...

Քաղաքապետի և քաղաքացիական պատերազմի փաթեթային ընտրություն

Քաղաքապետի և քաղաքացիական պատերազմի փաթեթային ընտրություն

Ընդամենը կես տարի առաջ՝ հունիսին, Հայաստանում կայացան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որի արդյունքում Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացավ 605741 ձայն (55.02%)։ Հիշեցնենք, որ գործող իշխանությանը ամենաքիչ ձայնը տվել էին երևանցիները՝ 42.31 % կամ 144.827 քվե։ Տրամագծորեն այլ պատկեր էր սահմանային լրջագույն խնդիրների առաջ կանգնած Սյունիքում, Տավուշում և իհարկե՝ Գեղարքունիքում։ Այստեղ «Քաղաքացիական պայմանագիրը» առաջատար էր, ստացել էր 66.26 % քվե։ Ի դեպ, մարզի Վարդենիս քաղաքում ևս ՔՊ-ն լուրջ տոկոս էր հավաքել։

Վարդենիս քաղաքը գտնվում է Գեղարքունիքի մարզի հարավարևելյան մասում և համարվում է շրջանի ամենահին բնակավայրերից մեկը։ Բոլորովին վերջերս մարզի 36 համայնքների միավորման արդյունքում ստեղծվեց նոր խոշորացված համայնք, որի կենտրոն հռչակվեց Վարդենիս քաղաքը։ Եվ ահա մի քանի օր է Վարդենիսը դարձել է իրադարձությունների հիմնական թատերաբեմ։ Բանն այն է, որ վերջին ՏԻՄ ընտրություններում Վարդենիսում երեք ուժ է հաղթել՝ «Քաղաքացիական պայմանագիրը», որն ավագանու կազմում 13 մանդատ ունի, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10 մանդատով և «Միասնական Վարդենիսը»՝ 4 մանդատով: Հիմա այս վերջին երկու ուժերը միացել են, կոալիցիոն հուշագիր են ստորագրել և ավագանու 14 անդամներով քաղաքապետ են ընտրել։ Ինչպես արդեն հասկացաք, նա ՔՊ-ական չէ։ Հավելենք նաև, որ Ահարոն Խաչատրյանին քաղաքապետ ընտրելու նիստին ՔՊ-ն չի մասնակցել, և հիմա դեռևս գործող քաղաքապետ, ՔՊ-ական Արամ Մելքոնյանը հայտարարել է, թե նիստն ապօրինի է եղել, և իրենք դիմել են վարչական դատարան:

Անկեղծ ասած, տեղական «մարտերը» միայն տեսարաններ են ապահովում լրահոսի ժապավեններում։ Դրանց, թերևս, չարժեր անդրադառնալ, որովհետև այստեղ ավելի շատ կլանային պայքար է, որը դուրս է սկզբունքային, գաղափարական կամ ծրագրային «հակամարտությունների ձևաչափից»։ Բայց Գեղամասարի համայնքապետի հայտարարությունը մեզ ստիպեց խախտել լռությունը։ «ՔՊ-ն քաղաքացիական պատերազմ է սկսել Վարդենիսի բնակիչների դեմ»,- ասել է Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանը` հավելելով․  «Գործընթացներին միջամտում է անմիջապես կառավարությունը, ոստիկանական զորքերը, այս տեսարանը շատ տգեղ է դիտվում»։ 

Մնում է միայն հասկանալ՝ ի՞նչ քաղաքացիական պատերազմի մասին է խոսքը։ ՔՊ-ն բացարձակ ընտրված և լեգիտիմ ուժ է Վարդենիսում, այդ ձայները հենց վարդենիսցիներն են տվել Նիկոլ Փաշինյանին։ Ոչ միայն տվել են, այլև տեր են կանգնել իրենց տվածին։ Փնտրեք համացանցում այն սոցիոլոգիական հարցումները, որոնք նախընտրական շրջանում անցկացվել են Վարդենիսում։ Շուկայամերձ հրապարակներում կանաչեղեն վաճառող կանանցից մինչև մարզային ինտելիգենցիան միանշանակ պնդել են, որ Փաշինյանն այլընտրանք չունի, որ իրենք սատարում են այն բոլոր «գործերին, որոնք Նիկոլ Փաշինյանի բռնածն են»։ Հիմա էս գյուղապետին պետք է ասել, որ իր համաքաղաքացիները կողմնակից են Փաշինյանի «բռնած գործերին»։ Նույնիսկ եթե դա իրենց դեմ քաղաքացիական պատերազմի տեսքով է դրսևորվելու։

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1611 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ