«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրել է. «Դեռևս ապրիլին, երբ իշխանությունը հայտարարում էր, թե դիմակներ կրելու կարիք չկա, քանի որ «կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա...», իսկ դիմակների լուրջ դեֆիցիտ կար, «Հայրենիք» հիմնադրամն արտադրում էր դիմակներ և բաժանում մարդկանց:
Մենք էինք առաջինը, որ դիմակների դեֆիցիտի ժամանակ արտադրում և բաժանում էինք դիմակներ, քանի որ, ի տարբերություն իշխանության, վաղուց գիտեինք ու պնդում էինք, որ դիմակ կրելը կկանխի վարակի լայնածավալ տարածումը»:
«ՉԻ». Չէ, ոնց որ թե լուրջ քաղաքական ուժ է այս «Հայրենիքը»: Այս տեմպերով շարունակեն, մի օր էլ կպարզվի, որ առաջինը իրենք են Շուշի մտել, ատոմակայանի 3-րդ էներգաբլոկը «խոդի» գցել ու «լավրովյան» պլանը ձախողել:
Ի դեպ, սա էլ էր նորություն. առաջին անգամ ենք լսում, որ որևէ հիմնադրամ ինչ-որ բան է արտադրում: Այդ առումով «Հայրենիք» հիմնադրամը Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու բոլոր շանսերն ունի: Այո, մարդուն հարցնում ես՝ ապեր, որտե՞ղ ես աշխատում: Թե բա՝ «Հայրենիք» հիմնադրամում: Բա ի՞նչ ես աշխատում: Հեչ, դիմակ ենք արտադրում: Մենակ չասեք, թե «Հայրենիք» հիմնադրամը նաև պղնձի խտանյութ է արտադրում:
Բայց սաղ հեչ, մեզ ուրիշ բան է հետաքրքրում. բա որ հենց սկզբից պնդում էիք, որ դիմակ կրելը կկանխի վարակի լայնածավալ տարածումը, բա ո՞նց եք հարաբերվել ԲՀԿ-ի հետ, նրանց հետ հանդիպել, հեղաշրջում իրականացնելու ծրագրեր մշակել: Եթե ճիշտ ենք հիշում, ԲՀԿ-ում դիմակ կրելը «զապադլո» է համարվում: Ու դուք նման քաղաքական ուժի հետ դաշինք ե՞ք կազմում, փոխանակ դատապարտեք, Արթուր Վանեցյանն էլ քաշի Գևորգ Պետրոսյանի ականջները:
«Չորրորդ իշխանություն», թիվ 17, 2020