Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին խոսել է 44-օրյա պատերազմի՝ իր մեղավորության ու իրեն վերագրվող մեղադրանքի, այն է՝ դավաճանության մասին. «․․․Որովհետև հանձնելով գուցե կփրկեի հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով՝ փաստորեն հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձա: Եվ թերևս նմանօրինակ դեպքերի համար է ծնվել հայտնի ասացվածքը, որն ասում է. դա ավելին է, քան հանցագործությունը, դա սխալ է: Կամ ինչպես մեր դեպքում կասեինք՝ դա ավելին է, քան դավաճանությունը, դա սխալ է»:
Այո, դա ավելին է, քան դավաճանությունը, և լավ է, որ Փաշինյանը սրա մասին հրապարակային խոստովանում է։ Այդ խոստովանությունն այսօր արդեն ոչինչ է, որովհետև խոստովանության պահն էլ բաց է թողել, ինչպես բաց է թողել հազարավոր կյանքեր փրկելու նախ գիտակցման, ապա դրա համար կոնկրետ քայլեր ձեռնարկելու պահը։ Խոստովանությունը ներման հնարավորություն է տալիս շատ հաճախ, բայց սա այդ դեպքը չէ։ Ինչո՞ւ, որովհետև Փաշինյանի խոսքը անկեղծության խոսք չէ, այն ավելի շուտ անելանելի վիճակում հայտնված մեկի խոստովանություն է և ավելի շատ հարցեր է առաջացնում, քան կարեկցանք։ Խոստովանությունը նոր գիտակցություն ու նոր վիճակ է սահմանում մարդու, նրա ընկալումների համար։ Այդպե՞ս է, անշուշտ՝ ոչ։ Փաշինյանը շարունակում է նույն գործելաոճով առաջ շարժվել՝ չի խոսում հասարակության հետ, չի ասում, թե ինչ է բանակցում դրսերում, չի հրապարակում այն ճանապարհային քարտեզը, որով պատրաստվում է խաղաղության դարաշրջան բերել։ Մինչդեռ պարտավոր է։ Պարտավոր է նույն սխալը չանել, որովհետև դա այլևս ոչ թե սխալ կնշանակի, այլ պարզապես վերջ կդնի այն ամենին, ինչը լավ կամ վատ, կիսատ ու պռատ արարել ենք 30 տարում։
Գոհար Վեզիրյան