Առողջապահության նախարարությունը խորհուրդներ է տվել, թե ինչ պետք է անել COVID-19-ի թեթև դեպքերի՝ տանը բուժման կազմակերպման ժամանակ: Մասնավորապես, նախարարության տեքստում գրած է. «Ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել պացիենտի պարագաները (ատամի խոզանակ, ծխախոտ, սպասք, ուտելիք, ըմպելիք, սրբիչներ, կտորներ կամ սպիտակեղեն)»:
«ՉԻ». Նախարարության պատասխանատուները պետք է մի փոքր ուշադիր լինեն նման տեքստեր գրելուց: Որովհետև ստացվում է, որ ուրիշի ատամի խոզանակը կարելի է օգտագործել, եթե այդ ուրիշը վարակված չէ կորոնավիրուսով: Այսինքն, այս ցանկի մեջ ատամի խոզանակը նշելն անիմաստ է:
Մենք հասկանում ենք, որ նախարարությունն աշխատում է արտակարգ ռեժիմով, շուրջօրյա, շատ բժիշկներ օրը 2-3 ժամ են քնում: Բայց մյուս կողմից, մեզ տհաճ է, որ նման ոչ «հանցավոր» վրիպակների վրա այսպես կոչված ընդդիմադիրները «կայֆեր» են բռնում: Դե, քոչարյանական զանգվածն այս շաբաթ այնպիսի անբարոյական արտահայտություններ է արել (ինչ ասես արժե միայն Հովհաննես Շահինյանի հայտարարությունը, որ սպանդի զոհ դարձած Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, մարտի 1-ին «Մոլոտովի շիշ» է շպրտել ոստիկանների վրա), որ դրանց վրա զարմանալ պետք չէ, հիմնական հրճվողները իրենք են, դրա համար ենք նախարարության աշխատակիցներին ասում, որ ուշադիր լինեն:
«Չորրորդ իշխանություն», թիվ 26, 2020