...

ՊԵԿ-ի Շուշանիկին ցանկացել են կալանավորե՞լ

ՊԵԿ-ի Շուշանիկին ցանկացել են կալանավորե՞լ

Կարծես թե նոր սկանդալ է հասունանում իշխանության շուրջ։ Կոռուպցիոն բացահայտումներով այս անգամ հանդես է եկել Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանը, որը խոստովանում է․ «Ես իսկապես աջակցել եմ մի խումբ անձանց, որպեսզի նրանք խուսափեն մաքսատուրք վճարելուց: Եվ այդ խումբը կազմված է Հայաստանի մաքսային ծառայության պետ Շուշանիկ Ներսիսյանից, Դավիթ Անանյանից և նրանց «տանիք» Նիկոլ Փաշինյանից ու վերջինիս բարեկամներից, ովքեր 2018 թվականի հունիսին ինձ էին դիմել օգնության խնդրանքով` հավաստիացնելով, որ այդ գործարքներից ստացված գումարներն անհրաժեշտ են հայկական ռազմական հետախուզության ֆինանսավորման համար»: «Հրապարակ» օրաթերթին ներկայացրած պարզաբանումների մեջ ՌԴ-ի քրեակատարողական հիմնարկում գտնվող Ավագյանը նշել է, թե հենց հասկացել է, որ այդ գումարները նրանք յուրացնում են, անմիջապես այդ բոլոր փաստերի մասին տեղեկացրել է այդ պահին ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին: Ըստ նրա՝ Շուշանիկ Ներսիսյանը հարցաքննվել է, և Վանեցյանը նրա կալանքի թույլտվությունն է պահանջել Փաշինյանից, բայց այդպես էլ համաձայնություն չի ստացել։

Ճի՞շտ են այս պնդումները, թե՞ ոչ, կարող է հավաստել Արթուր Վանեցյանը։ Մյուս կողմից էլ՝ մինչ այսօր անհասկանալի մնաց, թե ինչո՞ւ Դավիթ Անանյանը, որը հեղափոխությունից հետո դարձավ ՊԵԿ ղեկավար և որը շատ խանդավառված էր ՊԵԿ բարեփոխումներով, երկու տարի անց որոշեց հեռանալ իր դիմումի համաձայն և աշխատանք գտնել մասնավոր սեկտորում։ Հիշեցնենք, որ Անանյանի հրաժարականին նախորդել էր տեղեկությունը, թե Ռուսաստանում կալանավորվել է օդանավ, որը փորձել է Հայաստանից մաքսանենգ ճանապարհով մեծ խմբաքանակի ծխախոտ տեղափոխել։ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի կողմից անմիջապես շրջանառության մեջ դրվեց Փաշինյանի աներձագի՝ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի մասնակցությունը այս պատմությանը։ Ավելի ուշ այն հերքվեց։ Ըստ էության, հենց այդ օրերին որոշվեց Անանյանի ճակատագիրը։ Իսկ Շուշանիկ Ներսիսյանը, որը հեղափոխությունից հետո դարձել էր համակարգի ամենաազդեցիկ դեմքերից մեկը, Անանյանի հեռանալով դարձավ Փաշինյանի իշխանության վստահելիներից մեկը ՊԵԿ-ում։ Բոլոր դեպքերում՝ մեղադրանքը հնչել է, և կա մեկը, որը կարող է հավաստել՝ պատմությունն իրակա՞ն է, թե՞ մտացածին։ 

Գոհար Վեզիրյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ