիրավական հանձնաժողովի մասին

«ՉԻ» խմբակցություն

Հաշվի առնելով Հայաստանում առկա սահմանադրական ճգնաժամը, վեթինգի և դատաիրավական համակարգում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը, 

Մեծապես կարևորելով ուժային կառույցներում քաղաքական փոփոխություններ կատարելու հրամայականը, 

Առաջնորդվելով 2018թ. թավշյա հեղափոխության ընթացքում առաջ քաշած կարգախոսներով,  

Առաջարկում ենք սեղմ ժամկետներում ընդունել նոր օրենք ԱԺ պետաիրավական հանձնաժողովի մասին։

Սույն օրենքի ընդունումը կնպաստի Հայաստանում իշխանության տարբեր մարմինների միջև հահակշիռների կայացմանը, և ժողովրդավարությունը անշրջելի գործընթաց կդարձնի հասարակության համար:

Եվ այսպես.
 
Օրենք Պետաիրավական հանձնաժողովի մասին
 (նախագիծ)

 
Հոդվ. 1. Պետաիրավական հանձնաժողովը խորհրդարանի համարյա գործող կառույց է։

Հոդվ. 2. Պետաիրավական հանձնաժողովը.

ա. Օրենքներ է ընդունում, հետո՝ մերժում,

բ. Սահմանում է Սահմանադրական դատարանի աշխատողների աշխատավարձերի չափերը։

Հոդվ. 3. Պետաիրավական հանձնաժողովի նախագահ կարող են դառնալ 27 տարին լրացած ՀՀ այն քաղաքացիները, ովքեր.

ա. Ծնվել են իրավական նորմերին համապատասխան,

բ. Բարձրագույն կրթություն ստանալիս իրենց խելոք են պահել,

գ. Առնվազն 1 (մեկ) անգամ քայլել են ՀՀ վարչապետի, ԱԺ նախագահի և սույն օրենքով նախատեսված այլ հեղափոխականների կողքին,

դ. Ունեն կոկիկ սանրվածք, ընդգծված բարեհամբույր տեսք և Samsung Galaxy A50:

Հոդվ. 4. Պետաիրավական հանձնաժողովի նախագահը.

ա. Ակտիվորեն հետևում է ՀՀ-ում սահմանադրական ճգնաժամին, ընթերցում հասարակական-քաղաքական կյանքին նվիրված հոդվածներ,

բ. Ստուգում է Սահմանադրական դատարանից ստացվող մեյլերը և դրանք «forward» անում ՀՀ կառավարություն,

գ. Հավանության է արժանացնում կառավարության բոլոր այն օրենսդրական նախագծերը, որոնց առջև «պտիչկա» է դրված,

դ. Մասնակցում է ասուլիսների, քննարկումների, որտեղ հիմնավորում է, թե ինչու է զբաղված միայն ասուլիսների և քննարկումների մասնակցելով,

ե. Հնարավորինս բարդ ու անհասկանալի կերպով բացատրում է, թե ինչու են դատաիրավական համակարգի բարեփոխումներին միտված լուրջ օրենսդրական նախաձեռնությունները մերժում, 

զ. Իշխանություն - Սահմանադրական դատարան հակամարտությունում ցուցաբերում է չեզոքություն,

է. Խիստ տոնով մեկնաբանում է ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի գործունեությունը:

Հոդվ. 5. Պետաիրավական հանձնաժողովի նախագահին քննադատելը համարվում է ոտնձգություն ժամանակի նկատմամբ և պատժվում է ստատուսի ողջ խստությամբ։

Հոդվ. 6. Պետաիրավական հանձնաժողովի նախագահի ծախսերը համարվում են պետական գաղտնիք և հրապարակման ենթակա չեն։

Հուսով ենք՝ խորհրդարանը սույն նախագիծը կընդունի առանց էական շտկումների։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1841 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ