...

Քոչարյանն էլ էր նույն բանն անում

Քոչարյանն էլ էր նույն բանն անում

Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի ելույթից ցանկանում ենք առանձնացնել հետևյալ հատվածը. «Օնիկ Գասպարյանը, որին ես նշանակել եմ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, որին ես շնորհել եմ գեներալ-լեյտենանտի կոչում, որին ես շնորհել եմ իմ միջնորդությամբ գեներալ-գնդապետի կոչում, որին ես պատերազմի ընթացքում վերաբերվել եմ 100 տոկոս վստահությամբ, հիմա հետահայաց հասկանում եմ, որ շատ դրվագներում այդքան էլ ճիշտ չեմ վերաբերվել, ճիշտ չեմ վարվել, որ 100 տոկոսով վստահությամբ եմ վերաբերվել: Օնիկ Գասպարյանը ինքը թող ուղղակի դիմում գրի և հրաժարական տա, գնա»:

Այս դրվագը խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չի հասկացել պետության ղեկավարի բուն նշանակությունն ու էությունը: Ինքը իրեն համարում է գերագույն և գլխավոր, միակ թագավոր, մնացածը իր հպատակներն են, որոնց նա գնահատում է իրեն հավատարմության աստիճանով: Այսինքն՝ ինքը Օնիկ Գասպարյանին գեներալ-գնդապետի կոչում է շնորհել ոչ թե նրա մասնագիտական և զինվորական գործունեության համար, այլ՝ կոպիտ ասած, «ադալժենի» է արել, ուղղակի կոչում է տվել, որ Օնիկ Գասպարյանն իրեն խելոք պահի և իշխանությունների հանդեպ իրեն պարտավորված զգա, հավատարիմ ծառայի, քանի որ գեներալ-գնդապետի կոչում է ստացել նրանց ձեռքից: Ու քանի որ Օնիկ Գասպարյանն իրեն խելոք չի պահել, ուրեմն՝ նրան չէր հասնում գեներալ-գնդապետի կոչում: 

Թվում է՝ մանրուք է, բայց սա մարդու էության մասին է խոսում: Ու այս հոգեբանությունը նաև բնորոշ էր բռնապետի հակումներ ունեցող Ռոբերտ Քոչարյանին, որը իր պաշտոնավարման տարիներին դափոնով գեներալի կոչումներ էր շնորհում ում պատահի՝ դրա դիմաց ակնկալելով վերջիններիս անվերապահ հավատարմությունը: Այդ առումով հատկանշական են 2000 թվականի մարտին Հայաստանում ծավալված ներքաղաքական զարգացումները: Երբ վարչապետ Արամ Սարգսյանը և իշխող ՀՀԿ-ն՝ ունենալով Մանվել Գրիգորյանի և Սեյրան Սարոյանի աջակցությունը, պահանջեցին, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից, Քոչարյանն էլ մի շարք պաշտոնանկություններ անի կառավարությունում: Ըստ էության, Քոչարյանին վերջնագիր էին ներկայացրել, իրավիճակը ծայրահեղ լարված էր՝ անկախատեսելի հետևանքներով, որը լուծելու համար Քոչարյանն ընդամենը մի քայլ արեց. Մանվել Գրիգորյանին գեներալի կոչում տվեց և նշանակեց պաշտպանության փոխնախարար: Ու Մանվել Գրիգորյանը խաղից դուրս եկավ, Արամ Սարգսյանը զրկվեց հիմնական հենասյունից, հետո էլ՝ վարչապետի պաշտոնից: 

Հիմա նույն մոտեցումը Նիկոլ Փաշինյանն է որդեգրել: Օսիպյանին գեներալի կոչում տվեց, Վանեցյանին գեներալի կոչում տվեց, Օնիկ Գասպարյանին գեներալի կոչում տվեց. խելոք մնալու և հավատարիմ մնալու ակնկալիքով: Բայց այդ մարդիկ հո պեշկա՞ չեն, որ մանրից առաջ բրդես, հետո՝ անհրաժեշտության դեպքում, զոհաբերես: Նաև այս պատճառով իր դեմ հանեց ԶՈւ-ի ղեկավարությանը: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ