...

Քարտեզի՛ն նայեք

Քարտեզի՛ն նայեք

Անցյալ տարվա նոյեմբերից սկսած՝ ինքներս մեզ մխիթարում ենք, թե պարտված այլ երկրներ կարողացել են ոտքի կանգնել և նույնիսկ հզորանալ: Օրինակներն էլ, իհարկե, Գերմանիան և Ճապոնիան են: Գերմանիան ավելի հոգեհարազատ է: Գայթակղիչ հեռանկար է: Բայց մեզ համար չէ: Եվ ոչ թե այն պատճառով, որ մենք գերմանացիների չափ ճշտապահ ու աշխատասեր չենք, այլ որովհետև բոլորովին այլ աշխարհաքաղաքական պայմաններում ենք: 

Հայաստանը փոքրիկ երկիր է, որ շրջապատված է խնդրահարույց հարևաններով:

ԱՄՆ-ը Հայաստանի վերականգնման համար միլիարդներ չի ներդնելու, այսինքն՝ Գերմանիայի վերելքին նպաստած Մարշալի պլանը մեզ չի սպառնում:

ԱՄՆ-ը Երկրորդ աշխարհամարտից հետո մրցակցում էր Խորհրդային Միության հետ՝ հանուն Եվրոպայի. հանուն Հայաստանի դժվար թե մրցակցության մեջ մտնի:

Արևմուտքը երբեք հանուն հայերիս Թուրքիայի հետ հարաբերություններ չի փչացնի: Այդ ոչ դեմոկրատական երկիրը ՆԱՏՕ-ի հզոր անդամներից է: 

Արևմտյան բիզնես էլիտաները տնտեսական շահեր ունեն Թուրքիայում և Ադրբեջանում, բայց չունեն Հայաստանում:

Հետևաբար Գերմանիայի օրինակը մեզ համար ոչինչ չի նշանակում:

Մեր տարածաշրջանում ակնհայտ արևմտյան և հակառուսական կողմնորոշում ունեցող Վրաստանի օրինակը նույնպես կործանարար կլինի, քանի որ այնտեղ իշխում է թուրքական կապիտալը. թուրքերը գրավում են այդ երկիրը՝ առանց զենքի:

Ստացվում է, որ արտաքին աշխարհում ընտրության հնարավորություններ մենք չունենք: Այժմ հետաքրքիր ենք միայն Ռուսաստանի համար:

Գուցե սա վիրավորում է մեր սրտի նուրբ լարերը: Բայց իրականությունը պետք է ընդունել, և գնալ առաջ՝ միայն մեկ նպատակ հետապնդելով. պետք է պահել երկիրը:

Զարուհի Գաբրիելյան     

«Չորրորդ իշխանություն», թիվ 13, 2021

ՎԱՐԿԱՆԻՇ

   1126 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ