...

Պատմա-քրեական խրոնիկա

Պատմա-քրեական խրոնիկա

ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ

Քանի անգամ եմ ասել խմբագրին, որ չեմ ուզում գրել սպանությունների և դաժանությունների մասին: Ուզում եմ գրել հայ աշխատավորի խաղաղ առօրյայի և այն անսահման սիրո մասին, որ տածում էր ինքը՝ հայ աշխատավորը հարազատ ղեկավարության նկատմամբ, ինչպես բազմիցս նշել է մեր ամենաօբյեկտիվ «Գոլոս Արմենիի» թերթը: Ժողովրդին չեն հետաքրքրում սպանությունները, այլ այն, ինչպես ասում է մեր ամենաօբյեկտիվ Հայլուրը, որ տնտեսությունը 1913թ. համեմատ աճել է, իսկ երկրից արտագաղթը 1915 թվի համեմատ նվազել է: Բայց խմբագիրը համառորեն պատմական քրեական խրոնիկա է ուզում: Ճիշտն ասած, ես էլ դեմ չեմ այդ թեմայով գրելուն, քանի որ կասկածում եմ 1913թ. նկատմամբ տնտեսության աճի վերաբերյալ:

Եվ այսպես. սկսենք խոսել քաղաքական սպանությունների մասին: Որքան ինձ հայտնի է, առաջին աղմուկ հանած քաղաքական սպանությունը կատարեց Կայենը, որն ի դեպ նաև առաջինն էր, որ իր ցուցմունքներով՝ «Ի՞նչ է, ես իմ եղբոր պահա՞կն եմ» բառերով փորձեց մոլորության մեջ գցել և բուն գործից շեղել քննությունը: Ավելին, հաստափոր և խելոք Գիրքը մանրամասն թվարկում է սպանության պատճառները՝ տնտեսական ապրանքների իրացումը և ղեկավարությանն այդ միջոցով մերձենալը, ինչպես նաև նկարագրում է խիստ օբյեկտիվ դատավարության ընթացքը և անխուսափելի պատիժը:

Սակայն կամ ժամանակները փոխվեցին, կամ ահաբեկիչները խելոքացան, կամ էլ դատավորներն էին ապաշնորհ, բայց հետագա քաղաքական ահաբեկումների քննությունն այդքան էլ բարեհաջող ավարտ չէր ունենում: Մասամբ դա բացատրվում է այն հանգամանքով, որ քննությունը վարում էին հենց իրենք՝ ահաբեկիչները: Վերջիններս միայն հներին բնորոշ պարզամտությամբ հաճախ հայտարարում էին, որ նախ հանգուցյալը աստված է, իսկ հետո պարզվում էր, որ հանգուցյալն ինքն էլ էր ցանկանում լքել այս աշխարհը:

Ամենայն հավանականությամբ այս տեսությունը բյուրեղացել է, երբ մթա 44թ. սենատում սպանվեց Կեսարը: Մարդասպանները Կեսարին դաշույնով 32 հարված հասցնելով (մեր լեզվով ասած՝ ավտոմատի մագազին) և սպանելով նրան սկզբից որոշեցին պղծել դիակը և այն նետել Տիրաս գետը, սակայն հետո խելքի գալով՝ աստվածացրին Կեսարին: Ի դեպ, սպանությունից հետո գտնվեցին մարդիկ, որոնք պնդում էին, որ աստվածային Հուլիոսը հոգնել էր երկրային կյանքից և նախընտրեց Օլիմպոսի բարձունքները:

Բերենք ևս մեկ օրինակ. մեր թվարկության սկզբին Հռոմից ոչ հեռու մահացավ Տիբրիս կայսրը: Ճիշտն ասած, նա վաղուց պետք է մահանար բոլոր հռոմեական օրենքներով, քանի որ անհաղթահարելի հակասությունների մեջ էր մտել Սենատի հետ: Ճիշտ է, Հռոմում համառ լուրերը պնդում էին, որ Տիբերիոսի սիրող եղբորորդի Գայոս Կալիգուլան մի քիչ օգնել է հոպարին հաշիվներն ավարտել այս մեղսական կյանքի հետ: Կասկածում էին միայն, թե արդյո՞ք ծերուկը խեղդամահ է արվել, թե՞ արժանացել է թունավորմամբ պատվավոր մահվանը: Բնականաբար, արդեն հիշատակված սիրող եղբորորդի Կալիգուլան (այն նույնը, որը հայտնի դարձավ իր ձիուն պատգամավոր ընտրելով) սիրելի հոպարին անմիջապես հայտարարեց աստված:

Այժմ քննարկենք երկրորդ տարբերակը՝ երբ սպանվածը հայտարարվում էր ժողովրդի թշնամի կամ էլ ասվում էր, որ այդպիսի մարդ ընդհանրապես չի եղել: Ճիշտ այն տրամաբանությամբ, որով խորհդային կինոժապավեններից ջնջվում էր Բերիայի պատկերը, իսկ ինքը՝ Բերիան, հայտարարվել էր ժողովրդի թշնամի և անգլիական լրտես: Տիպիկ հռոմեական տրամաբանություն, քանի որ նույն բախտին էին ժամանակին արժանացել Կալիգուլան և Ներոնը: Նրանք երկուսն էլ հայտարարվել էին վատ և պիղծ արարածներ: Իսկ սեփական թիկնազորի կողմից սպանված Գալբայի գլուխը երկար շրջում էր Հռոմում:

Արդեն ասացինք, որ կարելի է հայտարարել, որ նման մարդ ընդհանրապես գոյություն չունի: Այսպես, հայտնի չէ թե Թութանխամոն փարավոնը սպանվե՞լ է, թե՞ ինքն է հանկարծամահ եղել, բայց նրա հաջորդներն այնքան ջանասիրաբար էին ջնջում նրա անունը, որ հարյուր-երկու հարյուր տարի հետո այդ երիտասարդի կառավարման մասին արդեն ոչ ոք չէր հիշում: Ավարտելով այս հատվածը, հիշատակենք նաև սպանությունների ձևակերպումը որպես ինքնասպանություն կամ ինքնասպանության պարտադրանքը, ինչպես դա եղավ հռոմեական Օտոնի կայսեր հետ, որը ըստ պատմիչների իբր ինքնասպանություն էր գործել այն պատճառով, որ իրեն հիշեցրել են, թե ինչպես է նա սպանել Գալբա կայսրին:

Այժմ երկու խոսք սպանության մասին: Բոլոր սպանություններից հետո քննչական մարմնի առաջին իսկ մղումն էր պատժել գործի անմիջական մեղավորներին: Դա կարող էր լինել նախ խիստ ինքնաբուխ: Այսպես, երբ սպանեցին հայոց Խոսրով 2-րդ թագավորին, թիկնազորը հետապնդեց և ոչնչացրեց սպանության անմիջական կատարող Անագ Պարթևին յուր ընտանիքով: Ոչ ոք չմտածեց, որ Անագ Պարթևը միայն կատարողն է, իսկ բուն կազմակերպիչը շատ հեռու է: Չար լեզուներն ասում են, որ Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոնում դեռ երկար ծիծաղում էին հայ իշխանների միամտության վրա: Հայ իշխաններն, ինչպես տեսանք, չֆայմեցին: Իսկ Հռոմում՝ Կեսարի սպանությունից հետո ֆայմեցին: Եվ քանի որ քննությունն անց էին կացնում հենց իրենք՝ դավադիրները, նրանք պարզապես ժողովրդի դատին հանձնեցին Բրուտոսին: Կա մեկ այլ տարբերակ, որը կարելի է պայմանականորեն անվանել «չուժոյ պախմել»: Այն է՝ որ սպանության մեջ մեղադրվեն քո քաղաքական հակառակորդները: Այսպես, Տիբերիոսին սպանեց Կալիգուլան: Հետո Կալիգուլան այդ կասկածանքով ապանեց մի քանի սենատորի: Կամ, Կիրովին սպանեց իր սիրուհու ամուսինը, իսկ գնդակահարեցին Կամենևին և Զինովևին:

Եվ վերջինը: Ինչպես էին ահաբեկիչները բացատրում իրենց քայլը: Բրուտոսն, ասենք, բացատրում էր այսպես. որ պայքարում է հանուն ժողովրդավարության: Շատ ավելի գեղեցիկ էր իր գործողությունները բացատրել Օտոն կայսրը: Նա պնդում էր, որ հույս ուներ գործն ավարտել առանց արյունահեղության, եթե իրեն չխանգարեին:

Սա միայն պատմական ակնարկ էր: Սակայն վերջին երեք տարում մենք այս ամենն արդեն տեսել ենք. և ինքնասպանություն ձևակերպած սպանություններ, և սպանվածներին սրբոց դաս կարգելու առաջարկներ, և նրանց պախարակելու փորձեր, և անմիջական կատարողներին դատելու միջոցով գործ կոծկել, և «նե պրիչեմ» (ռուս.) մարդկանց մեղադրելու փորձեր, և մարդասպանների «հայրենասիրական» ճիչեր, և նրանց հավաստիացումները, թե արյուն չէինք ուզում: Այս ամենն արդեն տեսել ենք: Համենայնդեպս, ես կցավեմ, որ ակնարկը հերթական մեթոդական ձեռնարկ դառնա Նաիրի Հունանյանի, ինչպես նաև նրա երևույթ և աներևույթ հովանավորների համար:

Հ.Գ. Ռուսաց Ալեքսանդր 2-րդ կայսեր սպանությունից հետո Ներքին գործերի նախարար Լորիս Մելիքովը հրաժարական տվեց, թեև Ալեքսանդր 3-րդը խնդրում էր նրան չդիմել այդ քայլին: Այ դա չենք տեսել:

Դ. Գրիգորյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 192, մայիսի 2, 2001 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   479 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ