...

Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. ի՞նչ գնով…

Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. ի՞նչ գնով…

«Չորրորդ իշխանություն» թերթում 2016 թվականին տպագրված ստորև ներկայացվող հոդվածը, որ կածես գրված լինի այս օրերի մասին, ամենևին մարգարեություն չէ: Քաղաքագիտական պարզ հաշվարկ է: Խաղաղության գնի մասին խոսվել, բացատրվել է սկսած 1997 թվականից:

Չեմ ուզում պատմական զուգահեռներ անցկացնել, թեպետ շատ բան կա ասելու: Շատ բան է հիշեցնում 20-րդ դարի սկիզբը, Առաջին հանրապետությունը: Մի բան, սակայն, շահեկանորեն տարբեր է: Մենք պետություն ենք: Մենք ունենք սերունդ, որ չգիտի, թե ինչ է կայսրության ծայրագավառի բնակիչ լինելը: Սահմանին կանգնած մեր հերոս տղաները, թիկունքում այդ տղաներին սատարող 18-20 տարեկանները Հայաստանի Հանրապետության և Ազատ Արցախի քաղաքացիներ են: Մեր բանակն իսկապես հրաշքներ կարող է գործել: Ու մեր տղերքը չեն կարող մարտի դաշտից պարտված դուրս գալ:

Հիմա գանք խաղաղության գնին: Այո՛, պատրանքներ չունենք: Այո՛, դաշնակիցներ էլ չունենք: Ուրեմն խաղաղության համար գին ենք վճարելու: Չգիտեմ` փոխզիջո՞ւմ  կլինի, թե՞ զիջում: Ոչ մեկս չի ուզում սրա մասին մտածել: Հող տալ չենք ուզում, և սա բնական է: Բայց… Իրատեսությունն այլ բան է հուշում: 

Վաղուց է հայ մամուլում, հայ վերլուծագանգերի շուրթերից հնչել բեսեդկայի խոսակցությանն արժանի «մի միտք»: Այն այսպիսին է. մի թեթև պատերազմ կլինի, և մենք հող կզիջենք: Այսինքն` որպեսզի փրկվի երկրի փաստացի ղեկավարության «դեմքը», մեր տղերքը պիտի պարտվեն պատերազմում: Ավելի այլանդակ ու դավադիր ծրագիր հնարավոր չէ «մտածել»: Այլանդակ ու դավադիր է, որովհետև հայ զինվորի պատվի հետ է խաղում, որովհետև ոմանց կաշին փրկելու համար ոչ միայն երիտասարդների կյանքն է դրվելու խաղասեղանին, այլև երկրի ողնաշարը: Երկրի ողանաշարը բանակն է: Ուստի բանակը վարկաբեկելու, մեր զինվորի պատվի հետ խաղալու իրավունք ոչ ոք չունի: Սա՛ է դավաճանությունը: Եվ եթե լինի, պատիժն անխուսափելի կլինի: Որովհետև իսկական ղեկավարը, երկրի իսկական տերը ողջ պատասխանատվությունն իր վրա կվերցնի` անգամ հայհոյված ու չհասկացված մնալու գնով:  

Սոֆյա Շահյան

«Չորրորդ իշխանություն», 6 ապրիլ, 2016թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   917 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ