...

Պահը կորսվել է, ընտրակեղծարարները պետք է օրենքից դուրս հայտարարվեին 2018-ին

Պահը կորսվել է, ընտրակեղծարարները պետք է օրենքից դուրս հայտարարվեին 2018-ին

Եկանք հասանք նույն կետին, որտեղից պետք էր սկսել 2018-ի մայիսի 8-ին, առավելագույնը՝ 9-ին: Հեղափոխությունը տարել էր բացարձակ հաղթանակ և ոչինչ չէր խանգարում նույն պահին կապիտուլյացիայի ակտի մեջ մտցնել նաև ոչ լեգիտիմ խորհրդարանի լուծարումը:

Պետք է արագ կայանային խորհրդարանական ընտրություններ և նոր ձևավորված խորհրդարանի առաջին գործը լիներ անցյալի քաղաքական գնահատական տալը ու դրանից բխող օրենսդրական կարգավորումները: Պաշտոնապես պետք է արգելվեին բոլոր այն կուսակցությունները, որոնք 1998 թվականից հետո եղել էին իշխանության կազմում: Պետք է ստեղծվեր հատուկ հանձնաժողով, որ կհրապարակեր առավել աչքի ընկած ընտրակեղծարարների անունները՝ ամրագրելով, որ նրանք առաջիկա տասը տարիներին իրավունք չունեն պաշտոն զբաղեցնելու և ընտրվելու ներկայացուցչական մարմիններում:

Մարտի 1-ի, թալանի ու պետական միջոցների յուրացման, այլ քրեական գործերի վերհանումը և քննումը չափազանց կարևոր էին, բայց պետք էր սկսել քաղաքական պլացդարմ ստեղծելով՝ մեկընդմիշտ արձանագրելով, որ նախկինները զավթել են իշխանությունը, ուստի իրավունք չունեն որևէ դեպքում պատսպարվել քաղաքական պաշտպանության քողի տակ: Կար հանրության բացարձակ աջակցություն, նախկինների շոկ և միջազգային հանրության լոյալություն՝ ցանկացած նման որոշում և օրենք չէր կարողանալու արժանանալ որևէ դիմադրության:

Եթե լինեին քաղաքական գնահատական և արագ օպերատիվ միջոցառումներ, որոնք կապացուցեին հանրապետականի և մյուսների ընտրակեղծարարության մեջ տոտալ ներգրավվածությունը, որևէ մեկի մտքով չէր անցնի Հայաստանի նորընտիր իշխանություններին մեղադրել ընդդիմության նկատմամբ ճնշումներ կիրառելու մեջ: Որքան էլ Սերժ Սարգսյանը աղերսեր Դոնալդ Տուսկին, վերջինս չէր համարձակվի տվյալ քաղաքական վիճակում աջակցության փորձեր անել ՀՀԿ-ի և մյուսների համար: Այսօր ՀՀԿ-ն պետք է արգելված լիներ, վաղուց բացահայտված լիներ, որ այդ կուսակցությունը կեղծել է բոլոր համապետական ընտրությունների արդյունքները և վաղուց հեռացված լիներ ԵԺԿ-ի կազմից:

Հիմա էապես դժվարանալու է ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին և ՀՅԴ-ին օրենքից դուրս հայտարարելը:

Քաղաքական առումով նույն իրավիճակը չէ, ինչ 2018 թվականի ամռանը: Նրանք դուրս են եկել շոկային վիճակից, վերախմբավորվել են, մասնակցել խորհրդարանական ընտրություններին և նրանցից մեկը անգամ կազմել է խորհրդարանական խմբակցություն: Ինչ անել ԲՀԿ-ի հետ: Ամբողջ կուսակցությունը արգելելու դեպքում, պետք է անցկացնել նոր արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Եթե միայն գործող պատգամավորները պետք է վայր դնեն մանդատները, ով ասեց, թե ցուցակի հաջորդ համարները չեն ստորագրել նույն պարտավորագրերը, ինչ Զոհրաբյանը կամ Էնֆիաջյանը:

Ըստ էության, իշխանությունը դեռ չի սկսել որևէ բռնաճնշում իրականացնել վերոհիշյալ ուժերի նկատմամբ: Միայն կարելի է պատկերացնել, հաշվի առնելով միտումը, թե ինչ գնահատականներ կհնչեն, ինչ բանաձևեր կընդունվեն, եթե հիմա փորձ արվի արգելել այդ կուսակցությունները:

Հայկական դիվանագիտությունը, այդ թվում՝ խորհրդարանական դիվանագիտությունը անցած երկու տարիների ընթացքում հաջողություն չի արձանագրել եվրոպական գործընկերներին ավելի մատչելի ու փաստերով բացատրելու, թե ինչ համակարգ է տապալվել Հայաստանում: Այսօր պետք է ցանկացած եվրոպացի պաշտոնյայի համար անհնար լիներ մաֆիոզ, կոռումպացված և իշխանությունը զավթած ուժերին պաշտպանելը կամ նրանց ընդդիմություն անվանելը:

Ելքը նոր սահմանադրության ընդունումն է, կուսակցությունների մասին օրենքը հիմնովին փոխելը, ընտրական օրենսգրքի այնպիսի բարեփոխումը, որ հայտնի ուժերը էապես կորցնեն ազդեցության լծակները միջամտելու Հայաստանի քաղաքական խճանկարի ձևավորման գործընթացին:

Արիս Վաղարշակյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 14, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1500 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ