...

Փոխնախարարին մի խոսեցրեք, թող «Գետաշեն» երգը կատարի

Փոխնախարարին մի խոսեցրեք, թող «Գետաշեն» երգը կատարի

«Արցախում, Փառուխում ընդհանուր առմամբ իրավիճակը շարունակում է մնալ նույնը, այսինքն՝ ինչ տեղեկատվություն տրամադրվել է, փոփոխության այդ առումով չի ենթարկվել: Մեծ բախումներ, հրաձգություն այս պահին չկա: Յուրաքանչյուր պահի հնարավոր է էսկալացիայի ալիքը մեծանա, որովհետև մեր խաղաղությունը փխրուն է, ու այս պահին աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված՝ չի բացառվում, որ որևէ պետություն փորձի ապակայունացնել ու իր շահերը հետապնդել»,- հայտարարել է ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը։ 

Փաստորեն խաղաղություն ունենք, բայց այն փխրուն է, իսկ փխրուն է, որովհետև պետություններ կլինեն, որոնք կփորձեն ապակայունացնել մեր երկիրը։ Արման Սարգսյանը միամիտ դեմքով դավադրությունների մասին է ակնարկում՝ առանց հասկանալու, որ այս պահին հասարակությանը դավադրությունների տեսության մեջ ներքաշելն անթույլատրելի է։ Փոխանակ խոսի, թե ինչ է արվում, որ կարողանանք կանխել մեծ բախումները կամ պատրաստ լինենք այդ բախումներին, սույն պաշտոնյան մտահոգ դեմքով կմկմում է՝ փորձելով շրջանցել լրագրողների բոլոր հարցադրումները։ Օրինակ՝ լրագրողներն ի թիվս այլ հարցերի հետաքրքվել են, թե ռուս խաղաղապահների գործողությունների հետաքննությունն արդեն իրականացվո՞ւմ է, թե՞ ոչ։ Ի պատասխան՝ փոխնախարարը հորդորել է լրագրողներին «մամուլն ուսումնասիրել» ու իմանալ՝ հետևելով պաշտոնական լրատվությանը. «ԱԳՆ-ի հաղորդագրությունից պարզ է այնքան, որքան տրամադրվել է տեղեկատվություն: Զգայուն թեմաների մասին ենք խոսում, որոնց և՛ պատասխանելը, և՛ չպատասխանելը…դրա մասին պետք է խոսեն պատկան մարմինները: Ես կարող եմ խոսել, թե ինչ իրավիճակ է սահմանին: Իրավիճակը շարունակում է մնալ կայուն լարված»: Այսքանը։ Փաստորեն փոխնախարարի ֆունկցիան հավասարեցված է գերատեսչության մամլո քարտուղարի ֆունկցիային՝ զգուշավոր արձանագրել այն, ինչ կա։ Ավելի լավ չի լինի կրճատել Արման Սարգսյանի հաստիքը։ Դրանից ՊՆ-ում ոչինչ չի փոխվի։ Շատերը նույնիսկ չեն էլ նկատի այդ կրճատումը։ Ի դեպ՝ ուսանողական տարիներից հիշում եմ, որ Արման Սարգսյանը բավականին լավ երգում էր ազգային ազատագրական երգեր՝ հատկապես «Գետաշենն» էր լավ ստացվում։ ՊՆ-ում որևէ այլ հաստիքի հանգիստ կարող է հավակնել։  

Գոհար Վեզիրյան 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1059 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ