...

Պետական համակարգի «ծյունինգ»՝ ընդամենը հանուն փողի

Պետական համակարգի «ծյունինգ»՝ ընդամենը հանուն փողի

Պետական համակարգն անձնական շահերին ծառայեցնելը, իհարկե, Հայաստանի նման երկրների համար նորություն չէ։ Մեծ հաշվով՝ երկար տարիներ հենց այդ սկզբունքով ու տրամաբանությամբ էլ կառուցվել կամ «բարեփոխվել» է կառավարման համակարգը, Սահմանադրություն և օրենքներ են փոխվել, կառույցներ ու մեխանիզմներ են ստեղծվել, որպեսզի տվյալ պահի իշխանությունն առավելագույն կոմֆորտով հարստանա և վայելի կյանքը։ 

Խորհրդային տարիներին այսպիսի մի անեկդոտ կար․ «Վնեշտորգում» աշխատող հրեայից ուզում են ազատվել ու անիրականանալի առաջադրանքներ են տալիս։ Ուղարկում են Գերմանիա՝ «Զապորոժեցներ» վաճառելու, մի ամիս հետո վերադառնում է միլիոնանոց պայմանագրով, ուղարկում են Ճապոնիա՝ բելոռուսական կալկուլյատորներ վաճառելու, մի ամիս հետո պայմանագիրը ստորագրած վերադառնում է, ուղարկում են հասարակածային Աֆրիկա՝ մուշտակներ վաճառելու, էլի միլիոնանոց պայմանագրով վերադառնում է, բայց՝ մի տարի անց։ Հարցնում են՝ «ինչո՞ւ այս անգամ ուշ ստացվեց» ասում է «Գերմանիայում մի հրեա գտա, պառլամենտում ու կառավարությունում կապեր ուներ, օրինագիծ ներկայացրեցին՝ ստացվեց, նույնը՝ Ճապոնիայում, իսկ ահա Աֆրիկայում ավելի բարդ էր՝ նախ պետք էր պառլամենտ ու կառավարություն ստեղծել, իսկ հետո՝ արդեն նույն սխեմայով․․․»։ 

Նիկոլ Փաշինյանի իշխանությունն արդեն չորսուկես տարեկան է, բայց դեռ ինչ-որ բան ստեղծելու փուլին չի հասել, թեկուզ՝ հանուն անձնական կամ խմբակային շահերի։ Առայժմ դեռ միայն քանդելու և ոչնչացնելու փուլն է, բայց՝ նույն տրամաբանությամբ․ փոփոխվում կամ Քոչարյանի ասած՝ «ծյունինգ է արվում» այն ամենը, ինչը խանգարում է հարստանալուն, իշխանությունն ամրապնդելուն, մի խոսքով՝ «կյանքը վայելելուն», իսկ ինչը չի հաջողվում՝ քանդվում կամ ոչնչացվում է։ Արցախյան չլուծված հակամարտությունը, օրինակ, Նիկոլ Փաշինյանի համար ահավոր դիսկոմֆորտ էր ստեղծում (պաշտոնական կամ աշխատանքային այցերի անվան տակ գնում էր աշխարհ տեսնելու՝ պահանջում էին կարգավորել խնդիրը, զորքերը դուրս բերել ինչ-որ անհասկանալի անվանումներով տարածքներից, մի խոսքով՝ աշխարհ տեսնելը «հարամ էին անում»), իսկ «բարեփոխել» չէր ստացվի․ տարածքները թղթով հանձներ կամ ընդհանրապես որևէ թուղթ ստորագրեր՝ կասեին դավաճան։ Ու նա որոշեց ոչ թե թղթով հանձնել, այլ պատերազմով։ Նախապես, իհարկե, քանդելով շատից-քչից աշխատող անվտանգային համակարգը և փոխարենը նորը չստեղծելով։ Իսկ ահա մյուս հարցերում կարելի էր ոչ թե ոչնչացնել, այլ ընդամենը «ծյունինգ անել» գործող կառույցները՝ առանց որևէ նոր բան ստեղծելու։ Օրինակ՝ «կոճակ սեղմողների» խորհրդարանը պետք էր ընդամենը փոխել այնպես, որ ի՛ր ասած կոճակները սեղմեին, դատաիրավական համակարգը պետք էր փոխել այնպես, որ դատավորներն ի՛ր «պատերի տակ վնգստային», նույնը՝ Ոստիկանության դեպքում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեպքում, ԱԱԾ-ի դեպքում, հարկայինում, մաքսայինում, բյուջեի գումարները ծախսելու «դաբրոն տվող» տարբեր հանձնաժողովներում, և այսպես շարունակ։ 

Ասվածի մեջ չափազանցություն չկա։ Որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե վերջին չորսուկես տարիների ընթացքում ինչ նոր բան է ստեղծվել պետական կառավարման համակարգում։ Հասկանալի է՝ խոսքը բովանդակային առումով նորի մասին է, որովհետև միշտ էլ կարելի է, ասենք, Ոստիկանության «ծեծող բրիգադի» անունը դնել գվարդիա, թիմակիցներին «օբշչակից» ծրարներով փող բաժանելու անունը դնել «պարգևատրումների համակարգ», կոռուպցիոն գործարքների անունը դնել «չզեկուցվող հարց» ու յուրայիններին հարստացնել «առանց մրցույթի հրատապ գնումների» անվան տակ և այլն, բայց այս ամենն ընդամենը նախկինում գործած համակարգի «ծյունինգ» է, և ոչ ավելին։ 

Հարց է ծագում՝ արժե՞ր ընդամենը փող աշխատելու համար վերջնականապես դեգրադացնել պետական կառավարման համակարգը։ Չէ՞ որ Նիկոլ Փաշինյանն ինքն էր ասում՝ փող աշխատելն ամենաբարդ բանը չէ։ 

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   568 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ