...

Փող չունեն, ռիսկ չեն անում

Փող չունեն, ռիսկ չեն անում

Խնձորը, դեղձը, ցորենն ու գարին պաշտպանվում են

Չնայած ցրտահարության ապահովագրությունը երկարաձգվել է մեկ շաբաթով, բայց այգեգործները դեռ չեն շտապում բերքն ապահովագրել բնական աղետներից:

Ֆերմերները ցրտահարությունից բերքն ապահովագրելու համար կարող են դիմել մինչև փետրվարի 21-ը:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարել էր, որ փետրվարի 9-ի դրությամբ 50-ից ավելի պայմանագիր է ստորագրվել ցրտահարության ապահովագրման համար:

Պիլոտային ծրագրի մեկնարկային փուլում գյուղատնտեսական սեզոնի համար «կարկուտ և հրդեհ», «գարնանային ցրտահարում» ռիսկերից ապահովագրման ենթակա էր երկու մշակաբույս՝ ծիրանը և խաղողը: Կարկուտի և հրդեհի դեպքում ընտրվել է 6 մարզ (Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք, Վայոց Ձոր և Տավուշ), գարնանային ցրտահարման դեպքում՝ 2 մարզ (Արարատ, Արմավիր):

Այս տարվա փետրվարից ապահովագրել կարող են նաև խնձորը, դեղձը, ցորենն ու գարին: 

Գյուղատնտեսական տարում խաղողի և ծիրանի համար ապահովագրական պայմանագիր կնքելու ժամկետներն են․ կարկուտի և հրդեհի դեպքում՝ մինչև մարտի 25-ը, իսկ գարնանային ցրտահարման դեպքում՝ մինչև փետրվարի 21-ը: Խնձորի համար (կարկուտ) ապահովագրական պայմանագիր կնքելու վերջնաժամկետ է սահմանվել ապրիլի 20-ը, իսկ հացահատիկային մշակաբույսերի համար՝ մայիսի 1-ը: 

Չեն շտապում

Արմավիրի մարզի Արևիկ համայնքը մասնագիտացված է խաղողի արտադրությունում: Տեղյակ են, որ այսուհետև կարող են խաղողի բերքը պաշտպանել ցրտահարությունից և կարկտահարությունից: 

«Միակ բանը, որ արևիկցի խաղողագործները դեռ արել են, ծրագրին ծանոթանալն է եղել»,- «ՉԻ»-ին փոխանցեց համայնքի ղեկավար Գառնիկ Ծատուրյանը: Խաղողագործները գնացել են ապահովագրական ընկերություններ, բայց պետության առաջարկն իմանալուց հետո դեռ ոչ ոք պայմանագիր չի կնքել: Ասում է՝ գյուղացիները դժվարությամբ են բերքն ապահովագրելու քայլը կատարում:

Արևիկում 400-ից ավել հեկտար խաղողի այգիներ կան:

Այգեվանն այն համայնքներից է, որտեղ տարի չի լինում, որ գյուղացիները բերքը չկորցնեն բնական աղետների պատճառով: Անցյալ տարի այստեղ ծիրանի բերքը 70 տոկոսով վնասվել էր: Գյուղացիները հույս ունեին, որ կիլոգրամը 400 դրամով ծիրան են վաճառելու, բայց կարկուտի բաժին դարձավ: Տարեվերջին կառավարությունը գյուղացու կրած վնասը փոխհատուցեց:

Այգեվանցիների շրջանում բացատրական աշխատանքներ են տարել՝ մանրամասն ներկայացրել են ապահովագրական ծրագրի լավ կողմերը: Գյուղացիները, սակայն, դեռ չեն պատրաստվում ապահովագրել ծիրանն ու խաղողը:

«Մոտավոր հաշվարկով՝ հեկտարի համար 35.000 դրամ պետք է վճարեն, բայց ոչ ոք այդ գումարը չունի, որ տանի ապահովագրական պայմանագիր կնքի: Սակայն, չեն էլ մտածում, թե հետո ինչ է լինելու: Եթե այսօր գյուղացին մոտ 30.000-40.000 դրամ կողքի դրած ունենա, հաստատ կգնա և ապահովագրություն կանի»,- ասաց համայնքի ղեկավար Հրաչյա Հովհաննիսյանը:

«Կարկուտ և հրդեհ» ռիսկերից ապահովագրվելու դեպքում պետությունը գյուղացուն աջակցում է 50%-ի չափով, «գարնանային ցրտահարումից»՝ 60%-ով, իսկ երկու ռիսկից ապահովագրելու դեպքում գյուղացիական տնտեսություններին տրամադրվում է հավելյալ 10% զեղչ:  

Գյուղապահովագրության այս փորձնական ծրագրով ոչ թե ապահովագրվում է մեկ հեկտարի ընդհանուր բերքը, այլ՝ հողագործի կատարած ծախսերը:

«Ավելի լավ է հիմա մոտ 40.000 դրամ լինի մենք ապահովագրություն կատարենք: Գյուղացին փող չունի, դա է խնդիրը»,- նշեց նա:

Փոխհատուցում չեն ստանա

Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալության տնօրենի տեղակալ Նարեկ Հովակիմյանը տեղեկացրել է, որ արդեն իսկ վաճառվել է առավել քան 200 պայմանագիր, իսկ ծրագրի հանդեպ առավել մեծ հետաքրքրություն են ցուցաբերում հատկապես Արմավիրի և Արարատի մարզերի բնակիչները:    

Նկատենք, որ ծրագրում ընդգրկված մարզերի այն գյուղացիները, որոնք չեն օգտվի գյուղապահովագրությունից, ստիպված կլինեն ինքնուրույն կրել բնական աղետների հետևանքով ստացված վնասի ֆինանսական պատասխանատվությունը:

Գյուղատնտեսության ապահովագրության փորձնական ծրագիրը հաջողելու դեպքում, ցանկում ընդգրկված մշակաբույսերի թիվն ու մարզերը կավելանան:

Իսկ կհաջողի ծրագիրը, թե՝ ոչ, ժամանակի հարց է:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2706 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ