...

Քոչարյանի «արջամկան օրը»

Քոչարյանի «արջամկան օրը»

Մարտի 1-ի գործով դատավարությունը գնալով ավելի է հիշեցնում «Արջամկան օրը» ֆիլմը: Ամեն ինչ կրկնվեց նույնությամբ: Դատական նիստը հերթական անգամ սկսվեց նրանով, որ Ռ. Քոչարյանի փաստաբանները նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն ներկայացրին:

Ինչպես միշտ, Քոչարյանը միացավ այդ միջնորդությանը: Հերթական անգամ նա հայտարարեց, որ փախչող տղա չէ: Դատավորն էլ հերթական անգամ հետաձգեց նիստը՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար:
Մի կողմից չես կարող մեղադրել Քոչարյանի փաստաբանական խմբի ընտրած մարտավարությանը. մարդիկ փորձում են ամեն կերպ իրենց պաշտպանյալին դուրս բերել կալանավայրից և հնարավորինս ձգձգել բուն դատավարության սկիզբը:

Բայց որ Ռոբերտ Քոչարյանն է համաձայն դրա հետ և ամեն կերպ փորձում է ժամանակ շահել, այստեղ արդեն այլ իրավիճակի հետ գործ ունենք: Որպես կանոն, կասկածյալը կամ ամբաստանյալը, որը համոզված է իր անմեղության մեջ, վստահ է, որ իրեն վերագրվող մեղադրանքները շինծու են, ունի պատվի և արժանապատվության, հեղինակության, հարգանքի մասին որոշակի համոզմունքներ, ամեն ինչ անում է, որպեսզի դատավարությունը արագ սկսվի և նույնքան արագ էլ վերջանա, որպեսզի հասնի իր համար ընդունելի որոշման, արդարացվի և վերականգնի իր բարի համբավը:

Առավել ևս, եթե նման ամբաստանյալը մի դյուժին փաստաբան է վարձել իր շահերը պաշտպանելու համար: Քոչարյանի մոտ ճիշտ հակառակն է: Ամեն ինչի պատրաստ է, միայն թե դատավարությունը չսկսվի: Արցախում ինչ-որ ստորագրահավաք է սկսվել, իր ֆանատների ինչ-որ խումբ Հայաստանի տարբեր մարզերում փորձում է գոնե մի քանի հատ ստորագրություն վերցնել՝ ի պաշտպանություն Քոչարյանի, թեպետ՝ ապարդյուն, էլ Պուտինի ոտքերն են ընկնում, էլ նամակ ռուսաց թագավորին: Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների շահերը ներկայացնող փաստաբանները թող առաջիկա նիստում հարցնեն Քոչարյանին և նրա փաստաբանական խմբին. այդ ինչի՞ց է, որ մարտի 1-ի ոճրագործության զոհերի հարազատները ցանկանում են, որ դատավարությունը սկսվի, իսկ դուք՝ ոչ:

Խոսքը չի վերաբերում ազատ արձակելու միջնորդություններին, այլ՝ դատական նիստերը հետաձգելուն: Եվ ուշադրություն դարձրեք. Ռոբերտ Քոչարյանը ոչ մի անգամ չի անդրադարձել դատավարությունը չսկսվելուն կամ ձգձգվելուն: 

Քոչարյանի նման վարքագծի հիմնական շարժառիթը «մերոնց» սպասելու մեջ է: Այսինքն, որ այսպես ձգձգվի, մինչև տեսնեն՝ ինչ է լինում: Միգուցե ներքաղաքական իրավիճակը փոխվի, միգուցե մի խումբ «ռոմանտիկներ» մի բան անեն, կամ էլ՝ Վիտալի Բալասանյանը, թուր ու թվանքը վերցրած, Երևանը գրավի: Դե, Ռուսաստանից ինչ-որ աջակցության ակնկալիքների մասին չենք խոսում: 

Այլ պատճառ չկա: Մարդը այդքան խոսում է իր հերոսական անցյալից, չփախչող տղայի սինդրոմով է տառապում, բայց վախենում է դատավարության նիստից: Որ սկսվի, բացահայտումների նոր ալիք կարող է սկսվել, որ «արջամկան ծակին օխտը թուման կտան»:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1042 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ