...

Փնթի միապետություն՝ ժողովրդավարական ծխածածկույթով

Փնթի միապետություն՝ ժողովրդավարական ծխածածկույթով

Հայաստանի պետական կառավարման համակարգը, եթե այդպիսին ընդհանրապես գոյություն ունի, բավականին արտառոց է։ Խորհրդարանական հանրապետությունում խորհրդարանի քաղաքական դերակատարումը գրեթե զրոյական է՝ իշխանական պատգամավորների հիմնական գործառույթը ժամանակ առ ժամանակ նախապես հանձնարարված կոճակը սեղմելն ու վարչապետին փառաբանելն է, նախագահի գործառույթը վարչապետին տեղի-անտեղի շնորհակալություն հայտնելն է, նախարարները կառավարության նիստերի ժամանակ վարչապետին տեսնելիս այնպես են վեր ցատկում, ասես երկրի վրա Աստծո փոխանորդին տեսան, ու նրա մատի շարժումով ըստ ոլորտների փառաբանում են «ժողովրդին մատուցած ծառայությունները», գլխավոր դատախազը զեկուցում է անձամբ վարչապետին, այն դատավորների նկատմամբ, որոնք չեն համաձայնվում «վնգստալ» ըստ գործադիր իշխանության «երգացանկի»՝ վարույթներ են հարուցվում, և այլն։ Պարզ ասած, Հայաստանում արևելյան տիպի փնթի միապետություն է, բայց՝ ժողովրդավարական ծխածածկույթով։ Առանց այդ ծխածածկույթի չի լինի, որովհետև ժամանակ առ ժամանակ պետք է ցույց տալ, թե իբր ժողովուրդն է ազատ ընտրություններով «պողպատե մանդատ» տվել միապետին։ 

Այս առումով Նիկոլ Փաշինյանը, իհարկե, հեծանիվ չի հայտնագործել, բայց երկու հաջողություն այնուամենայնիվ արձանագրել է։ Առաջին՝ կարողացել է «3 միլիոն վարչապետների» զգալի մասին հավատացնել, թե իբր հենց իրենք են իշխանություններ ընտրում, և երկրորդ՝ արմատապես վերափոխել է ընտրակեղծիքների ինստիտուտը։ Առաջին «հաջողության» ապացույցներին ականատես ենք լինում համարյա ամեն օր։ Ասենք՝ որևէ տոնավաճառ է փակվում կամ որևէ շենքից տասնյակ ընտանիքներ փողոց են շպրտվում, ու բոլորը միաբերան նույն բանն են ասում՝ «Նիկո՛լ, քեզ ենք ընտրել, բա չես վախենո՞ւմ, որ մյուս անգամ չենք ընտրի»։ Ու զարմանում են, որ չի վախենում։ Իսկ չվախենալու պատճառը երկրորդ «հաջողությունն» է՝ ընտրակեղծիքների ինստիտուտի վերափոխումը։

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ժամանակ ամեն ինչ բավականին պարզունակ էր․ փող ձայնի դիմաց։ Նույնիսկ հաշվարկներն էին հստակ՝ մոտ 100 դոլար մեկ ձայնի դիմաց։ Չէ, ընտրողն, իհարկե, առձեռն հազիվ 10-15 հազար դրամ էր ստանում, բայց միջնորդներ կային, «տասովչիկներ» կային, տարածքային կառույցները մի մասը յուրացնում էին, և արդյունքում մեկ ձայնի վրա հենց միջինը 100 դոլար էլ ծախսվում էր՝ «պլյուս-մինուսով»։ Իսկ ահա Նիկոլ Փաշինյանն այդ «արատավոր համակարգը» համարել է տնտեսապես ոչ արդյունավետ ու որոշել «ծախսերի օպտիմալացում» իրականացնել։ Ինչո՞ւ առանձին-առանձին վճարել յուրաքանչյուր ձայնի համար, եթե կարելի է ավելի քիչ գումար ծախսելով «բիրիքով» խաբել ժողովրդին և ձայները ստանալ ձրի։ Դրա համար շատ բան պետք չէ․ ընդամենը բոլ-բոլ ֆինանսավորել ուղեղների լվացման գործիքակազմը՝ իշխանական քարոզչամիջոցներն ու «ֆեյքերի պոակները», զուգահեռաբար բոլ-բոլ ֆինանսավորել իրավապահ կառույցներին, որպեսզի վախեցնեն անհնազանդներին և քաղաքական մրցակիցներին էլ թույլ չտան ընտրակաշառք բաժանել, և վերջ։ Արդյունքն ապահովված է։ Ի՞նչ պիտի անեն «3 միլիոն վարչապետները», եթե անընդհատ գտնվում են հանրայինի ու ֆեյքերի պոակի քարոզչական տեռորի ներքո, առաջվա նման ընտրակաշառք տվող էլ չկա։ Ճիշտ է, շատ-շատ՝ պիտի չմասնակցեն ընտրություններին, իսկ Նիկոլ Փաշինյանը դրա վրա արդեն թքած ունի։ Նրա համար դա կարևոր էր, քանի դեռ «այլընտրանքային մեխանիզմը» չէր ստեղծել, իսկ հիմա ժողովուրդը կամ «պիցցայակեր» է, կամ «սխալ ԴՆԹ-ով» զանգված։ 

Այնպես որ՝ «մյուս անգամ չենք ընտրի» սպառնալիքն այլևս չի աշխատում։ 

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1851 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ