...

Ով ճնշի, ում բշտի Բուքիքիոն

Ով ճնշի, ում բշտի Բուքիքիոն

ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի և ԵԽԽՎ  համազեկուցողների «շագանակագույն հայտարարությունը» ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հուշում է, որ այդ հանձնաժողովում նախկին իշխանության ներկայացուցիչների լոբբիստական ջանքերը տալիս են իրենց համար ցանկալի արդյունք: Մեծ է նաև տեղական լոբբիստների ավանդը քաղաքակիրթ եղանակով ու իրավական ճանապարհով նոր ՍԴ ձևավորելու` իշխանության ջանքերը վիժեցնելու, միջազգային կառույցներին ապակողմնորոշելու հարցում:

Նշենք, որ հիշյալ հանձնաժողովում ՀՀ-ն ունի ներկայացուցիչներ՝ ՍԴ և ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյան (1997-ից)՝ որպես հիմնական անդամ, սահմանադրագետ, 2015-ի սահմանդրական բարեփոխումների ճարտարապետներից Վարդան Պողոսյան` փոխարինող անդամ, որը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վաղեմի ընկերն է, Արա Խզմալյան` երկրորդ փոխարինող անդամ, և ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյան: Այս օրերին գրեթե բոլորը, և մասնավորապես խորհրդարանական ընդդիմությունը, երկյուղած մեջբերումներ են անում Բուքիքիոյի հայտարարությունից, նշում, որ ՍԴ ճգնաժամը լուծելու` ՀՀ  իշխանության քայլերը ոչ մի լավ տեղ չեն տանում և այս ամենի վերջը կառավարող ուժին «անկյուն կանգնեցնելն» է լինելու: 

Բուքիքիոն` մանիպուլյացիայի զոհ

Վենետիկի հանձնաժողովի նախագահը խնդրո առարկա հայտարարության մեջ մտահոգություն է հայտնում ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին և կիսում է այդ մասին ԵԽԽՎ համազեկուցողների մտահոգությունները: Դրանք հիմնականում վերաբերում են ՍԴ անդամների վրա իբրև թե գործադրվող ճնշումներին: Վենետիկի հանձնաժողովի նախագահն իր հայտարարության մեջ նաև հղում է անում ավելի վաղ` 2019-ի հոկտեմբերին հրապարակած Վենետիկի հանձնաժողովի այն հանձնարարականին, ըստ որի` ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու ցանկացած սխեմա պետք է լինի կամավոր և բացառվի դատավորների վրա ցանկացած տեսակի քաղաքական ու անձնական ճնշում: Այն չպետք է ազդի նաև ՍԴ-ում քննվող գործերի ելքի վրա: Իսկ այդ ինչ ճնշումների մասին են ահազանգում Բուքիքիոն ու համազեկուցողները:

Մինչև այս` համազեկուցողների ու Բուքիքիոյի հայտարարությունները նախկին ռեժիմը սանձազերծեց միջազգային հանրությանը մանիպուլացնելու օպերացիա, որը, փաստորեն, տվեց իր արդյունքը: Ինչի մասին է խոսքը. նախկինները նախ մամուլի միջոցով ՍԴ դատավորների նկատմամբ իբրև թե կիրառվող ճնշումների մասին տեղեկատվական հիմք ստեղծեց, որին հղում անելով էլ պետք է գանգատվեին Բուքիքիոյին «շշպռիչ արձագանք» ակնկալելով: Նախ «Հրապարակը» հունվարի 10-ի իր համարում գրեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գաղտնի հանդիպում է ունեցել ուժային բոլոր կառույցների ղեկավարների հետ և մեկ շաբաթ ժամանակ է տվել ՍԴ դատավորներին հեռացնելու հարցը լուծելու համար: «Ժողովի ընթացքում քննարկվել են դատավորներին հրաժարական հարկադրելու տարբեր սցենարներ, հանձնարարվել է չխնայել անգամ ՍԴ դատավորների ընտանիքներին, մերձավորներին ու ընկերներին»: Նախկին իշխանության արբանյակ քաղաքագետներն ու վերլուծաբանները սկսեցին «եփել» դոսյեների թեման` իշխանությանը մեղադրելով անբարոյականության և սրբապղծության մեջ:

Մեկ օր անց թեման զարգացնելու հերթը «168 ժամ»-ինն էր: «ՍԴ դատավորներից երկուսի հանդեպ առաջիկա օրերին, ամենայն հավանականությամբ, հրաժարական ներկայացնելու ուժեղ ճնշում կլինի՝ փորձելով հասնել նրան, որ նրանք հրապարակավ հայտարարեն, թե «կամովին» օգտվում են վաղ կենսաթոշակի օրենքից: Իրավապահ համակարգի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Ոստիկանության 7-րդ վարչությունը նեղ անձնական բնույթի տեղեկություններ է հավաքագրել նշված երկու դատավորների վերաբերյալ, որոնց անունները հայտնի կդառնան առաջիկա օրերին և հասկանալի պատճառներով չենք հրապարակում»,- գրեց թերթը:

Իշխանության որոշ ներկայացուցիչներ սա որակեցին սադրանք ու մանիպուլյացիա` պնդելով, որ եթե այդ եղանակով ՍԴ դատավորներին տուն ուղարկելու միտք ունենային, ապա ժամանակ չէին վատնի ու համապատասխան օրենք չէին գրի: Մի քանի օր անց` հունվարի 15-ին, հայտնի դարձավ, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը տեսակապի միջոցով զրուցել է Ջ. Բուքիքիոյի ու եվրոպական մի քանի այլ պաշտոնյաների հետ:  ՍԴ կայքից տեղեկանում ենք, որ զրույցի ընթացքում մանրամասն քննարկվել են Ջ. Բուքիքիոյի 2019 թվականի հոկտեմբերի 29-ի հայտարարությունից և վաղ կենսաթոշակի մեխանիզմ նախատեսող օրենքի ընդունումից հետո ՍԴ-ի շուրջ ծավալված անցքերը:

Հաջորդիվ` «Հրապարակ»-ը տեղեկատվական արտահոսք կազմակերպեց այդ տեսազրույցի մասին, և հղում անելով ՍԴ իր աղբյուրին՝ գրեց. «Բուքիքիոն ասել է. «Վենետիկի հանձնաժողովը Եվրոպայի սահմանադրական կարգի պահապանն է, ՍԴ նախագահները հանձնաժողովի գործընկերներն են, ուստի իրենք թույլ չեն տա, որ նրանց վրա ճնշումներ, անհարկի հետապնդումներ լինեն, անձեռնմխելիության նորմերը ոտնահարեն»: Դա «կզսպի՞» կարմիր գծերը հատած ՀՀ իշխանություններին։ «Կդժվարանամ ասել, սակայն Բուքիքիոն առաջին հերթին հետաքրքրվել է վաղաժամ թոշակի օրենքի կամավորության սկզբունքով, նա լավ գիտի, որ հարուցվել են քրեական գործեր, դոսյեներ են հավաքվում»: Բուքիքիոն, ըստ մեր աղբյուրի, վստահեցրել է, որ եթե նորմերը չպահպանվեն, իրենք խիստ հայտարարություն կընդունեն»,- գրեց թերթը: 

Օրեր անց կապանյան իր ասուլիսում Նիկոլ Փաշինյանը «ճնշումների» մասին տեղեկատվական առիթ տվեց` անդրադառնալով հայտնի գրիչի պատմությանը, ինչը նոր «օչոկներ» բերեց Թովմասյանին: Նա հունվարի 28-ին «168 ժամ» թերթի խմբագիր և «Պրեսսինգ» հաղորդման վարող Սաթիկ Սեյրանյանին հյուր գնաց ու խրոխտ հայտարարեց` մինչև վերջ գնալու եմ: ՍԴ դատավորների` վաղ կենսաթոշակի գնալու վերաբերյալ էլ ասաց. «Վաղ կենսաթոշակի օրենքի հետ կապված՝ Վենետիկի հանձնաժողովն ասել էր, որ պետք է լինի պարտադիր կամավոր ու կապված չլինի որևէ գործի հետ: Կամավորության մասով ասեմ, որ նախագահի ստորագրելուց հետո «պատահական» զուգադիպությամբ ՍԴ-ում հայտնվում է ՀՔԾ քննիչը։ Ես ուզում եմ հասկանալ, թե որն է շտապելու պատճառը, ո՞վ էր ընկել ձեր հետևից, որ արագացված ռեժիմով քննարկեցիք, ինչո՞ւ 2 ամիս, ինչո՞ւ ոչ՝ 3, 4: Ինչո՞ւ ընդհանրապես չեք թողնում՝ երբ կմտնի ուժի մեջ, կմտնի, մի օր էլ շուտ մտնի, լավ: Ինչ-որ բաների հե՞տ է գուցե կապված։ Իսկ մի պահ մտածե՞լ եք՝ դրանից հետո ի՞նչ է լինելու, ինչո՞ւ չեք գրել, որ թոշակի անցնելուց հետո դատավորները շարունակում են պաշտոնավարել՝ մինչև իրենց փոխարեն նոր մարդկանց նշանակումը, հակառակ դեպքում կարող եք ՍԴ իրական ճգնաժամ ստանալ...»: Կասկածից վեր է, որ Թովմասյանը այս նույն տեքստը` նույն փաստարկներով, արտաբերել է տեսակապի ժամանակ` հարուցելով եվրոպացի պաշտոնյաների վրդովմունքն ու անհանգստությունը: Ուստի պատահական չէ, որ այս ամենից հետո միայն եղան ՀՀ հարցով համազեկուցողների, ապա` Բուքիքիոյի «վենետիկյան նատացիաներով» լի հայտարարությունները: 

Հեղինե Մանուկյան  

Հ.Գ. Ինչ վերաբերում է ճնշումներին, ապա նկատենք, որ հենց նախկին իշխանության ներկայցուցիչները առանձնակի դաժանությամբ քննադատեցին վաղ կենսաթոշակի անցնելու վերաբերյալ օրենքը` չխնայելով նույնիսկ այն ստորագրած ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Արմեն Աշոտյանը նույնիսկ ներողություն խնդրեց նրան ժամանակին նախագահ ընտրելու համար: Խորհրդարանական ընդդիմության, ինչպես նաև ՀՀԿ-ական կարկառուններից շատերն էլ ահաբեկեցին օրենքի շահառուներին, թե` գալիք իշխանությունը նրանց քթերից բերելու է այդ թոշակն ու ենթարկելու է քրեական պատասխանատվության: ԵԽԽՎ-ում աշխատանքի մեծ փորձ կուտակած Արփինե Հովհաննիսյանն էլ ՍԴ դատավորների ավանսով անվանեց «նպաստի համար ամենակարևոր մարտի ժամանակ ՊԱՏԻՎ ՎԱՃԱՌԱԾՆԵՐ»: Այստեղ են ասել` ով ճնշի, ում բշտի Բուքիքիոն: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1624 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ