...

Ով ենք մենք աշխարհի համար

Ով ենք մենք աշխարհի համար

Աշխարհիս մեծերին հիշում ենք, երբ ընկնում ենք ազգային հերթական աղետի մեջ: Եվ սկսում ենք բողոքել, որ մեզ չպաշտպանեցին: Հետո փորձում ենք նրանց ցույց տալ հենց իրենց շահերը:

Ինքներս մեզ համոզում ենք, թե անհրաժեշտ ենք, օրինակ, Ռուսաստանին, և այդ երկիրը պետք է զբաղվի մեր խնդիրներով, որովհետև եթե մենք չլինենք, կկորցնի Կովկասը: Եվրոպային էլ ենք հույժ անհրաժեշտ, քանի որ քրիստոնյա ենք, ժողովրդավար, մի երկու տարի առաջ հեղափոխություն ենք արել, ամեն Աստծու օր խոսում ենք ժողովրդի իշխանությունից, կոռուպցիայի դեմ պայքարից և այլն: Իսկ ահա Ամերիկայում Թրամփին փոխարինել է Բայդենը, որը հայերիս հետ լավ է, ուրեմն գուցե ճանաչի Ցեղասպանությունը, Թուրքիայի հախից գա և չեղարկի 2020 թ. նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթուղթը: Սևրի մասին հանկարծ չմոռանանք...

Անկախանալուց հետո մեզ հասած ծանրագույն փորձությունները հաղթահարելուն զուգահեռ, երկրիս իշխանությունը ձգտում էր հարաբերություններ հատատել աշխարհի հետ: Պնդում ենք, որ սա պատերազմելուց պակաս դժվար չէր: Ինչո՞ւ: Որովհետև Հայաստանը աշխարհի հետ ինքնուրույն հարաբերվելու փորձ չուներ:

Չմոռանանք, որ մեր ժողովուրդն անկախություն էր ձեռք բերել հարյուրամյակներով, օտար կայսրությունների հպատակ լինելուց հետո: 1918-20 թթ. պետության փորձը բնավ բավարար չէր, անբավարար, նույնիսկ վնասակար էր ազգային համայնքի դիրքերից որևէ պետության իշխանության հետ հարաբերությունների օրինակը, ինչպես նաև Խորհրդային Հայաստանի և կենտրոնի միջև եղած կապերինը: Նոր էինք սովորում: Սակայն պետք է արձանագրենք, որ ունեցանք որոշակի հաջողություններ՝ ապացուցելով պետության սուբյեկտայնությունը: Նշենք 90-ականների հաջողություններից միայն մեկը. Արցախյան առաջին պատերազմի ժամանակ և դրանից հետո աշխարհիս մեծերից որևէ մեկի մտքով չանցավ Հայաստանը ագրեսոր երկիր համարելը: 

Բայց... Բայց հետո ընկանք մի վիճակի մեջ, որի հետևանքը տեսնում ենք այսօր: Երկիրը կորցնում է ինքնիշխանության, գոյության ռեսուրսը: Արևմտամետ պրոպագանդիստները պնդում են, որ մեղավորը ռուս-թուրքական դաշինքն է, ռուսամետները պնդում են, որ սա արևմտյան դավադրություն է և այլն: Մի խոսքով՝ դարձյալ մեր քթից այն կողմ չենք տեսնում: Մենք չենք տեսնում, թե ինչ է մնացել Հայաստանից պատերազմից հետո, թե ինչ արժեք ունի Հայաստանը աշխարհաքաղաքական այս կամ այն կենտրոնի համար: Մենք նույնիսկ չենք հասկանում, թե ինչ արժեք է հայկական անկախ պետականությունը մեզ համար: Եվ այսպես, ներկայացնենք, թե ինչ ենք աշխարհի համար:

1. Ռուսաստանի համար հիմա մի տարածք ենք, որտեղ այդ երկիրն ունի ռազմական ներկայություն: Պատերազմի ընթացքում և դրանից հետո, կարծում ենք, Հայաստանը վերջնականապես կորցրեց դաշնակցի, գործընկերոջ առանց այդ էլ թույլ դերը, որովհետև ներկա իշխանությունը, ավելի ճիշտ՝ Ն. Փաշինյանը գերագնահատեց սեփական դերը և երկիրը դուրս դրեց բանակցային գործընթացից: Ռուսները շատ ժամանակ և հավես չունեին գավառական ամբիցիաներին դիմանալու և պայմանավորվեցին Թուրքիայի հետ:

2. Եվրոպական երկրները և ԱՄՆ-ը ողջունել էին 2018 թ. հեղափոխությունը՝ հույս փայփայելով, որ նոր իշխանությունը Հայաստանը կվերադարձնի ժողովրդավարական երկրների ընտանիք, նորից կսկսի հարաբերվել աշխարհի հետ՝ նրան հասկանալի լեզվով: Սակայն Ն. Փաշինյանը 2,5 տարուց ավելի զբաղված էր միայն պոպուլիստական ելույթներով, մի ծայրահեղությունից ընկնում էր մյուսը: Այսպես՝ 2018 թ. օգոստոսի 17-ի հանրահավաքում Ն. Փաշինյանն ուզում էր աշխարհի ժողովրդավարական երկրներից ավելի ժողովրդավար լինել և խոստանում էր, որ բոլոր կարևոր հարցերի լուծումը վճռվելու է հրապարակում: Բա՛, հարգելի՛ Եվրոպա: Մերոնք աննախադեպության դաս էին փորձում տալ նաև ձեզ: Հետո նա փորձեց ազգայնականներից ավելի ազգայնական լինել, գովերգեց Սևրի պայմանագիրը, հայտարարեց՝ Արցախը Հայաստան է, և վերջ.., 2.5 տարում որևէ էական, օրենսդրական լուծում չստացան կարևոր խնդիրները, արածն էլ կիսատ-պռատ էր: Արցախյան բանակցություններից հրաժարվելը, սեփական կետը առանցք դարձնելը ապտակ էր նաև Արևմուտքին:

3. ԱՄՆ-ը, անշուշտ, իր շահերն ունի տարածաշրջանում: Թե՛ ԱՄՆ, թե՛ եվրոպական շատ երկրների համար Թուրքիան դաշնակից է, որքան էլ խնդիրներ առաջանան այդ երկրի հետ: Թուրքիան դաշնակից է, ՆԱՏՕ-ի անդամ, հզոր բանակ ունի և ճկուն քաղաքականություն: Ի՞նչ եք կարծում, ԱՄՆ-ը իր շահերը կզոհաբերի՞ հանուն Հայաստանի...

Ծանրագույն վիճակում ենք, բայց պետք է աշխարհի հետ հարաբերվելու լեզու սովորենք, պետք է հաշվի նստենք գրված և չգրված օրենքների հետ, եթե ուզում ենք ապրել:

Զարուհի Գաբրիելյան    

«Չորրորդ իշխանություն», թիվ 11, 2021
        

ՎԱՐԿԱՆԻՇ

   1267 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ