...

Պահանջում են էկո վնասի փոխհատուցում

Պահանջում են էկո վնասի փոխհատուցում

Հանրային պահանջի արշավ 

Լոռու մարզի Մեծ Այրում համայնքի բնակիչները դեռ նախորդ տարվանից արշավ են սկսել համագյուղացի Հարություն Դանիելյանի ընտանիքին հասցված վնասներին փոխհատուցում տալու նպատակով:

Փետրվարի 25-ին էլ հավաքվելու են համայնքում գտնվող «Նահատակ» պոչամբարի մոտ, տեղում իրավիճակին ծանոթանալու և իրենց պահանջները ներկայացնելու պատկան մարմիններին:

Պոչամբարին ամենամոտ գտնվող տունը Դանիելյաններինն է: Ընտանիքի անդամները հաճախ են գանգատվում առողջական խնդիրներից:

Հարություն Դանիելյանն անհանգստացած է հատկապես 3 անչափահաս երեխաների ճակատագրով: Նրանք հաճախ են պոչամբարի ափին խաղում և տրտնջում առողջությունից: Երեխաները մի քանի անգամ ստացիոնար և ամբուլատոր պայմաններում բուժում են ստացել: Որդին գանգատվում է աչքերի կարմրությունից: Բժիշկն ասել է, որ խնդիրը հնարավոր է օդի աղտոտվածությունից առաջացած լինի:

«Ստեղ հնարավոր չէ ապրել: 3 տարեկան երեխան խի՞ պիտի ասի գլուխս ցավում է, սիրտս խառնում է, էն մեկն ասում է՝ փորս ցավում է: Ամեն օր նույն վիճակն է, մենք էլ նույնը: Եթե ամռանը ճանապարհով անցնելիս լինեք, մի րոպե կանգնեք, աչքերդ չես կարողանա բացել, այ տենց վառում է»,- «ՉԻ»-ի հետ զրույցում սրտնեղեց Հարություն Դանիելյանը:

Հայրն էլ սրտանոթային հիվանդությունից է տառապում՝ ստենտավորում են արել:

Միայն Դանիելյանների ընտանիքում նման խնդիրներ ունեցողներ չկան. գյուղում շատ են բնակիչները, որոնք սրտանոթային հիվանդություններով և գլխացավերով են տառապում:

Ընտանիքը չի կարողանում նույնիսկ իր աճեցրած բանջարեղենից օգտվել: Անասնապահությամբ էլ չեն կարողանում զբաղվել և ապրուստ հոգալ:

«Հավի ձուն, որ տանում եմ Ալավերդի՝ ծախեմ, չեն առնում: Ասում են՝ ձեր Այրումի ձուն թունավոր է: Հավերն այդ պոչամբարի մոտ են լինում»,- դժգոհեց նա:

Համագյուղացուն օգնելու նպատակով էլ հանրային պահանջի արշավ են սկսել:

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանի խոսքով՝ իրենք այդ օրը բոլորին են հրավիրում համայնք՝ իրավաբանների, բժիշկների, պատգամավորների, իսկ արշավի ժամանակ պոչամբարի հասցրած վնասներն ու իրենց պահանջները գրելու են և փոխանցելու պատկան մարմիններին:

Ծանր մետաղներ՝ միրգ-բանջարեղենում

2018-2019 թվականներին «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի և քիմիական անվտանգության հարցերով զբաղվող չեխական «ԱՐՆԻԿԱ» կազմակերպության համագործակցությամբ իրականացվել են հետազոտություններ, որոնք հիմնավորում են Մեծ Այրումում, Ախթալա համայնքի և Ալավերդի համայնքի մի շարք բնակավայրերում հանքարդյունաբերական աղտոտիչների առկայությունը և դրանց տարածումը հողերում, միրգ-բանջարեղենում և մարդու օրգանիզմում։

Նմուշառումներ են վերցվել նաև Դանիելյանների տնամերձ հողամասից և ընտանիքի անդամներից։ Վերցված հողի, միրգ-բանջարեղենի նմուշառումները ցույց են տվել տարածաշրջանում ծանր մետաղների բարձր կոնցետրացիաներ, որոնք գերազանցում են ազգային և միջազգային ստանդարտները բազմաթիվ անգամներ, մասնավորապես մեծ են մկնդեղի, կադմիումի և պղնձի քանակները։

Դիմելու են դատարան

Դանիելյանների ընտանիքը պահանջում է փոխհատուցում ստանալ բնակարանի և մշակման նպատակով ոչ պիտանի դարձած տնամերձ հողամասի դիմաց: Անցկացնել ընտանիքի անդամների առողջության համալիր բուժզննում։ Հիվանդությունների առկայության պարագայում ապահովել ընտանիքի անդամների անվճար լիարժեք բուժումը:

«Պահանջում ենք էկո վնասի փոխհատուցում: Հավաքվելու ենք և տվյալ ընտանիքի խնդիրներն ենք բարձրաձայնելու: Այդ ընտանիքի տունն անմիջապես պոչամբարի ափին է: Հիմա ամբողջ Հայաստանից փորձում ենք մարդկանց ներգրավել: Եթե նամակներ գրեցինք և դրանք մնացին անպատասխան, դիմելու ենք դատարան, արդեն կան փաստաբաններ»,- մանրամասնեց Օլեգ Դուլգարյանը:

Իսկ արշավի հաջորդ օրն արդեն Ալավերդի քաղաքում հանրային բնապահպանական դատարանը կքննարկի «Նահատակ» պոչամբարի հասցրած բնապահպանական և առողջապահական վնասները: Արձանագրված փաստերը կուղարկեն պատկան կառույցներին:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2763 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ