...

Քննչական կոմիտեն սպասեց ու հաշվարկեց

Քննչական կոմիտեն սպասեց ու հաշվարկեց

Քննչական կոմիտեն կարճել է Աբովյանի դիահերձարանում զինվորների մարմինները նկուղում պահելու փաստով քրեական գործի վարույթը։ Այս փաստը հայտնի դարձավ շուրջ մեկ տարի առաջ՝ 2021 թվականի դեկտեմբերի 31-ին։ Համացանցում տարածվեցին լուսանկարներ, որտեղ պատկերված էին պոլիէթիլենային տոպրակներում պահվող զինվորների մարմինները՝ գետնին նետված վիճակում։ Արդյունքում՝ դատաբժշկական գիտագործնական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղի վարիչն ու 2 աշխատակից ազատվեցին աշխատանքից։ Հայտարարվեց նաև քրեական գործ հարուցվելու մասին։ Հիմա էլ հայտարարվում է այն կարճելու մասին։ 

Համացանցում այն ժամանակ տարածված լուսանկարներին սոցիալական մեդիայի հետևորդները, ինչպես նաև հասարակական լայն զանգվածներն այնպես արձագանքեցին, որ թվում էր, թե մինիմում առողջապահության նախարարին գործից կազատեն, իսկ զինվորների դիերի նկատմամբ այդպիսի վերաբերմունք ցուցաբերողները մի քանի տարի ազատությունից կզրկվեն։ Հիմա աղմուկ չկա։ Կադրերի ազդեցությունը թուլացել է, մարդիկ նախատոնական տրամադրության մեջ են, բողոքող ծնողները հոգնել են, իսկ քննչական մարմիններն այս ամենը հաշվարկել են։ Գործը կարճել են՝ առանց աղմուկի ու հանգիստ խղճով։ Հուսանք, որ գալիք տարվա դեկտեմբերին էլ նույն հանգամանքները հաշվի առնելով կկարճվեն գերությունից վերադարձածների դեմ հարուցված քրեական գործերը։ Դրանցից մեկով երեկ Վայոց ձորի սահմանային հատվածից նոյեմբերի կեսերին գերեվարված, ապա դեկտեմբերի սկզբին հայրենադարձված մայոր Նարեկ Երիմյանին վերաքննիչ դատարանի որոշմամբ կալանավորել են։ Նա մեղադրվում է մարտական ծառայության կանոնները խախտելու, ծավալված մարտերի ժամանակ դիրքերը թողնելու և փախուստի դիմելու համար։ Դեկտեմբերի 4-ին ադրբեջանական գերությունից վերադարձած 10 գերիներից 4-ը ևս կալանավորված են նույն բանի համար։ Հանցանք գործել են այս տղաները, թե ոչ, կպարզի քննությունը։ Իսկ մինչ այդ առաջարկում ենք վերականգնել Աբովյանի դիահերձարանի վարիչին ու 2 աշխատակիցներին։ Որ արդարությունը հաղթի։

Գոհար Վեզիրյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1684 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ