«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն խոսքին, որ «Ժողովրդի լեգիտիմ իրավունքն է մեզ քշել և ետ բերել Գագիկ Խաչատրյանին ու Սերժ Սարգսյանին», ասել է.
«Ուրեմն լավ իմացեք, ձեզ քշելու ենք, ընդ որում շատ բարակ ճիպոտներով, ու դրանում հանկարծ չկասկածեք, իսկ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Խաչատրյանը հաստատ չեն վերադառնալու»:
«ՉԻ». Սա «Կովկասի գերուհին» ֆիլմի այն դրվագն է հիշեցնում, երբ Սաախովի վարորդը՝ Ջաբրաիլը, «բամբարգյա, կերգուդու» արտահայտությունը մեկնաբանում է այսպես. «Եթե դուք չհամաձայնվեք, ձեզ կմորթեն»:
Արթուր Ղազինյանը Մհեր Մկրտչյանի մարմնավորած հերոսից շատ հեռու չի գնացել: Եթե Ջաբրաիլը հանուն աղջիկ փախցնելու էր մտքին եկածը ասում, սա էլ՝ իր ատելության դոզայի շրջանակներում է մեկնաբանում Փաշինյանի խոսքը:
Բայց մեզ ավելի շատ մտատանջում է այն, թե ինչու է Արթուր Ղազինյանը նախընտրում բարակ ճիպոտը: Ընդ որում՝ շատ բարակ ճիպոտը: Քշում եք, քշում. միանգամից հաստ, աղ դրած բաբաթին ճիպոտներ ընտրեք: Իրավաբանության հետ էլ առնչվում եք, պիտի իմանաք, որ քրեական օրենսգրքով ճիպոտը մնում է ճիպոտ՝ անկախ նրա հաստությունից: