...

Փաշինյանի հրահանգը իրարանցում է առաջացրել

Փաշինյանի հրահանգը իրարանցում է առաջացրել

Թանկ Ամանոր 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնյաներին և պետական աշխատողներին հրահանգել է Ամանորին երկրից դուրս չգալ, տոնը նշել Հայաստանում:

Վարչապետի կարգադրությունն արդեն իրարանցում է առաջացրել տուրիստական գործակալությունների շրջանում: Նրանք մտահոգվում են, որ արտագնա տուրերի վաճառքը քիչը կլինի:

Արդեն մեկ ամիս է՝ անհանգստացած են «Ռիմա թրավել» տուրիստական գործակալությունում: Տնօրեն Ռիմա Խաչատրյանը «ՉԻ»-ի հետ զրույցում պատմեց, որ 20-ից ավել դեպքեր են ունեցել, երբ քաղաքացիները, որոնք այս կամ այն պետական մարմիններում  են աշխատում, իրենց հայտնել են, որ դրսում չեն կարող տոները նշելու գնալ: 

«Մենք ներկայացնում ենք, որ փաթեթներ ունենք Եգիպտոսում, Դուբայում, Կիպրոսում, իրենք մեզ ասում են, որ վարչապետը  հրահանգել է դուրս չգալ: Իսկ, երբ մենք ասում ենք, որ կարող եք Հայաստանում տոներն անցկացնել, հրաժարվում են»,- նշեց տուրիստական գործակալության տնօրենը:

Տոները  հայաստանյան հանգստյան վայրերում նշելուց հրաժարվելու պատճառը, ըստ փորձագետի, մեկն է՝ թանկ գները:

«Ամենացածր արժեքով կարող են Ամանորը նշել Ծաղկաձորի Գրողների տանը՝ մոտ 180 000 դրամ մեկ անձի համար: 3 աստղանի հյուրանոցներն ամենացածր արժեքն առաջարկում են 180 000-ով: Իսկ Վրաստանում մենք ունենք հյուրանոցներ, որտեղ անգամ 80 000 դրամով քաղաքացին 4-5 օր կարող է Ամանորը տոնել՝ տոնական ընթրիքը, գալա համերգը ներառյալ»,- դիտարկեց Խաչատրյանը:

Այսօր Ամանորյա փաթեթների արժեքը սկսում է 180 000 դրամից՝ հասնելով մինչև մեկ միլիոնի:

«Եթե ամենաբարձրակարգ հյուրանոցում սովորական օրերին գիշերակացը 20000 դրամ է, ապա Ամանորին թանկանում է: Տոնական ընթրիքը նույնպես թանկ է, եթե հաշվում ենք, մոտ 300-320 դոլար է կազմում»,- նկատեց գործակալության ղեկավարը:

Վարչապետի հորդորը ներգնա տուրիզմը խթանելն է

Հանրային ծառայողներին ուղղված Ամանորը երկրում նշելու հորդորը աշխարհում գոյություն ունի՝ նշում է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

Նրա կարծիքով՝ վարչապետի հորդորը ներգնա տուրիզմը խթանելու նպատակ ունի:

«Իմաստը սա է՝ եկեք օրինակ ծառայենք, Ամանորը Հայաստանի տարբեր վայրերում անցկացնենք, որ ինչ-որ ձևով ներքին զբոսաշրջությունը զարգանա: Կարծում եմ՝  նպատակներից մեկը նաև մեր դեռևս ակտիվ չայցելվող զբոսավայրերի գործունեությունը խթանելու միտում կարող է ունենալ»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը համամիտ չէ այն կարծիքին, թե մեզ մոտ թանկ  հաճույք է հանգստանալը: Ըստ նրա՝ գնալով հանգստյան վայրերի առաջարկն է ավելանում:

«Սովորական պայմաններում ես համաձայն չեմ, որ մեր երկրում հանգիստն ավելի  թանկ է, քան հարևան Վրաստանում կամ այլ երկրում: Եկեք առցանց ամրագրումների համակարգերից մեկը վերցնենք և համեմատենք Երևանը Թբիլիսիի հետ: Ծաղկաձորը համեմատենք Բակուրիանիի հետ, կտեսնենք, որ մեր երկրում հյուրանոցներն ավելի թանկ չեն, նույնիսկ ավելի բարձրակարգ հյուրանոցները Ծաղկաձորում ավելի էժան են, քան Վրաստանի ամենացածրակարգները»,- ասաց նա:

Մեխակ Ապրեսյանը չի բացառում, որ Ամանորին հյուրանոցները ծառայությունների արժեքը բարձրացնում են: Ամենապահանջված զբոսաշրջային վայրերում կարող է գինը սովորականից տարբերվել, սակայն, Ապրեսյանի համոզմամբ, հաստատ մեր երկրում ավելի թանկ չի լինի Ամանորն անցկացնելը, քան արտասահմանում:

Հիշեցնենք, որ անցյալ տարի այս հրահանգը խախտած երկու պաշտոնյա Ամանորին Հայաստանից բացակայելու պատճառով զրկվեցին աշխատանքից:

Մանյա Պողոսյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2777 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ