Նոր «Կոլցո», նոր տարածքներ
Ինքներդ եք հասկանում, թե ինչ ծանր, բարդ վիճակի մեջ ենք: Այնքան, որ չես ցանկանում բացել լրատվական կայքերը, ծանոթանալ ադրբեջանական նոր սադրանքների, ռմբակոծությունների, առաջխաղացման, նոր զոհերի մասին: Սրա դեմն առնելու որևէ դեղատոմս առայժմ չի առաջարկվում:
Ընդ որում, այս պահին իսկապես Արցախի լինել-չլինելը ռուսների կամքից, քմհաճույքից կամ բազարներից է կախված: Ռազմական առումով ներկայումս դիմագրավել ադրբեջանական թեկուզ միայն բայրաքթարներին անհնար է: Ինչքան էլ ավստրալիական աբորիգենները հերոսական պայքար մղեին անգլիական գաղութարարների դեմ, մեկ է, ինչքան էլ քաջ, խիզախ ու անվեհեր լինես, նետ ու աղեղով հնարավոր չէ դիմագրավել թնդանոթին և հրացանին:
Մեծ հաշվով, Ասկերանի շրջանում տեղի ունեցողը կարելի է համարել «Կոլցո» օպերացիայի հերթական սերիան: Սյուժեով, սցենարով, նույնիսկ՝ դերակատարներներով, 1991թ. օպերացիայից պատճենված է: Նմանությունները շատ են: Այն ժամանակ դատարկեցին Գետաշենն ու Մարտունաշենը, հիմա դեռ պարզ չէ, թե մինչև որտեղ են որոշել դատարկել:
Անկախություն՝ հանուն փրկության
Պատճառներից մեկը, որ 1990թ. Հայաստանի իշխանությունները որոշեցին անկախության գործընթաց սկսել, հենց այն էր, որ Ղարաբաղի հարցի արդարացի և հայ ժողովրդի շահերից բխող լուծումը, Արցախի ժողովրդի գոյապահպանությունը հնարավոր չէր պետականության բացակայության պայմաններում: Ու «Կոլցո» օպերացիան դա ապացուցեց: Պետք էր միջազգայնորեն ճանաչված սուբյեկտ, որը հետամուտ կլիներ Ղարաբաղի հարցի լուծմանը, թև ու թիկունք կլիներ Արցախին, կմիջազգայնացներ հարցը և այլն:
1991թ. սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեով և անկախ Հայաստանի հիմնադրմամբ, ըստ էության, ղարաբաղյան հակամարտությունում նոր փուլ սկսվեց. այն դադարեց լինել բացառապես ներխորհրդային կոնֆլիկտ: Հետագա տարիները, կոնֆլիկտի պատերազմական փուլը, հաղթանակները, տարածքային ձեռքբերումները, բանակցությունները, միջազգային կառույցների բանաձևերը, պայմանավորվածությունները, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևավորումը. այս ամենը չէր լինի առանց անկախ Հայաստանի. Ղարաբաղի հարցը հենց 1991-1992 թվականներին խորհրդային-ռուս-ադրբեջանական պայմանավորվածությունների շրջանակներում կլուծվեր:
Մարսե՞լ եք, արդեն
Այսօր Արցախի անվտանգության և անկախության երաշխավոր Հայաստանի Հանրապետությունը չկա: Կերել են, մաշեցրել են, գյոռբագյոռ են արել, քառորդ դար շարունակ:
Այս թեման երևի մի քանի սերիայով գրենք, որովհետև զգում ենք, որ ասելիք շատ կա, թե ոնց եղավ, որ այսպես եղավ, որ այսօր ճիտը ծռած, վախվորած Հայաստանը և Արցախը Ռուսաստանի բարի կամքն են աղերսում, ասում՝ ձյաձյա ջան, ասեք, էն ազերին իրեն խելոք պահի, ինձ բան չասի: Կամ՝ ձյաձյա ջան, ասեք, թող վինտիլը բացի:
Գլխավոր գործող սուբյեկտը՝ Հայաստանի Հանրապետությունը չկա: Ու պետք է ցույց տալ, թե ոնց են տասնամյակներ շարունակ սիստեմատիկ կերպով նվաստացրել, փոշիացրել մեր պետականությունը: Ոնց էր մեր անկախությունը փայփայելու փոխարեն սկաուտա-դաշնակցական-տեռորիստական շայկան Հ1-ի եթերը լցնում զորի բալայաններով, հենրիկ իգիթյաններով, և այս կարգի քյարթուներով, որ 20 տարի շարունակ ասեն՝ ի՞նչ անկախություն, բայց մենք անկախությո՞ւն ենք ունեցել, էդ ի՞նչ անկախություն, եթե դրա համար արյուն չի թափվել: Ու դա Հ1-ով էր ասվում, ու դա տիրաժավորվում էր, ու այդպես հագուրդ էին տալիս իրենց անասնական բնազդներին՝ չհասկանալով, որ այդպիսով թուլացնում են Արցախի թիկունքը: Իսկ Արցախի թիկունքը ոչ թե Մռավն էր, Լելե-Թեփեն, Քարագլուխը, Օմարը, այլ Հայաստանի Հանրապետությունը:
Ավելի քան 20 տարի Բայրաքթարից բեթար հարվածել են մեր պետականության, անկախության հիմքերին, Արցախի թիկունքը այլասերել իրենց հղփացածությամբ, տգիտությամբ, անբարոյականությամբ: Ու էն մարդիկ, ովքեր Հայաստանի թիկունքը ամայացրել են, էսօր Կիևյան կամուրջ գնալու փոխարեն Բաղրամյան պողոտա են գնում, պատգամավոր-նախարար են խաղում, նորից երկիրը փրկելուց են խոսում:
Ասե՞նք՝ լուծումը որը կլիներ. պետք է ամրապնդել Արցախի թիկունքը՝ Հայաստանի Հանրապետությունը: Իսկ Հայաստանն ամրապնդելու համար պետք է մաքրել նրա թիկունքը բոլոր նրանցից, ովքեր 20 տարի շարունակ հարվածել են այդ թիկունքին: