ԱԺ պետական իրավական մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի նախագծին, որով պատգամավորն առաջարկում էր սահմանադրական կարգի տապալման պատասխանատվության համար վաղեմության ժամկետ չկիրառել:
«Ես գիտեի, թե Բրազիլիան հայտնի է միայն իր ֆուտբոլով և պորտապարերով, դու մի ասա, կարգին քրեական օրենսգիրք ունեն: Էն որ ասում էիք, որ երկրի օրենսդրությամբ կա, խնդրեմ, Բրազիլիայի քրեական օրենսդրությունը սահմանում է, որ վաղեմության ժամկետներ չեն կիրառվում քաղաքացիների և զինված անձանց կողմից այնպիսի գործությունների դեպքում, որոնք ուղղված են սահմանդրական կարգի և ժողովրդավարության դեմ: Սա էլ ապացույց, փաստորեն, պարզվում է՝ այդպիսի երկիր էլ կա, որտեղ մեր ասածը կա»,- ասել է Գևորգ Պետրոսյանը:
«ՉԻ». Փաստորեն, բհկ-ական պատգամավորը աշխարհի բոլոր 200 պետությունների օրենսդրությունը ուսումնասիրել է և միայն մեկ երկրում է գտել իր ուզածը՝ Բրազիլիայում:
Ու դա ինքը բավարար է համարել, որպեսզի Բրազիլիայի օրինակով այստեղ էլ օրինագիծ ներկայացնի: Բայց ծպտուն չի հանել, թե սահմանադրական կարգի տապալման պատասխանատվության համար վաղեմության ժամկետի վերաբերյալ ինչպիսին է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, Գերմանիայի օրենսդրությունը: Երևի այն պատճառով, որ՝ օրինակ, Ճապոնիայում ոչ ֆուտբոլ կա, ոչ՝ պորտապար:
Բայց Գևորգ Պետրոսյանը թող չվհատվի. խորհուրդ կտանք ուշադիր ուսումնասիրել Մոզամբիկի, Պապուա-Գվինեայի և Կաբո-Վերդեի օրենսդրությունը. ոնց էլ լինի, իրեն հոգեհարազատ մի բան կգտնի այնտեղ:
Հ.Գ. Գևորգ Պետրոսյանին մի քիչ հուշենք. այն, ինչը ինքը համարում է պորտապար, իրականում սամբա պարն է, որը պորտապարի հետ որևէ կապ չունի: Բրազիլիայում պորտապարը տարածված չէ: