...

Փոխեք կամ վերացրեք այդ ինստիտուտը

Փոխեք կամ վերացրեք այդ ինստիտուտը

Երեկ հրապարակվեց նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի շուրջ 24 րոպե տևողությամբ հանդիպման տեսանյութը: Բայց գաղտնիք մնաց, թե ինչու էին որոշել հրապարակայնացնել այդ հանդիպումը:

Եթե որևէ օտարերկրյա դիտորդ նայեր այդ տեսանյութը և դեմքերով չճանաչեր Սարգսյանին ու Փաշինյանին, մտքով չէր անցնի, որ երկրի երկու ղեկավարների հանդիպման մասին է խոսքը:

Գաղտնիք մնաց, թե ճգնաժամի 6 ամիսների ընթացքում ինչով է զբաղված եղել նախագահի ինստիտուտը: Նախագահ Սարգսյանն ասում էր, որ հետևել են իրադարձություններին, իրենք էլ են մտահոգված կորոնավիրուսով, տնտեսությունով և Տավուշի սրացումներով: Հա, մեկ էլ ասաց, որ կարիք լինի՝ ձայն հանեք, նախագահը ընկերներ ունի: Բայց այդպիսի մտահոգություններ և դատողություններ կարելի է լսել Հայաստանի բակերի ցանկացած տաղավարում: Այնտեղ նույնպես մարդիկ կիսվում են իրենց մտահոգություններով, արձանագրում են, որ վիճակը վատ է՝ գործ չկա, իսկ այն շուն շան որդի Իլհամը սրում է վիճակը սահմանին:

Իրականում, հանուն արդարության պետք է նշել, սիմվոլիկ լիազորություններով նախագահի ինստիտուտը իսկապես շատ քիչ բան կարող է անել:

Բայց այստեղ առաջ է գալիս հաջորդ հարցը: Հայաստանի ինչի՞ն է պետք դեկորատիվ այդ ինստիտուտի գոյությունը, որ տարեկան մի քանի միլիարդ դրամի ծանրություն է առաջացնում պետական բյուջեի վրա:

Գործող իշխանությունը դեռ ընդդիմություն եղած տարիներին շատ էր քննադատում պետական ապարատի արհեստական ուռճացված լինելու հանգամանքը: Անցած երկու տարիների ընթացքում պետական ապարատը օպտիմալացնելու մասով գործուն քայլեր չիրականացվեցին: Շատ տեղերում անգամ ավելացավ չինովնիկների քանակը: Երկուսուկես տարի է, ինչ գործում է Սերժ Սարգսյանի սրտի սահմանադրությունը և իր գործունեությունն է ծավալում նախագահի ինստիտուտը: Դժվար գտնվի մեկը, որը կկարողանա հոդաբախշ բացատրել այդ ինստիտուտի գոյությունը: Այն նման է մի մեքենայի, որը չեն օգտագործում, բայց որի համար աստղաբաշխական գույքահարկ են վճարում:

Առաջիկայում սահմանադրական փոփոխություններ են նախապատրաստվում: Եթե նախագահի լիազորությունների մեջ էական շտկումներ չկատարվեն, ապա ավելի տրամաբանական կլինի նախագահի ինստիտուտի լուծարումը, քան այն այս տեսքով պահպանելը: Նախագահ Սարգսյանը հայրենասեր մարդ է, առանց պաշտոնի էլ իր ընկերներին կհորդորի օգնել Հայաստանին:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1170 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ