...

Օրենք ՏԻՄ ընտրությունների մասին

Օրենք ՏԻՄ ընտրությունների մասին

Հաշվի առնելով տեղական ինքնակառավարման մարմինների բացառիկ դերը պետական կառավարման համակարգում, ինչպես նաև մեծապես կարևորելով դրանց արդյունավետ կիրառումը համապետական ընտրություններում ցանկալի արդյունքի հասնելու նպատակով, առաջարկում ենք անհապաղ ընդունել նոր օրենք ՏԻՄ ընտրությունների մասին։ Սույն օրենքի ընդունումը ոչ միայն օրենսդրորեն կկարգավորի վիճահարույց խնդիրների հանգուցալուծման մեխանիզմները, այլև հերթական անշրջելի քայլը կդառնա ոչ բռնի, թավշյա, ժողովրդավարական հեղափոխության արժեքների արմատավորման ճանապարհին։ Եվ այսպես։

Հոդվ․ 1․ Տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ՝ ՏԻՄ) ընտրություններ են համարվում այն զանգվածային միջոցառումները, որոնց նպատակը իշխող քաղաքական ուժի ներկայացուցչին համայնքապետ նշանակելն է։

Հոդվ․ 2․ Իշխող քաղաքական ուժի ընտրացուցակը գլխավորող ապագա համայնքապետը․

ա․ Նշանակվում է համայնքապետի պաշտոնակատար ոչ ուշ, քան ընտրությունների օրվանից 30 օր առաջ,

բ․ Սաստիկ մտահոգվում է ընտրական տարիքի քաղաքացիների սոցիալական վիճակով,

գ․ Համայնքային բյուջեի հաշվին նյութական աջակցություն է ցուցաբերում սոցիալապես խոցելի խմբերին և դրանցում ներգրավված քաղաքացիների ընտրական ակտիվությունը երաշխավորող կառույցներին (այսուհետ՝ տասովչիկներ), 

դ․ Իրականացնում է օրենքով համարյա չարգելված այլ գործողություններ։

Նույն գործողությունները՝ իրականացված այլ քաղաքական ուժերի կողմից, հանգեցնում են քրեական հետապնդումների և (կամ) իշխող քաղաքական ուժի հետ համագործակցության հուշագրի ստորագրման։

Հոդվ․ 3․ Իշխող քաղաքական ուժից բացի որևէ այլ ուժի՝ ընտրությունների արդյունքներով բացարձակ կամ հարաբերական մեծամասնություն ստանալու դեպքում իրականացվում են հետևյալ միջոցառումները․

ա․ Ցուցակը գլխավորողի և (կամ) ավագանու անդամների ծեծում,

բ․ Քրեական գործերի հարուցում՝ ֆինանսական փոխհատուցում ենթադրող հոդվածներով,

գ․ Կալանավորում և հետագայում խափանման միջոցի փոփոխություն՝ գրավի դիմաց։ Որպես գրավի առարկա կարող են դիտարկվել բացառապես տվյալ ուժի ստացած մանդատները։

Իշխող քաղաքական ուժի հաճախորդ հանդիսացող քաղաքական ուժերի հաղթանակի դեպքում սույն գործողություններն իրականացվում են պարզեցված ընթացակարգով։

Հոդվ․ 4․ Պատահաբար կամ չարամտորեն իր աշխատանքային պարտավորությունները պատշաճ կատարող համայնքապետերին անվստահություն հայտնելու գործընթացն իրականացվում է սույն օրենքի հոդվ․ 3-ի «ա» և «բ» կետերում սահմանված գործիքակազմով։ Սույն միջոցառումների դատաիրավական հիմնավորումների ապահովումից հրաժարվողները համարվում են վնգստացողներ և ենթակա են պատասխանատվության նույն գործիքակազմով։

Հոդվ․ 5․ Միջազգային կառույցները ՏԻՄ ընտրությունները գնահատում են որպես ժողովրդավարության չափանիշներին համապատասխանող։ Այլ գնահատականներ հնչեցնող կառույցները հռչակվում են «յոնջաներ» ոչ ուշ, քան ընտրությունների ավարտից 7 օր անց։

Հոդվ․ 6․ Օրենքն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և ենթակա է փոփոխության ըստ նպատակահարմարության։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2194 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ