...

Պոչամբարից տուժած ընտանիքը նոր բնակարան կստանա

Պոչամբարից տուժած ընտանիքը նոր բնակարան կստանա

Դանիելյանները հաղթեցին

Լոռու մարզի Մեծ Այրում համայնքում անցկացված հանրային պահանջի արշավն արդյունք տվեց: «Նահատակ» պոչամբարի ազդեցությունից տուժած ընտանիքը նոր բնակարան կստանա:

Նախորդ տարվանից մեկնարկել էր հանրային պահանջի արշավ՝ պոչամբարի հարևանությամբ ապրող Դանիելյանների ընտանիքին փոխհատուցում տրամադրելու պահանջով:

«Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատն» արձագանքել է պահանջի արշավին և նրանց փոխհատուցում տրամադրելու առաջարկ արել: 

Հարություն Դանիելյանը «ՉԻ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ կոմբինատը պատրաստ է փոխհատուցել բնակարանի համար: Ընկերությունը նրան Մեծ Այրումում նոր տուն կտրամադրի, որը գտնվում է պոչամբարից համեմատաբար հեռու տարածքում։

«Խոսել ենք, ասել են՝ ձեր պահանջը կկատարենք: Խոստացել են, որ գյուղում ուրիշ տուն կտան մեզ, որովհետև էլ պոչամբարի մոտ ապրելու «վարյանտ» չկա»,- փոխանցեց բնակիչը:

Գործարանը որպես էկովնասի փոխհատուցում Դանիելյաններին նախ բնակարան էր առաջարկել Ախթալա համայնքի Շամլուղ բնակավայրում: Հարություն Դանիելյանը, սակայն, այն չէր ընդունել՝ պնդելով, որ համարժեք փոխհատուցում չէ: Առաջարկած բնակարանը ևս գտնվում է աղտոտված տարածքում: Տունը, որը կոմբինատն առաջարկել էր նրանց, գտնվում է բաց հանքի մոտակայքում, որտեղ նաև պարբերաբար պայթեցման աշխատանքներ են կատարվում:

«Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի» ղեկավարությունը նոր առաջարկի շուրջ մտածելու համար ժամանակ էր խնդրել տուժած բնակչից: 

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը ողջունեց «Ախթալա ԼՀԿ» ՓԲԸ-ի պատրաստակամությունը Դանիելյանների բնակարանային փոխհատուցման պահանջին ընդառաջ գնալու համար՝ միևնույն ժամանակ նշելով, որ ընտանիքների առաջ դեռ ծառացած են մնում առողջապահական խնդիրները:

Բացի բնակարանից, Դանիելյանները պահանջում են անցկացնել ընտանիքի անդամների առողջության համալիր բուժզննում։ Հիվանդությունների առկայության պարագայում ապահովել ընտանիքի անդամների անվճար լիարժեք բուժումը:

«Նահատակ» պոչամաբարից 50 մետր հեռավորության վրա ապրող ընտանիքի անդամները  գանգատվում են առողջական խնդիրներից, որոնք, ըստ նրանց, պոչամբարում առկա վնասակար նյութերի հետևանքով են առաջացել: 

Հարություն Դանիելյանի հայրը տառապում է սրտանոթային հիվանդություններից՝ սրտի ստենտավորում են արել: Տղան բողոքում է աչքերից, որոնք հաճախ կարմրում են: 

Դանիելյանների հողամասից փորձանմուշներ են վերցրել: Նրանց հողատարածքում իրականացված նմուշառումները ցույց են տալիս այդ տարածքներում կոնցեգերոգեն և ոչ կոնցերոգեն հիվանդությունների բարձր ռիսկեր:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2473 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ