ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ ՀՀ նախագահի կողմից ՍԴ դատավորի թեկնածության առաջադրումը լավ չէ, լավ կլինի, որ ՀՀ նախագահը ՍԴ դատավոր նշանակի, ուղիղ նշանակելու իրավունք ունենա:
«ՉԻ». Իլֆի և Պետրովի հերոսի այս խոսքերը կոնկրետ ձեզ համար են, պարոն նախագահ. «Может быть, тебе дать ещё ключ от квартиры, где деньги лежат?»:
Այդ ինչ փոխվեց երկու տարիների ընթացքում, որ այսպիսի ախորժակ ձեռք բերեցիք: Երկու տարի առաջ՝ Սերժ Սարգսյանի դիմաց նստած, շատ հեզ ձայնով նշում էիք, որ ավել լիազորություններ ձեզ պետք չեն, զբաղվելու եք կրթության, տեխնոլոգիաների, արտասահմանում Հայաստանը գովազդելու հարցերով, հիմա հանկարծ որոշել եք, որ ուղիղ նշանակումների լիազորություններ եք ուզում:
Անցյալ տարի՝ մինչ Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրումը, մի երկուսինը առաջադրեցիք: Հիմա նրանք կատաղի պայքար են մղում գործող իշխանությունների դեմ, չլինի՞ որոշել եք նրանց, այնուամենայնիվ, դարձնել ՍԴ դատավոր և նոր խրամատներ փորել Սահմանադրական դատարանում:
Եթե լիազորություն էիք ուզում, ինչո՞ւ օրեր առաջ ինքնակամ հրաժարվեցիք ԱԺ կանոնակարգ օրենքի վերաբերյալ ձեր ստորագրության լիազորությունից: Քաղաքականությունը իսկապես առևտուր է, բայց այս տեմպերով ձեր լուսանկարը կփակցնեն խանութների պատերին և չեն թողնի, որ մուտք գործեք:
Ինչպես արդեն նշել ենք՝ Սահմանադրական դատարանի ճգնաժամը չի հանգուցալուծվել և հեռու է հանգուցալուծվելուց: Առաջիկայում ճգնաժամի շարունակության հիմնական դերակատար դառնալու է Արմեն Սարգսյանը՝ իր անպատեհ և անընդունելի թեկնածուների առաջադրմամբ, որոնց խորհրդարանը ստիպված մերժելու է: